HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Նոր փոփոխություններ Ուկրաինայի կառավարության կազմում և ուժային համակարգում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգվածային վերադասավորումներ է իրականացնում կառավարության և ռազմական ղեկավարության կազմում։ Այսօր հայտնի դարձավ, որ հրաժարական է ներկայացրել Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկը։ Նա նշել է, որ կշարունակի աշխատել ծառայության համակարգում։

«Մնում եմ Ուկարինայի Անվտանգության ծառայության համակարգում իրագործելու համաշխարհային մակարդակի ասիմետրիկ հատուկ գործողություններ, որոնք հետագայում էլ առավելագույն վնաս կհասցնեն թշնամուն։ Վստահ եմ, որ ուժեղ և ժամանակակից հատուկ ծառայությունը մեր պետության անվտանգության գրավականն է։ Դրան են ուղղված այն փոփոխությունները, որոնք Ուկրաինայի նախագահը ներդնում է պաշտպանության ոլորտում, և ես շնորհակալություն եմ հայտնում նրան»,- ասված է Մալյուկի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ուկրաինական հատուկ ծառայության տելեգրամյան ալիքում։

Դրանից ոչ շատ առաջ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել էր, որ հանդիպել է Վասիլի Մալյուկի հետ, շնորհակալություն հայտնել «մարտական աշխատանքի համար» և «առաջարկել կենտրոնանալ միայն դրա վրա ՈւԱԾ համակարգում»։ «Վասիլի Մալյուկին հանձնարարեցի մեր ասիմետրիկ գործողությունների ուղղությունը դարձնել ամենաուժեղն աշխարհում։ Դրա համար ռեսուրսներ և պատշաճ քաղաքական աջակցություն կա»,- հայտարարել էր նախագահ Զելենսկին։

Հայտնի է նաև, որ Մալյուկին կփոխարինի ծառայության հատուկ գործողությունների «A» կենտրոնի պետ Եվգենի Խմարան։ Զելենսկին տելեգրամյան իր ալիքում պատմել է, որ հանդիպել է Խմարայի հետ ու քննարկել «ՈւԱԾ համակարգային զարգացման հնարավորությունները»։

Մալյուկը համարվում էր ուկրաինական ռազմական ղեկավարության ամենաարդյունավետ գործիչներից մեկն ու մեծ կշիռ ուներ զինվորակաների շրջանում։ 

Ավելի վաղ, Ուկրաինայի հետախուզության ղեկավարի պաշտոնից հեռացել էր Կիրիլ Բուդանովը, որը համարվում է «հոգեբանական պատերազմի վարպետ»։ Զելենսկին նրան առաջարկել է զբաղեցնել իր գրասենյակի ղեկավարի պաշտոնը, որը նախկինում զբաղեցնում էր ուկրաինական քաղաքականության մեջ սև կարդինալի համբավ ունեցող Անդրեյ Երմակը։ Բուդանովը համաձայնվել է։ 

Ուկրաինական հետախուզության նոր ղեկավար է նշանակվել Օլեգ Իվաշենկոն, որը նախկինում զբաղեցնում էր Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարի պաշտոնը։

Պաշտպանության նախարարի պաշտոնը կթողնի Դենիս Շմիգալը։ Զելենսկին նրան առաջարկել է կառավարության առաջին փոխվարչապետի և էներգետիկայի նախարարի պաշտոնը։

Նոր կառավարության կազմում պաշտպանության նախարարի պաշտոնը բաժին կհասնի տեխնոկրատ Միխայիլ Ֆյոդորովին, որը զբաղեցնում է թվային փոպակերպման և փոխվարչապետի պաշտոնը։ Հենց նա էր ժամանակին համակարգում Ուկրաինայի անօդաչու համակարգերի զարգացումը։

Այս հրաժարականները տեղի են ունենում Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալների ֆոնին, ինչի հետևանքով հրաժարական տվեց Զելենսկու աջ ձեռքը՝ Անդրեյ Երմակը։

Ուկրաինական կողմից Ռուսաստանի հետ գլխավոր բանակցողի պաշտոնը կշարունակի զբաղեցնել Ռուստեմ Ումերովը։

Լուսանկարը՝ 24tv.ua-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter