«Ընդդիմադիր դաշտը կարող է գնալ ընտրությունների երեք, առավելագույնը՝ չորս բլոկներով». Քոչարյան
Երեկ՝ հունվարի 29-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով 2026 թվականի հունիսին տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին, նշեց, որ ընդդիմադիր ուժերի միավորման հնարավորություն կա։
Քոչարյանի խոսքով՝ նախորդ ընտրություններին մասնակցած 25 ուժերի փոխարեն, այս ընտրություններին կարող է մասնակցել 7-8 ուժ։
«Ունեմ ինֆորմացիա, որ իրար հետ բանակցում են։ Որոշ տեղ հաջող, որոշ տեղ՝ ոչ, բայց իմ տպավորությունն այնպիսին է, որ պատկերը շատ ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար այս ընտրությունների ժամանակ»,- ասաց Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանը նաև նշեց, որ նպատակ ունեն պահպանել «Հայաստան» դաշինքը։ Իսկ թե ով կգլխավորի դաշինքի նախընտրական ցուցակը՝ պետք է որոշվի սոցիոլոգիական հարցումների արդյունքում։
«Այսօր այն սոցիոլոգիական ուսումնասիրությունները, որոնք այլ լրատվամիջոցներում կան, ցույց են տալիս, որ դեռ ես եմ ավելի մեծ հավանական թեկնածուն, որը կգլխավորի ցուցակը»,- նշեց երկրորդ նախագահը։
Քոչարյանը հավելեց, որ դաշինքի նախընտրական ցուցակում նոր անուններ են լինելու։
Հիշեցնենք, որ 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի կազմում մասնակցած Հայ Հեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) ևս հայտարարել է գործող դաշինքը պահպանելու մտադրության մասին։
Հունվարի 13-ին հրավիրած մամուլի ասուլիսում ՀՅԴ կուսակցության անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ կուսակցության գերագույն ժողովում որոշում է կայացվել մասնակցել 2026-ի խորհրդարանական ընտրություններին։
Լուսանկարը՝ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել