Թվայնացում`թղթի վրա. ինչու չի գործում կատարողական վարույթի փոփոխված համակարգը
Արդարադատության համակարգի թվայնացումն իսկական գլխացավանք է դարձել Արդարադատության նախարարության համար։ Սնանկության համակարգը չի գործում, Վարչական էլեկտրոնային դատարանը լրացուցիչ գումարների հատկացմամբ միայն կարողացան գործարկել, այժմ էլ նույն ճակատագրին են արժանանում կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի փոփոխությունները։
2025 թ. մայիսի 30-ին Արդարադատության նախարարությունը հայտարարել է մրցույթ` կատարողական վարույթի էլեկտրոնային համակարգում «Կատարողական վարույթի մասին» օրենքից բխող ֆունկցիոնալ փոփոխությունների կատարման և համակարգի սպասարկման ծառայություններ ձեռք բերելու համար։
Մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել երկու ընկերություն՝ «Վեբ ստուդիո ուան» ՍՊԸ-ն և «Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ն։ Վերջինս իրականացրել է նաև կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման աշխատանքները։
Աշխատանքի կատարման նախահաշվային գինը 40 մլն դրամ է։ «Զեթ թեքնոլոջի»-ի գնային առաջարկը եղել է նախահաշվային գնի չափով՝ 40 մլն դրամ, իսկ «Վեբ ստուդիո ուան»-ի առաջարկը 500.000 դրամով պակաս` 39 մլն 500 հազ. դրամ։
Անցկացվել է երկփուլ մրցույթ, այսինքն՝ հաղթող է ճանաչվել ոչ թե ամենացածր գին առաջարկած մասնակիցը, այլ երեք տարբեր բաղադրիչների՝ մասնագիտական փորձի, աշխատանքային ռեսուրսների և ֆինանսական միջոցների հանրագումարով ամենաբարձր միավոր ստացածը։
«Վեբ ստուդիո ուան» ՍՊԸ-ն ստեղծվել է 2010թ.: Ընկերության սեփականատերն ու տնօրենը Գևորգ Գադուկյանն է: «Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ն ևս նոր ընկերություն չէ՝ ստեղծվել է 2013թ.-ին: Այս ընկերության սեփականատերը Արմինե Նասիբյանն է, իսկ տնօրենը դուստրն է՝ Դիանա Գիշյանը:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը և «Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ համագործակցում են: 2017թ.-ից ընկերության հետ կնքվում են ծրագրային ապահովման սպասարկման, ցանցային համակարգչային ծրագրային փաթեթների մշակման, արդեն մշակված, ներդրված, իր կողմից սպասարկվող էլեկտրոնային համակարգի կատարելագործման աշխատանքների կատարման ծառայությունների պայմանագրեր:
«Զեթ թեքնոլոջի» ՍՊԸ-ի և Արդարադատության նախարարության միջև 2025թ. հուլիսի 9-ին պետության կարիքների համար ծրագրային ապահովման սպասարկման ծառայությունների մատուցման պետական գնման պայմանագիր կնքվեց: Աշխատանքները պետք է կատարվեին ֆինանսական միջոցների հատկացման օրվանից՝ 2025թ․ հուլիսի 11-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 30-ը։
Պայմանագրի տեխնիկական բնութագրում նշված է, որ համակարգի հիմնական նպատակը կատարողական վարույթների և գործողությունների կատարման համապարփակ թվայնացումն ու էլեկտրոնային կառավարումն է:
2023 թվականին մշակվել և ներդրվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգը, որի հիման վրա կատարողական վարույթը թվայնացվել է: Այդ համակարգը բաղկացած է երկու համակցված, համատեղելի՝ փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային և կատարողական վարույթի ենթահամակարգերից:
2024թ. ապրիլի 11-ին ընդունվել են «Կատարողական վարույթի մասին» օրենքը և հարակից օրենսդրական ակտերը։ Նախատեսված էր, որ օրենքը ուժի մեջ կմտնի 2025-ի հուլիսի 1-ից, հետագայում այդ ժամկետը փոխվել է և սահմանվել 2026-ի հունվարի 1-ը։
2025 թվականի տարեվերջին էլ Կառավարությունը օրենքի նախագծի փոփոխությունները համարեց անհետաձգելի և ուղարկեց ԱԺ։ Նախագծով առաջարկվում էր երկարաձգել էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման ժամկետը մինչև 2026 թվականի սեպտեմբերի 1-ը:
Ազգային Ժողովը դեկտեմբերի 16-ին առաջին ընթերցմամբ, իսկ դեկտեմբերի 17-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշումը։
ԱԺ ուղարկված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ հնարավոր չէ ապահովել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կատարողական վարույթի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի և դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումն ու գործարկումը։
«Այս համատեքստում պետք է նշել, որ Ծառայության էլեկտրոնային համակարգի լիարժեք աշխատանքի համար այն պետք է ինքնաշխատ և սահուն համակցված լինի առնչվող համակարգերի հետ՝ ինչպիսիք են քաղաքացիական և վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերը (վարչական դատավարության էլեկտրոնային մոդուլը ներդրվել է միայն 2025 թվականի օգոստոսի 25-ին): Այս դեպքում, որպեսզի իրագործվի Համակարգի պատշաճ աշխատանքի ապահովումը՝ անհրաժեշտ է վստահ լինել, որ առկա է տվյալների պատշաճ փոխանակում և այլ համակարգերի բազաների հետ փոխգործելի աշխատանք»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:
Ընդունված օրենքի պահանջներից բխում է, որ ներդրված էլեկտրոնային համակարգում պետք է իրականացվեն լայնածավալ փոփոխություններ: Տեխնիկական պահանջների մեջ նշված է, որ համակարգը պետք է միաժամանակ ապահովի ինչպես նախկին օրենսդրությամբ, այնպես էլ նոր օրենքով կարգավորվող վարույթների էլեկտրոնային գործիքակազմերի անխափան աշխատանքը և այլն: ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է սահուն կերպով փոխգործի վարչակական և քաղաքացիական դատարանների էլեկտրոնային համակարգերի հետ։ Վարչակական դատարանի էլեկտրոնային համակարգը ներդրվել է 2025 թվականի օգոստոսի 25-ին, իսկ քաղաքացիական դատավարության էլեկտրոնային համակարգը՝ 2024-ի փետրվարին։
Հիշեցնենք՝ «Հետքը» մոտ մեկ տարի առաջ գրել էր, որ Վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլի ստեղծման համար Արդարադատության նախարարությունը 2023թ. հունիսի 22-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի» հետ։ Պայմանագրի ընդհանուր արժեքը 240 մլն դրամ էր։ Թեև Արդարադատության նախարարությունը որևէ խախտում չէր արձանագրել «Հարմոնիայի» կատարած աշխատանքում, համակարգը չուներ սահուն փոխգործելիություն «CAST» համակարգի հետ։ Որպեսզի Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը, ի վերջո, աշխատի, Արդարադատության նախարարությունը փոփոխություններ էր կատարել տեխնիկական առաջադրանքում, և աշխատանքի ծավալն ավելացրել էր 15%-ով։ Նախարարությունը 10%-ով ավելացրել էր նաեւ «Հարմոնիային» տրամադրվելիք գումարը ՝ 240 մլն-ից դարձնելով 264 մլն։
Նշենք, որ «CAST»-ի միջոցով դատարաններում իրականացվում են գործերի բաշխումը դատավորներին, վերաբաշխումը, կոնկրետ գործով կոլեգիալ կազմերի ձևավորումը, ինչպես նաև գործավարությունը։
Սահուն չի ընթացել նաև Արդարադատության նախարարության և «Հարմոնիա» ընկերության միջև 2021թ. հունիսի 15-ին կնքված պայմանագրային պարտավորությունների կատարումը՝ ստեղծել սնանկության էլեկտրոնային համակարգ։ Պայմանագրի գինը կազմել է 172 մլն 800 հազար դրամ։ Գումարը վճարվել է, սակայն համակարգը մինչ օրս չի գործում: Պատճառը դարձյալ CAST համակարգի հետ սահուն փոխգործելիության ապահովման անհնարինությունն է։ Մեր հրապարակումից հետո Հակակոռուպցիոն կոմիտեն վարույթ նախաձեռնեց պաշտոնեական անփութության փաստով։ Նախաքննությունը շարունակվում է։
Գրավոր հարցմամբ Արդարադատության նախարարությունից հետաքրքրվել ենք՝ ինչո՞ւ հնարավոր չի եղել ապահովել ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման համակարգի և դատարանների էլեկտրոնային համակարգերի փոխգործելիությունը։
ԱՆ գլխավոր քարտուղար Համլետ Հարությունյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան նշել է, որ օրենքի կիրարկման միջոցառումների շուրջ ծավալած աշխատանքային քննարկումների արդյունքում որոշվել է՝ միայն հարկադիր կատարման դիմում ներկայացնելու գործընթացը առավել օպերատիվ և մատչելի դարձնելու նպատակով կազմակերպել քաղաքացիական և վարչական դատավարության էլեկտրոնային համակարգերի միջոցով։ Այն կանոնակարգող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտն ընդունվել է 2025թ․ նոյեմբերին, իսկ վարչական դատավարության էլեկտրոնային մոդուլը գործարկվել է 2025թ. օգոստոսի 25-ին։
«Արձանագրվել է, որ 2026 թվականի մարտի 1-ից հնարավոր չի լինի ապահովել Ծառայության և դատարանների հետ կապուղիների ու էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրումն ու գործարկումը և անհրաժեշտություն է առաջացել երկարաձգել այդ մասով Օրենքի կարգավորումների կիրարկումը»,- նշված է Հ. Հարությունյանի պատասխանում։
Իսկ թե որքան գումար է անհրաժեշտ ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման համակարգի և դատարանների էլեկտոնային համակարգերի փոխգործելիությունը ապահովելու համար՝ նախարարությունն այս պահին չգիտի։
Ստացվում է, որ Արդարադատության նախարարությունը 40 մլն դրամ է ծախսել ՀԿԱԾ էլեկտրոնային կառավարման համակարգի ստեղծման և սպասարկման համար, 240 մլն դրամ էլ՝ վարչակական դատավարության էլեկտրոնային համակարգ ստեղծելու համար, մշակել է «Կատարողական վարույթի մասին» օրենքը և հարակից օրենսդրական ակտերը, բայց Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային կառավարման միասնական հարթակից օգտվելու համար դեռ 9 ամիս հանրությունը պետք է սպասի։ Բայց արդյոքարդյոք այդ ժամկետում, ի վերջո, կգործարկվի նորացված համակարգը:
Գլխավոր նկարը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել