HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ամերիկյան հարվածներ, պայթյուններ և խուճապ Կարակասում. ինչ է կատարվում Վենեսուելայի մայրաքաղաքում

Հունվարի 3-ի գիշերը Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում գրանցվել են պայթյուններ։ Associated Press-ը և Reuters-ը, հղում անելով ականատեսներին, գրում են քաղաքում ավիացիայի թռիչքների մասին։ Քաղաքի որոշ շրջաններում կորել է էլեկտրականությունը։ 

Reuters-ի տվյալներով՝ առանց էլեկտրականության է մնացել Կարակասի հարավային հատվածը, որտեղ տեղակայված է երկրի խոշոր ռազմաբազաներից մեկը։ Սոցիալական ցանցերում հրապարակվում են պայթյունների կադրեր, երևում են ուղղաթիռներ, ինչպես նաև փողոցներում խուճապահար փախչող մարդիկ։ Տուժածների վերաբերյալ տվյալներ դեռևս չկան։

Պայթյունները սկսվել են տեղի ժամանակով գիշերը մոտ 02:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան 10:00-ին)։ Ականատեսները հայտնում են Ֆուերտե Տիունա ռազմաբազայում պայթյունների ինտենսիվ և շարունակական ձայների մասին։ The New York Times-ի թղթակից Անատոլի Կուրմանաևը փոխանցում է, որ այդ ռազմաբազայում է տեղակայցված Վենեսուելայի բարձրագույն ռազմական ղեկավարությունն ու կառավարությունների անդամները։ Sky News Arabia-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է Վենեսուելայի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինո Լոպեսի տանը հարվածների մասին։ Այս տեղեկությունը դեռևս չի հաստատվել։

CNN-ը, հղում անելով տեղական լրատվամիջոցներին, գրում է, որ պայթյունները հնչել են նաև երկրի հյուսիսում գտնվող մերձափնյա Լա-Գուայրա նահանգում

Սոցիալական ցանցերում հրապարակել են նաև Կուարտել դե լա Մոնտանյայի՝ Վենեսուելայի ռազմապատմական թանգարանի այրվող շենքի կադրերը, որտեղ գտնվում է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի դամբարանը։ 

Վենեսուելայի իշխանությունները հարձակման մեջ մեղադրել են Միացյալ Նահանգներին։ Տեղեկատվության նախարարության կողմից տարածված հաղորդագրության համաձայն՝ հարվածները հասցվել են «Կարակասի քաղաքացիական և ռազմական օբյեկտներին», ինչպես նաև Միրանդա, Արագուա և Լա Գուայրա նահանգներին։

«Հարձակման նպատակը ոչ այլ ինչ է, քան Վենեսուելայի ռազմավարական ռեսուրսների նվաճումը, հատկապես՝ նավթի և ապարների, ինչպես նաև երկրի քաղաքական անկախությունը կոտրելու փորձը»։ Վենեսուելայի կառավարությունը կոչ է արել երկրի հանրային ու քաղաքական բոլոր ուժերին «հակահարված հասցնել ամերիկյան իմպերիալիստական հարձակմանը»։

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկրում «արտաքին ցնցումների պատճառով» հայտարարել է արտակարգ իրավիճակ։ Հարձակումից հետո կառավարության դեռ որևէ անդամ հրապարակային հայտարարությամբ հանդես չի եկել։

CBS News-ը, հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին, հայտնում է, որ Վենեսուելայի տարածքին հարվածներ հասցնելու հրամանը տվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Դա հաստատել են նաև Fox News-ի աղբյուրները։ Սպիտակ տանը հրաժարվել են պաշտոնական մեկնաբանություն տալ։

The New York Times-ը գրում է, որ Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է Վենեսուելայում պայթյունների փաստը, սակայն հրաժարվել է մեկնաբանել դրա պատճառները։ Դեկտեմբերի սկզբին ԱՄՆ-ն առաջին անգամ հարվածել էր Վենեսուելայի տարածքում գտնվող օբյեկտին (դա նավահանգստային ենթակառուցվածք էր), իսկ մինչ այդ հարձակվել այն նավերի վրա, որոնք, ենթադրաբար, թմրանյութ էին տեղափոխում։

CBS News-ի տվյալներով՝ Թրամփը ռազմագործողությունից մի քանի օր առաջ արդեն տվել էր իր համաձայնությունը։ Տվյալներ կային այն մասին, որ զինվորականները դիտարկել են հարձակումը Սուրբ ծնունդից առաջ իրականացնելու տարբերակը, սակայն այդ ժամանակ նախապատվությունը տրվել է Նիգերիայի տարածքին հարվածներ հասցնելու գործողությանը։ Այդ հարձակման թիրախ էին դարձել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները։ Աղբյուրները նաև գրում էին, որ Վենեսուելայի պարագայում զինվորականները սպասում էին նաև հարձակման համար նպաստավոր եղանակային պայմանների առկայությանը։

Պայթյուներից մի քանի ժամ առաջ Կարակասում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել էր ԱՄՆ-ի հետ համագործակցության իր պատրաստակամության մասին։ Հարցազրույցի ժամանակ նա Վենեսուելայի ժողովրդին անվանել էր «ԱՄՆ ժողովրդի բարեկամ» և հայտարարել, որ Վենեսուելան պատրաստ է ամերիկացիների հետ միասին պայքարել թմրավաճառության դեմ ու զբաղվել նավթի արդյունահանմամբ։ 

Թրամփը բազմիցս սպառնացել էր հարվածներ հասցնել Վենեսուելային՝ այդ երկրի իշխանություններին մեղադրելով «թմրաահաբեկչության» մեջ։ 2025 թվականի երկրորդ կեսին ԱՄՆ-ն էապես մեծացրել էր Վենեսուելայի ափերի մոտ իր ներկայությունը և սկսել հրթիռային հարվածներ հասցնել այն նավերին, որոնք ենթադրաբար թմրանյութեր են տեղափոխում։ Դրանց հետևանքով զոհվել էր առնվազն 100 մարդ։ 

Թրամփը նաև պահանջել էր, որ Մադուրոն, որին ինքը չի համարում օրինական նախագահ, հեռանա իր զբաղեցրած պաշտոնից։

Լուսանկարը՝ Fox News-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter