Optimax բրենդի կեղծ ախտահանիչներ են վաճառվում. ահազանգում է պաշտոնական ներմուծողը
Հայաստանում ախտահանիչ նյութերի շուկայում կեղծ արտադրանքի շրջանառության վերաբերյալ ահազանգել է «Խաչպար ՍՊԸ»-ի հիմնադիր տնօրեն Սմբատ Բալասանյանը։ Նրա խոսքով՝ Optimax անվամբ ախտահանիչ նյութի կասկածելի խմբաքանակ է վաճառվում, որը, ըստ պաշտոնական ներկայացուցչի, ոչ միայն կեղծ է, այլեւ կարող է սպառնալ հանրային առողջությանը։
Optimax ապրանքանիշի ախտահանիչ միջոցները Հայաստանում օգտագործվում են բուժհաստատություններում, ատամնաբուժական կլինիկաներում, գեղեցկության սրահներում՝ գործիքների, մակերեսների և բժշկական սարքավորումների ախտահանման համար։ Optimax-ը խտանյութ է, որը նոսրացվում է ջրով, այն օգտագործման հատուկ եղանակ ունի։
Ախտահանիչ նյութեր Հայաստան ներմուծող «Խաչպար ՍՊԸ»-ի ղեկավար Սմբատ Բալասանյանը «Հետքին» պատմել է, որ սեփական ուսումնասիրությամբ պարզել է, թե որտեղ են վաճառվում կեղծ ախտահանիչ միջոցները, ապա դիմել է վերահսկող պետական կառույցներին, բայց, սպառիչ պատասխան չստանալով, որոշել է բարձրաձայնել:
«Խաչպար ՍՊԸ»-ն զբաղվում է բժշկական պարագաների, ատամնաբուժական նյութերի, ախտահանիչ միջոցների ներմուծմամբ, մեծածախ և մանրածախ վաճառքով։ «Ընկերությունը մի շարք արտասահմանյան արտադրողների, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության խոշորագույն ախտահանիչ միջոց արտադրողներից մեկի՝ ИНТЕРСЭН-плюс ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։
Ինչպես է բացահայտվել կասկածելի վաճառքը
2025-ի նոյեմբերին Սմբատ Բալասանյանին է դիմել իր հաճախորդներից մեկն ու ասել, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնի 22Ա տաղավարում Optimax անվամբ ապրանքը վաճառվում է անհամեմատ ցածր գնով՝ մոտ 1200-1300 դրամ, մինչդեռ պաշտոնական ներմուծողը նույն խտանյութը մեծածախ վաճառում է 4500 դրամով։
Տարիներ շարունակ «Խաչպար» ՍՊԸ-ից ախտահանիչ նյութեր և բժշկական պարագաներ ձեռք բերող հաճախորդը ընկերության տնօրենին խնդրել է պարզաբանել, թե ինչպես է նման բան հնարավոր։
Սմբատ Բալասանյանը «Սուրմալու» առևտրի կենտրոնից ձեռք է բերել ախտահանիչ միջոցը։ Վաճառքի կտրոնում նշված էր, որ ապրանքը վաճառվել է ավելացված արժեքի հարկով։ Բալասանյանի խոսքով՝ ախտահանիչ միջոցները Եվրասիական տնտեսական միության շրջանակում դասակարգվում են 380894 կոդով, որն ազատված է ինչպես ԱԱՀ-ից, այնպես էլ ակցիզային հարկից։ Այս կարգավորումը գործում է նաև Հայաստանում։
«Եթե ապրանքը վաճառվել է ԱԱՀ-ով և ունի ակցիզային դրոշմապիտակ, դա նշանակում է, որ այն կամ ներմուծվել է այլ ապրանքի անվան տակ, կամ սխալ մաքսային դասակարգմամբ»,– ասում է նա։
Բալասանյանի համոզմամբ՝ տվյալ դեպքում հնարավոր է, որ ապրանքը ներմուծվել է որպես կոսմետիկ միջոց կամ այլ ապրանք, ինչը մաքսային օրենսդրության խախտում է։
Փորձնական գնում կատարելով՝ Սմբատ Բալասանյանը Optimax-ի կեղծ նմուշը համեմատել է օրիգինալ արտադրանքի հետ։ Ըստ նրա՝ կեղծ ապրանքի վրա առկա են մի շարք ակնհայտ անհամապատասխանություններ.
- QR կոդը չի բացվում և չի տանում արտադրողի պաշտոնական էջ,
- բացակայում են սերիական համարը և արտադրության ամսաթիվը,
- առկա են տառասխալներ, մեծատառերի, փոքրատառերի սխալ գրելաձևեր,
- բացակայում է որակի սերտիֆիկատը,
- փաթեթավորումը չի համապատասխանում արտադրողի ստանդարտներին, առաջին հայացքից նման է, բայց նույնը չէ։
«Ոչ մի լուրջ արտադրող իրեն թույլ չի տա տառասխալներով արտադրման վայր, բաղադրություն, ազդող նյութեր գրել, բայց սովորական հաճախորդը գուցե դա չնկատի, անունը կարդա՝շշի ձևը նմանեցնի ու գնի»,-ընդգծում է նա։
Արտադրողն արձագանքել է և դիմել ՊԵԿ
«Խաչպար» ՍՊԸ-ի ղեկավարը դիմել է ախտահանիչ նյութն արտադրողին։ ИНТЕРСЭН-плюс-ը, որպես ապրանքանիշի իրավատեր, պաշտոնական գրությամբ դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ նշելով, որ տվյալ ապրանքը կեղծ է, իրենց արտադրածը կամ արտահանածը չէ։
Արտադրողը նշել է նաև, որ Optimax անվանումը պաշտպանված է որպես մտավոր սեփականություն, և որևէ այլ արտադրող իրավունք չունի այն օգտագործել։
Դեկտեմբերի 4-ին Սմբատ Բալասանյանը դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ ներկայացնելով կեղծ և օրիգինալ նմուշները։ Սակայն, նրա խոսքով, նմուշները երկար ժամանակ չեն փոխանցվել օպերատիվ-հետախուզական բաժին, իսկ դեկտեմբերի 10-ին, երբ նորից է դիմել, պարզվել է, որ իր ներկայացրած փաստաթղթերն ու դիմումը մնացել էին ՊԵԿ-ի ընդունարանում։
Օպերատիվ բաժնում, ըստ Բալասանյանի, աշխատակիցները հիմնականում հիմնվել են այն փաստի վրա, որ ներմուծողը վճարել է ԱԱՀ, և որ ներմուծված ապրանքի վրա առկա է եղել ՊԵԿ դրոշմապիտակ, ինչն իրենց համար հիմք է ներմուծումը օրինական համարելու։
Կեղծ ախտահանիչը կարող է վտանգավոր լինել հանրային առողջության համար
Սմբատ Բալասանյանը նշում է, որ իր հիմնական մտահոգությունը վերաբերում է հանրային առողջությանը։
«Սա հեղուկ օճառ չէ։ Սրանով ախտահանում են գործիքներ, որոնք շփվում են մարդու արյան, մաշկի, ներքին օրգանների հետ։ Եթե այդ նյութն իսկական չէ, կեղծ է, բաղադրությունը չի համապատախանում սահմանված կարգին ու իրական չէ, դրանով ախտանահված գործիքները, մակերեսները չեն կարող անվտանգ լինել, իսկ վարակները կարող են փոխանցվել շղթայական ձևով»,-ասում է նա։
Սմբատ Բալասանյանի խոսքով՝ կեղծ նյութը կարող է օգտագործվել ատամնաբույժների, մատնահարդարների, վիրաբույժների կողմից՝ առանց կասկածի, քանի որ նրանք վստահում են Optimax անվանը ու տարիներ շարունակ դա են օգտագործել։
Ի՞նչ է վաճառում Մհեր Կարախանյան ԱՁ֊ն
«Սուրմալու» Առևտրի կենտրոնի Ա22 տաղավարում Մհեր Կարախանյան ԱՁ֊ով աշխատող խանութում վաճառվում են կոսմետիկ պարագաներ։ Պետական եկամուտների կոմիտեի տնտեսական գործունեության տվյալների դասակարգիչի տվյալների համաձայն Մհեր Կարախանյանը զբաղվում է կոսմետիկական միջոցների և արդուզարդի պարագաների մանրածախ առևտրով։
Պետական մարմինները չեն արձագանքում ներմուծողի ահազանգին
ՊԵԿ-ից արագ արձագանք չստանալով՝ Բալասանյանը դիմել է ոստիկանություն, որն, ըստ նրա, արձագանքել է օպերատիվորեն, սակայն հետագայում գործը նորից փոխանցվել է ՊԵԿ-ին։
Դեկտեմբերի 25-ին նա ահազանգել է նաև Ազգային անվտանգության ծառայություն, նշել, որ խնդիրը վերաբերում է հանրային առողջությանը։ ԱԱԾ-ն ընդունել է ահազանգը որպես հաղորդում և ուսումնասիրություն սկսել։ Բայց դեռևս արձագանք չկա։ Դեկետմբերի 30-ին նա կրկին դիմել է ԱԱԾ, որտեղից հայտնել են, որ գործն ուսումնասիրում են։
Բալասանյանը հղում է անում ՀՀ քրեական օրենսգրքի 409-րդ հոդվածին, որը վերաբերում է իրացման նպատակով կեղծ բժշկական արտադրատեսակների ներմուծմանը և վաճառքին։ Նա նշում է, որ սա հիմք կարող էր հանդիսանալ նաև քրեական գործ հարուցելու։
«Միայն այն փաստը, որ ապրանքի վրա չկա արտադրության ամսաթիվ և սերիական համար, արդեն բավարար հիմք է առգրավման համար, բայց պատասխանատու մարմինները չեն արել առգրավում, բավարարվել են ուսումնասիրելով, մինչդեռ ամեն օր այդ կեղծ հեղուկը կարող են գնել ու օգտագործել։ Թող հետագայում պարզեն՝ ումից են գնել, ինչ ճանապարհով է եկել Հայաստան։ Բայց հիմա պետք է կանգնեցնել վաճառքը, որ մարդիկ չվարակվեն»,-պնդում է նա։
Նրա խոսքով՝ եթե գործընթացը շարունակ ձգձգվի, կեղծ ապրանքը կարող է ամբողջությամբ իրացվել, և ապացուցման հնարավորություն չի լինի։
Սմբատ Բալասանյանը հորդորում է ձեռք չբերել այն արտադրանքը, որի վրա բացակայում է սերիական համարը և պահպանման ժամկետը։
«Հետքը» դիմել է Պետական եկամուտների կոմիտե՝ տեղեկանալու, թե ինչ ընթացք է ստացել քաղաքացու բողոքը։
ՊԵԿ-ից պատասխանել են, որ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից գրության մեջ նշված հարցերի պարզաբանման նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքների վերաբերյալ կհայտնվի լրացուցիչ։
Սմբատ Բալասանյանը ՊԵԿ դիմել էր դեկտեմբերի 4-ին։ Փաստորեն, քաղաքացու դիմումից 40 օր անց, նախաձեռնված օպերատիվ-հետախուզական միջոցառումները չեն ավարտվել։
Սմբատ Բալասանյանը դեկտեմբերի 12-ին գրություն է ուղարկել Սննդի անվտանգության տեսչական մարմին (ՍԱՏՄ)։ Հունվարի 14-ին տեսչական մարմինը հայտնել է, որ դիմումում ներկայացված հարցերը դուրս են ՍԱՏՄ իրավասության շրջանակներից, այնուամենայնիվ, գրությունը վերահասցեագրվել է ՀՀ մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով։
Այս պահին հայտնի չէ՝ Optimax անվամբ կասկածելի ախտահանիչ միջոցները շարունակու՞մ են վաճառվել, թե ոչ։ Պետական մարմինների արձագանքը սահմանափակվում է ընթացակարգային ուսումնասիրություններով։ Մինչ իրավասու կառույցները ասում են, թե պարզում են ներմուծման և իրացման շղթան, պատասխանատվությունը մնում է սպառողի վրա՝ ուշադրություն դարձնել ապրանքի մակնշմանը, ծագմանը։ Իսկ հարցը, թե որքան կեղծ ախտահանիչ է արդեն օգտագործվել բուժհաստատություններում և ինչ հետևանքներ կարող է դա ունենալ, մնում է անպատասխան։
Optimax-ի նկարները՝ Արծվիկ Դավթյանի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել