Ստեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և խարդախության համար
Ստեփանավանի բժշկական կենտրոնի տնօրեն Անուշ Իսպիրյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ վստահված գույքը հափշտակելու և խարդախության հոդվածներով։ Այս մասին «Հետք»-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մեղադրանք է առաջադրվել նաև բժշկական կենտրոնի հաշվապահ Նորայր Ղուկասյանին։ Նա մեղադրվում է խարդախություն կատարելու (2 դրվագ) մեջ։
ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանի և հաշվապահ Նորայր Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։
Նշենք, որ Ստեփանավանի բժշկական կենտրոնի հետ կապված մեկ այլ քրեական վարույթ էլ այժմ քննվում է Հակակոռուպցիոն կոմիտեում։ Այդ վարույթով այս պահին մեղադրյալ չկա։
Հիշեցնենք՝ Ստեփանավանի բժշկական կենտրոնի նախկին բժիշկները «Հետք»-ին պատմել էին, որ ներկայիս տնօրեն Անուշ Իսպիրյանը կեղծ բուժառուների է գրանցում և պետությունից գումար ստանում՝ իրականում բուժում չստացած մարդկանց համար։ Բացի այդ, ըստ բժիշկների՝ տնօրենը ստիպում է աշխատակիցներին վարկեր վերցնել իր համար, ապա աշխատակիցներին պարգևավճարներ է տալիս և հորդորում այդ գումարներով մարել վարկերը։
Նախկին աշխատակիցների խոսքով՝ հիվանդանոցում վախի մթնոլորտ է, քանի որ Անուշ Իսպիրյանի հայրը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, և նրա անունն է անընդհատ շահարկում։
Մեզ դիմած բոլոր բժիշկները ցանկացել էին մնալ անանուն, քանի որ վախենում էին, որ կհետապնդվեն Անուշ Իսպիրյանի և նրա հարազատների կողմից։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել