Վենեսուելայի Գերագույն դատարանը Դելսի Ռոդրիգեսին նշանակել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Վենեսուելայի Գերագույն դատարանը որոշել է, որ փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է իրականացի այդ երկրի ղեկավարի պարտականությունները գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։
Դատարանի հայտարարության մեջ ասվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնում է նախագահի պաշտոնը՝ երաշխավորելու կառավարման շարունակականությունը և երկրի համապարփակ պաշտպանությունը»:
Ավելի վաղ՝ շաբաթ օրը, Դելսի Ռոդրիգեսը Վենեսուելայի պետական հեռուստատեսությամբ հանդես է եկել քաղաքացիներին ուղղված ուղերձով՝ ընդգծելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է Վենեսուելայի միակ օրինական նախագահը: Ռոդրիգեսը դատապարտել է Վենեսուելայի դեմ «ԱՄՆ զինված ագրեսիան»՝ հավելելով, որ գործող կառավարությունը պատրաստ է պաշտպանել ժողովրդին:
Տեսանյութը նա տեսագրել է եղբոր՝ Վենեսուելայի Ազգային ժողովի ղեկավար Խորխե Ռոդրիգեսի, ներքին գործերի նախարար Դիոսդադո Կաբելյոյի և պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի մասնակցությամբ:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ի գիշերը ԱՄՆ-ն ռազմական գործողություն էր իրականացրել Վենեսուելայում, որի ընթացքում ամերիկացի հատուկ ջոկատայինները գերեվարել և երկրից դուրս էին բերել նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին: Նրանք Նյու Յորքում կկանգնեն դատարանի առաջ «թմրահաբեկչության» նպատակով դավադրության, կոկաինի ներկրման, ԱՄՆ-ի դեմ օգտագործման նպատակով զենք և պայթուցիկ սարքեր պահելու մեղադրանքներով: Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կղեկավարի Վենեսուելան մինչև երկրում իշխանության օրինական փոխանցումը:
Լուսանկարը՝ REUTERS/Leonardo Fernandez Viloria
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել