HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրել կյանքը՝ անկախ ամեն ինչից

Մարիա Սանամյանը երեք տարի է ապրում է միայնակ։ Ամուսնու՝ Ստեփան Նազարյանի մահից հետո նրա կյանքը երկար ժամանակ կանգ էր առել։ Մոտ մեկ տարի տնից դուրս չէր գալիս, չէր շփվում մարդկանց հետ։

Վեց տարուց ավելի Մարիան խնամել էր անկողնային հիվանդ ամուսնուն։ Այդ ընթացքում ծանոթացել էր «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության աշխատակիցների հետ․ բժիշկները, բուժքույրերը, սոցիալական աշխատողներն ամեն օր այցելում էին նրանց, ստուգում Ստեփանի առողջական վիճակը, իսկ Մարիային՝ օգնում առօրյա գործերում։


«Մի տարի ես տնից դուրս չէի գալիս։ Արևի երես չէի ուզում տեսնել։ Չգիտեմ՝ ինչու, չէի կարողանում, իր հիվանդությունն ավելի էր կապել մեզ ու հետո շատ դժվար էր ինձ համար առանց նրա»,-հիշում է նա։

Ասում է՝ հարևաններն էին երբեմն փորձում համոզել դուրս գալ, քայլել, մերժում էր: Մի օր «Առաքելություն Հայաստան»-ի աշխատակից Ջուլիան առաջարկում է այցելել ցերեկային կենտրոն։

Սկզբում Մարիան չէր ուզում։ Բայց համաձայնեց մի անգամ գնալ, տեսնել, թե այնտեղ ինչ են անում։ Այդ «մի անգամը» դարձավ նրա նոր առօրյայի սկիզբը։
Արդեն մոտ երկու տարին է՝ Մարիա Սանամյանը գրեթե ամեն օր կենտրոն է այցելում։ Մասնակցում է յոգայի, ձեռագործ աշխատանքների, երգի ու պարի, հոգեբանի խմբակային հանդիպումներին: Շփվում է իր հասակակիցների հետ։ Նոր ընկերուհիներ ունի կենտրոնում։

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի Աջափնյակի ցերեկային կենտրոնն այս պահին 15 մշտական շահառու ունի։ 12 կին, 3 տղամարդ։ Գրեթե բոլոր շահառուները միայնակ ապրող տարեցներ են, կենտրոնը լուծում է նրանց զբաղվածության հարցը։ Ամեն աշխատանքային օր ժամը 9-ից 5-ը նրանք անցկացնում են կենտրոնում, տարբեր խմբակների մասնակցում։

«Երաժշտությունը միացնում ենք, շարժվում ենք, պարում ենք։ Դա տրամադրություն է բարձրացնում։ Ես ծնված օրվանից կյանքը սիրել եմ»,- ասում է Մարիան։
71 տարեկան Մարիան կենտրոնում հայտնի է իր ակտիվությամբ։ Խմբով էքսկուրսիաների գաղափարները հաճախ հենց նրանն են: Սիրահարների այգի, Ոզնիների այգի, Գյումրի, Դիլիջան, Սևան՝ թվարկում է այցելած վայրերը:
«Ասում եմ՝ աղջիկներ, գնա՞նք տեսնենք, ինչ կա։ Հետաքրքիր կլինի, չէ՞։ Մեր Ջուլիան ուրիշ ա (Աջափնյակի կենտոնի ղեկավարը-խմբ.) գիտե՞ք մեզ ինչքան լավ տեղեր է տանում, իսկ քաղաքում էլ ես եմ աղջիկներին հավաքում, գնում ենք տարբեր տեղեր բացահայտելու»,-ժպիտով պատմում է Մարիան:

Ասում է՝ մարդն ինքն էլ պիտի փորձի իր օրը լցնել, հետաքրքիր դարձնել։ «Եթե ուզում ես, որ օրը լավ անցնի, էդ լավը պիտի ինքդ ստեղծես»,-ասում է։
Մարիայի օրը սկսվում է երաժշտությամբ։ Առավոտյան միացնում է երաժշտությունը և մարմնամարզություն անում, հետո սուրճ է խմում ու պատրաստվում դուրս գալու։ Հատուկ ուշադրություն է դարձնում իր տեսքին․ ընտրում է հագուստը, զարդերը, համադրում բոլորի գույները:

Հարևանների հետ էլ է շատ մտերիմ, շենքի լիազորն է։ Նրանց հետ ամեն օր սուրճ է խմում, երբեմն միասին ճաշում են։

Տանը ամուսնու հիշատակին անկյուն է պատրաստել, որտեղ նրա անձնական իրերն են, լուսանկարները։ Շարունակում է կրել ամուսնական մատանին։ «Ասում են՝ հանի նկարները, մահացած մարդու նկարը տանը պահելը լավ նշան չէ, բայց ես ինձ ապահով եմ զգում։ Ինքը իմ համար կա, որ նստած եմ լինում թիկունքով դեպի Ստեփանի անկյունը, զգում եմ իր ներկայությունը ու ինձ ապահով եմ զգում»,-ասում է նա։

Երբ խոսում է երիտասարդների մասին, Մարիայի ձայնը կայտառանում է։ Խորհուրդ է տալիս ապրել, աշխատել, ստեղծել, ընտանիք կազմել ու համբերատար լինել։ «Աստված կյանք է տվել, էդ կյանքը պիտի վայելել։ Մարդը պիտի ապրի։ Շատ արագ է անցնում, մեկ էլ զգում ես՝ վայ, մեծացել ես»,- ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter