Թրամփը չի հավատում, որ Ուկրաինան հարձակվել է Պուտինի նստավայրի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հավատում այն հաղորդագրություններին, որ ուկրաինական անօդաչուները հարձակվել են Վլադիմիր Պուտինի՝ Վալդայում գտնվող նստավայրի վրա։ Այս մասին նա ասել է նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ շփման ժամանակ։
«Ես չեմ հավատում, որ այդ հարվածը տեղի է ունեցել։ (Նստավայրից՝ խմբ.) ոչ շատ հեռու ինչ-որ բան է եղել, բայց դա դրա հետ ոչ մի կապ չունի»,- հայտարարել է նախագահ Թրամփը։
Լրագրողները ԱՄՆ նախագահին հիշեցրել են, որ նա Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից հետո հավատացել էր Պուտինի նստավայրի ուղղությամբ Ուկրաինայի հարվածի մասին պնդմանը:
«Որովհետև այդ պահին ոչ ոք չգիտեր: Ես առաջին անգամ լսեցի այդ մասին։ Նա ասաց, որ իր տունը հարձակման է ենթարկվել։ Մենք այլևս չենք հավատում, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մենք կարողացանք ստուգել դա»,- պատասխանել է Թրամփը։
Դեկտեմբերի 29-ի երեկոյան Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ուկրաինան անօդաչուներով հարձակվել է Նովգորոդի մարզի Վալդայ քաղաքում գտնվող Վլադիմիր Պուտինի նստավայրի վրա: Նա ոչ մի ապացույց չէր ներկայացրել։ ՌԴ պաշտպանության նախարարությունը ավելի ուշ հայտարարել էր, որ ռուսական հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական 91 անօդաչու թռչող սարք, որից 41-ը՝ Նովգորոդի, 49-ը՝ Բրյանսկի, իսկ 1-ը Սմոլենսկի մարզերում:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լավրովի հայտարարությունն անվանել էր «Ռուսաստանի հերթական սուտ»: Նրա խոսքով՝ Ռուսաստանը պատրաստվում է որպես առիթ դա օգտագործել Կիևին հարվածելու համար։ Թրամփը հայտարարել էր, որ Պուտինը դեկտեմբերի 29-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ իրեն պատմել է ենթադրյալ հարձակման մասին: «Հիմա ճիշտ ժամանակը չէ։ Մի բան է լինել ագրեսիվ, քանի որ նրանք ագրեսիվ են: Այլ բան է նրա տան վրա հարձակվելը»,- այդ ժամանակ ասել էր Թրամփը։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը կարծում է, որ Ուկրաինան չի փորձել հարձակվել Ռուսաստանի նախագահի նստավայրի վրա։ ԿՀՎ-ում եկել են այն եզրահանգման, որ ուկրաինական անօդաչունները դեկտեմբերի 29-ի գիշերը փորձել են հարձակվել նույն շրջանում գտնվող ռազմական օբյեկտի վրա, սակայն վերջինս տեղակայված չէ Պուտինի նստավայրի մոտ։ ԿՀՎ տնօրեն Ջոն Ռեթքլիֆը հետախուզության եզրահանգումների մասին տեղեկացրել է նաև ԱՄՆ նախագահին։
Լուսանկարը՝ EPA-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել