Թրամփը սպառնում է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարին, իսկ վերջինս առաջարկում համագործակցել
Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը «շատ բարձր գին կվճարի», եթե հրաժարվի ԱՄՆ-ի հետ համագործակցությունից։ Նման հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Եթե նա ճիշտ չգործի, ստիպված կլինի շատ բարձր գին վճարել, հավանաբար նույնիսկ ավելին, քան Մադուրոն»,- The Atlantic-ին տված հեռախոսային հարցազրույցում ասել է Թրամփը։
Պարբերականը նշում է, որ Թրամփն իր ոչ երկիմաստ սպառնալիքով հստակ հասկացրել է, որ չի հանդուրժի Ռոդրիգեսի` համագործակցությունից «սադրիչ մերժումը»:
Նույն հարցազրույցում նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ին պաշտպանական նպատակներով անհրաժեշտ է վերահսկողություն հաստատել Գրենլանդիայի նկատմամբ:
Զուգահեռաբար, Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ու համագործակցության կոչ արել:
Նրա խոսքով՝ Վենեսուելան «հաստատում է իր հավատարմությունը խաղաղությանն ու խաղաղ գոյակցությանը» և իր առաջնահերթ խնդիրը համարում «հավասարակշռված ու հարգալից միջազգային հարաբերությունների կառուցումը» ԱՄՆ-ի ու տարածաշրջանի երկրների հետ, որը «հիմնված կլինի ինքնիշխան հավասարության և չմիջամտության վրա»։
«Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդն ու տարածաշրջանն արժանի են խաղաղության ու երկխոսության, այլ ոչ թե պատերազմի։ Դա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի դիրքորոշումը, և դա այս պահին ամբողջ Վենեսուելայի դիրքորոշումն է: Սա այն Վենեսուելան է, որին ես հավատում եմ, այն Վենեսուելան, որին ես նվիրել եմ իմ կյանքը: <...> Վենեսուելա խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի իրավունք ունի»,- հայտարարել է Ռոդրիգեսը։
Ավելի վաղ, ամերիկյան լրատվամիջոցները գրել էին, որ ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարումը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն: նա մշտապես քննադատել է Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյին ու նախկին նախագահ Ուգո Չավեսին։
Այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան հատուկ ջոկատայինները առևանգեցին ու Վենեսուելայից դուրս բերեցին Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կկառավարի այդ երկիրը «մինչև իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը»։
Թե ինչպես է դա իրականացվելու, ամերիկյան կողմը չի նշում։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վենեսուելայի տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան զորքեր, ինչպես նաև կարող է լինել հարվածների «երկրորդ ալիք»։ Սակայն Թրամփը հավելել է, որ դրա կարիքը դժվար թե լինի։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ ամերիկյան ընկերությունները միլիարդավոր դոլարներ կներդնեն Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերականգնման մեջ։
The Wall Street Journal-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ներկայումս Թրամփի ազգային անվտանգության թիմը, ներառյալ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, աշխատում են Վենեսուելայի կառավարման կառուցվածքի վրա։
Կոլաժը՝ Fox News-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել