ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի կառավարումը կգլխավորի պետքարտուղար Մարկո Ռուբիոն. Bloomberg
Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո Վենեսուելայի ամերիկյան կառավարման առանցքային վարչական դերը կստանձնի պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մշտապես ակտիվորեն քննադատել է Վենեսուելայի առաջնորդին ու նախկին նախագահ Ուգո Չավեսին։ Այդ մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ամերիկացի անանուն պաշտոնյային։
Այն բանից հետո, երբ հունվարի 3-ին ամերիկյան հատուկ ջոկատայինները առևանգեցին ու Վենեսուելայից դուրս բերեցին Նիկոլաս Մադուրոյին ու նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին, Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ԱՄՆ-ն կկառավարի այդ երկիրը «մինչև իշխանության անվտանգ, պատշաճ և ողջամիտ փոխանցումը»։
Թե ինչպես է դա իրականացվելու, ամերիկյան կողմը չի նշում։ ԱՄՆ նախագահը չի բացառել, որ Վենեսուելայի տարածքում կարող են տեղակայվել ամերիկյան զորքեր, ինչպես նաև կարող է լինել հարվածների «երկրորդ ալիք»։ Սակայն Թրամփը հավելել է, որ դրա կարիքը դժվար թե լինի։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը խոստացել է, որ ամերիկյան ընկերությունները միլիարդավոր դոլարներ կներդնեն Վենեսուելայի նավթային ենթակառուցվածքների վերականգնման մեջ։
The Wall Street Journal-ին ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ ներկայումս Թրամփի ազգային անվտանգության թիմը, ներառյալ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ներքին անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Միլլերը և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, աշխատում են Վենեսուելայի կառավարման կառուցվածքի վրա։
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ժամանակավոր ղեկավար է նշանակել փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին։ Վերջինս արդեն իսկ դատապարտել է «ԱՄՆ ռազմական ագրեսիան»՝ երկրի միակ օրինական նախագահ անվանելով Նիկոլաս Մադուրոյին։
Թրամփը The New York Post-ին մեկնաբանել է, որ Վենեսուելայում ամերիկյան ռազմական ներկայության անհրաժեշտություն չի լինի, եթե Ռոդրիգերը «անի այն, ինչ մենք ցանկանում ենք»։ Թրամփը նաև բառացել է վենեսուելական ընդդիմության, հանձին Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Մարիա Կորինա Մաչադոյի մասնակցությունը Վենեսուելայի ապագա կառավարմանը։
Լուսանկարը՝ Aaron Schwartz/CNP/Bloomberg
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել