Բաքվի դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ հայ գերիների դատավճիռը կայացնելու
Դեկտեմբեր 26-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստի ընթացքում վերջին խոսքով հանդես է եկել Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը։ Իր ելույթում նա հայտարարել է, որ համաձայն չէ իր դեմ առաջադրված մեղադրանքների հետ և ներկայացրել է իր հակափաստարկները։ «Ես ինձ մեղավոր չեմ համարում, որևէ հանցագործություն չեմ կատարել»,- հայտարարել է Դ․ Իշխանյանը։
Նախագահող դատավոր Զ․ Աղաևը նշել է, որ հայ գերիների եզրափակիչ ելույթներն ավարտված են։ Նա դիմել է կողմերին՝ հետաքրքրվելով, թե արդյոք նրանք կներկայացնեն դատավճռի նախագիծ։ Կողմերը հայտնել են, որ դատավճռի նախագիծ չեն ներկայացնի։ Այնուհետև դատավորը հայտարարել է դատական քննության ավարտը։
Դատական կազմը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Խորհրդակցությունից վերադառնալուց հետո կհրապարակվի դատավճիռը։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել