HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Պետական մարմինները չեն գտնում վերահսկողին. ո՞վ է պատասխանատու կեղծ ախտահանիչների վաճառքի համար

Պետական մարմինները չգիտեն, թե ով պետք է վերահսկի կեղծ ախտահանիչ միջոցի վաճառքը։ Մեր գրությունները գերատեսչությունները վերահասցեավորում են միմյանց և այդպես էլ չեն պատասխանում, թե ով պետք է զբաղվեր վաճառքի վերահսկմամբ։

Հունվարի 16-ին «Հետքը» գրել էր, որ Հայաստանի շուկայում «Օպտիմաքս» ապրանքանիշի կեղծ ախտահանիչ նյութեր են վաճառվում։ Optimax-ը խտանյութ է, որը նոսրացվում է ջրով եւ օգտագործվում բուժհաստատություններում, գեղեցկության սրահներում՝ մակերեսների, գործիքների ախտահանման համար։

Հոդվածի հրապարակումից առաջ՝ հունվարի 8-ին, պարզաբանման խնդրանքով հարցումներ էինք ուղարկել Պետական եկամուտների կոմիտե և Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին։

Պետական եկամուտների կոմիտեն հունվարի 14-ին պատասխանել էր, թե ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ, արդյունքների մասին լրացուցիչ կտեղեկացնի։

ՊԵԿ աշխատակիցները հունվարի 20-ին կեղծ ախտահանիչների վաճառքի մասին ահազանգած «Խաչպար» ՍՊԸ-ի ղեկավար, «Օպտիմաքս»-ի պաշտոնական ներմուծող Սմբատ Բալասանյանին հրավիրել էին հանդիպման և բանավոր ասել, թե, չնայած ապրանքի առգրավումն իրենց լիազորություններից դուրս է, բայց այցելել են վաճառքի կետեր, առգրավել որոշ քանակի ապրանք և դադարեցրել դրա վաճառքը։ Սմբատ Բալասանյանը ՊԵԿ աշխատակիցներին խնդրել էր իրականացրած վարչարարության վերաբերյալ պաշտոնական գրություն ուղարկել։

Սակայն, մինչ օրս ոչ Սմբատ Բալասանյանը, ոչ էլ «Հետքը» ՊԵԿ-ի գործողությունների մասին պաշտոնական գրություն չեն ստացել։

ՊԵԿ աշխատակիցները Սմբատ Բալասանյանին հայտնել էին նաև, որ հիմնականում իրականացնում են հարկային և ակցիզային վերահսկողություն, ստուգում են ներմուծման փաստաթղթերը, մաքսային վճարների և հարկերի վճարումը։ Նրանց խոսքով՝ ապրանքը մաքսազերծվել է, վճարվել են համապատասխան մաքսային վճարները, այդքանով ՊԵԿ գործառույթը համարվել է ավարտված։

ՍԱՏՄ հարցման պատասխանը ստացել ենք հունվարի 15-ին։ Տեսչական մարմնից նշել են, որ կեղծ ապրանքի վաճառքի վերաբերյալ հարցերը դուրս են տեսչական մարմնի լիազորությունների շրջանակից եւ «Հետքի» դիմումը վերահասցեագրել Մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովին։

Հանձնաժողովն իր հերթին գրությունը հունվարի 22-ին վերահասցեագրել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։ 

Այստեղից հունվարի 23-ին «Հետքին» հայտնել են, որ դիմումում բարձրացված խնդրի կարգավորումը դուրս է տեսչական մարմնի լիազորությունների շրջանակներից։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Հետքի» դիմումը վերահասցեագրել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին։ Շուկայի վերահսկողության տեսչական մարմնից դեռևս պատասխան չենք ստացել։

Փաստացի, պետական մարմինները չգիտեն, թե ով պետք է վերահսկի կեղծ ախտահանիչների վաճառքը։ Սմբատ Բալասանյանի ահազանգից 2 ամիս անց պետական մարմինները չեն գտել ոլորտը վերահսկողին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter