«Մեր կողմից չի հնչում այնպիսի միտք, որ մեղադրյալները միանշանակ կատարել են այդպիսի հանցանք». «Սրբազան պայքար»-ի գործով հանրային մեղադրող
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում հունվարի 22-ին շարունակվեց «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ Հանրային մեղադրողները շարունակեցին ներկայացնել դատարանում հետազոտվելիք ապացույցների ցանկը:
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը նշեց՝ ապացույցների շարքում տեղ է գտել «Տիկտոկ» սոցիալական ցանցից ներբեռնված և զննված տեսանյութի արձանագրությունը։ Այդ տեսանյութի զննությամբ հիմնավորվել է, որ մեղադրյալ Արմեն Ալեքսանյանն այցելել է մեղադրյալ Վազգեն Գալստանյանի բնակության վայր, ստացել է դրական գնահատական նշված տեսանյութը նկարելու համար, ինչն, ըստ մեղադրողների, վկայում է Արմեն Ալեքսանյանի կողմից հիշյալ գործընթացներում ներգրավվածության և առնչության մասին։
Հիշեցնենք՝ խոսքը գործով մեղադրյալ Արմեն Ալեքսանյանի ձվածեղ պատրաստելու դրվագի մասին է, որը ներառված է նրա մեղադրանքում։
Բջջային օպերատորներից ստացված տվյալների զննություն
Դատախազը ներկայացրեց բջջային օպերատորներից ստացված տվյալների զննությունները, որոնց արձանագրություններով հիմնավորվել է, որ մեղադրյալները և գործով տարբեր վկաներ տարբեր ժամանակահատվածներում եղել են փոխադարձ և համակարգված կապի մեջ, մեղադրյալների հեռախոսահամարները բազմիցս սպասարկվել են մեղադրյալ Վազգեն Գալստանյանի Երևան քաղաքի տան շուրջ տեղակայված ալեհավաքներով։
«Հիմնավորվել է, որ մեղադրյալները և իրենց հետ կապ ունեցող անձինք հանդիպումների ընթացքում դրսևորել են զգուշավորություն՝ անջատելով կամ սենյակից հանելով հեռախոսները, կարծիք հայտնելով գաղտնալսման մասին և փորձելով հայտնաբերել տեխնիկական սարքեր»,- նշեց նա։
Խուզարկությունների ընթացքում հայտնաբերված առարկաներ
Հաջորդիվ հանրային մեղադրողն անդրադարձավ խուզարկությունների արդյունքում հայտնաբերված առարկաներին, փաստաթղթերին և դրանց զննության վերաբերյալ կազմված արձանագրություններին։
Ըստ այդմ՝ կատարված խուզարկություններով՝ Գալստանյանի, Շարբաթյանի, Ղազարյանի, Շահնազարյանի, Ռոստոմյանի, Սարգսյանի, Մանթաշյանի, Գալստյանի, Իսրայելյանի և գործով անցնող մյուս անձանց բնակության վայրերից հայտնաբերվել են բազմաթիվ առարկաներ, փաստաթղթեր, ձեռագիր գրառումներ, դրանք զզնվել են, որոշները ճանաչվել են իրեղեն ապացույցներ։ Հանրային մեղադրողները պնդեցին՝ դրանք կարևոր նշանակությսւն ունեն ենթադրյալ հանցավոր խմբի գործունեության նախապատրաստման փուլերը, կապերը և կազմակերպվածության մակարդակը բացահայտելու և մեղադրանքում շարադրված նպատակներին հասնելու համար։
Վկաների ցուցմունքներ
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը մի շարք վկաների անուններ թվարկելիս նշեց, որ նրանց ցուցմունքներով հիմնավորվում է վկաների և մեղադրյալների միջև կապը։ Վկաներից ոմանք հրաժարվել են ցուցմունք տալ, ոմանք էլ թեև հերքել են իրենց կապը գործում նշված գործողությունների հետ, սակայն, ըստ մեղադրանքի կողմի, գործում առկա են տվյալներ, որոնք հաստատում են գործընթացներին մասնակցությունը և մեղադրյալների հետ կապը, բացի այդ նրանց անունը բազմիցս հիշատակվել է մեղադրյալ Վազգեն Գալստանյանի բնակության վայրում։
Ըստ մեղադրողի՝ վկա Համբարձում Տիրանյանի ցուցմունքով, օրինակ, հիմնավորվում է Վազգեն Գալստանյանի ընդդիմադիր գործունեության և վերջինիս կողմից հավաքներ կազմակերպելու, խմբեր ձևավորելու փաստը, ինչպես նաև՝ վկայի մասնակցությամբ իրականացված հավաքների քննարկումները։ Վկայի բջջային հեռախոսում կատարված թվային խուզարկությամբ էլ ենթադրաբար հիմնավորվել է Մովսես Շարբաթյանի հետ կապը։
Հանրային մեղադրող Վահան Հարությունյանը հետազոտման ենթակա ապացույցները ներկայացնելուց հետո նշեց. «Ահաբեկչական գործողությունների, իշխանության յուրացման նախապատրաստման մասով հարգելով յուրաքանչյուրի անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ մեր կողմից չի հնչում այնպիսի միտք, որը կնշի, որ գործով անցնող անձինք՝ մեղադրյալները, միանշանակ կատարել են այդպիսի հանցանք։ Իմ կողմից նշվածն ուղղակի վերաբերում էր այն հանգամանքներին, որ ըստ մեղադրանքի կողմի, հիշյալ ապացույցներով հիմնավորվում է մեղադրյալներին մեղսագրված արարքների փաստական և իրավական կողմը»։
Բագրատ Սրբազանն էլ իր ելույթում նշեց, որ ինքը եղել է պայքարի մեջ և մնալու է պայքարի մեջ։ «Այս գործը ծայրից ծայր փնթի գործ է։ Տունս նկարել են երկու-երեք կողմից, ես տեսել եմ, ձեռքով էլ եմ արել… Ես պնդում եմ՝ չկա փորձաքննություն, չկա ձեռագրաբանություն, ուրեմն չկա գործ, էս բոլորը դատարկ բաներ են»,- ասաց նա։
Պաշտպան Հովհաննես Խուդոյանն էլ, անդրադառնալով հանրային մեղադրողի անմեղության կանխավարկածից խոսելուն, նշեց, որ դա ամենաանսպասելի բանն էր, որ կարող էր լսել հանրային մեղադրողից, քանի որ եթե կա մի պաշտոնյա, այն էլ՝ հանրային մեղադրողի կարգավիճակում, ոչ թե նա կարող է չխոսել անմեղության կանխավարկածից, այլ պետք է վստահ լինի, որ այն մարդկանց, ում ինքը բերել է դատարան, մեղավոր են այդ արարքներում։
«Հակառակ դեպքում, երբ դատախազը կասկած է հայտնում՝ արդյո՞ք այս անձինք մեղավոր են, կամ մեղավոր չեն, ուրեմն այստեղ մեծ խնդիր ունենք, որ նույնիսկ հանրային մեղադրողներն այս պարագայում չեն պնդում հանցանքի առկայության փաստը»,- նշեց նա։
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունվարի 29-ին՝ ժամը 15:30-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել