HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Ովքեր կլինեն ՔՊ ցուցակում. ինչ է հայտնի այս պահին

Դեկտեմբերի 1-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը սկսեց կազմել իր նախընտրական ցուցակը՝ գրանցել ցանկացողներին։ ՔՊ-ի ցուցակում ընդգրկվելու ցանկություն ունեցողները մեկ ամիս ժամանակ ունեին դիմումներ ներկայացնելու համար։ Առաջին դիմումն էլ ներկայացրեց Նիկոլ Փաշինյանը։

Ոչ կուսակցականները ցուցակում հայտնվելու համար պետք է ունենային երաշխավորագիր կուսակցության վարչության անդամներից մեկից։

Նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 1-ը իշխող ուժի նախընտրական ցուցակում հայտնվելու համար հայտ ներկայացրեց մոտ 380 հոգի։ Նրանցից 40-ը ՔՊ անդամ չեն։

«Քաղաքացիական պայմանագրի» 20 հոգանոց վարչությունը նիստերի ընթացքում լսում է բոլոր թեկնածուներին և բաց քվեարկությամբ որոշում՝ հաստատե՞լ նրանց ցուցակում, թե ոչ։

ՔՊ-ն դեռևս չի հրապարակել վարչության դրական եզրակացությունը ստացած անձանց ցանկը։ Սակայն, մամուլում արդեն շրջանառվում են լուրեր, թե ովքեր են անցել և ովքեր՝ դուրս մնացել ցուցակից։

ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը և եղբայրը՝ Նաիրի Սարգսյանը չեն ստացել վարչության անդամների մեծամասնության հավանությունը։ Հայկ Սարգսյանը լրագրողների հետ ճեպազրույցում կարծիք էր հայտնել, որ այս որոշումը պայմանավորված է բուքմեյքերական ընկերություններին հարկելու վերաբերյալ իր հեղինակած օրենսդրական նախաձեռնության հետ։

«Ես իմ գործունեությամբ ցավեցրել եմ որոշ մարդկանց»,- ասել էր Սարգսյանը։ 

Պատգամավորը նաև ասել էր, որ վարչությունն իրեն որևէ հիմնավորում չի ներկայացրել։ Սարգսյանը պատրասվում է բողոքարկել այս որոշումը։

2026-ին ՔՊ-ի ցուցակում չեն լինելու նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, պատգամավորներ Հրաչյա Հակոբյանը, Ջուլիետա Ազարյանը, Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը, Լիլիթ Կիրակոսյանը, Հայկ Ցիրունյանը, Կարեն Սարուխանյանը։

Խաչատուր Սուքիասյանը, Հակոբ Արշակյանը, Հրաչյա Հակոբյանը, Լենա Նազարյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը իրենք չեն ցանկացել հայտնվել ցուցակում։ Իսկ Ջուլիետա Ազարյանին, Հայկ Ցիրունյանին և Կարեն Սարուխանյանին մերժել է վարչությունը։   

Նրանցից մի քանիսն ասել է, թե ինչով է պատրասվում զբաղվել քաղաքականությունից հեռանալուց հետո։ Օրինակ՝ Հակոբ Արշակյանը պատրաստվում է ուժերը փորձել բիզնեսում։ Բիզնեսով զբաղվելու պլաններ ունի նաև Քրիստինե Պողոսյանը։ 

«Ես 16 տարեկանից աշխատել եմ մինչև այսօր՝ բացառությամբ 1-2 տարի, երբ երեխա եմ ունեցել, չեմ աշխատել: Ամեն օր աշխատել եմ, հիմա ուզում եմ ստեղծագործեմ, նոր բիզնես պլաններ ունեմ, ուզում եմ Հայաստանի տնտեսությանն օգուտ բերել»,- լրագրողներին ասել էր Պողոսյանը։

Ջուլիետա Ազարյանը «Ազատության» հետ զրույցում նշել էր, որ վարչության նիստի ժամանակ ասել է, որ իրեն պատկերացնում է գործադիրում կամ ՏԻՄ-ում։ 

Հիշեցնենք, որ Ազարյանը պատգամավոր էր դարձել 2024-ի դեկտեմբերին։ Մինչ այդ նա մոտ երկու տարի զբաղեցրել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ 

Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ Անդրանիկ Քոչարյանը, Տիգրան Պարսիլյանը և Սասուն Միքայելյանը կլինեն ՔՊ-ի ցուցակում։ Ամենայն հավանականությամբ, ցուցակում կլինեն նաև վարչության 20 անդամները։

 

ՔՊ-ի ցուցակում կլինի նաև նախկին ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի որդին՝ Հրաչյա Հովհաննիսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք, որ Արամ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնը թողել է այս տարվա հունիսին՝ իր դիմումի համաձայն։ Ըստ մամուլում առկա տեղեկությունների՝ պաշտոնը թողնելու հետո Հովհաննիսյանը լքել է երկիրը։ 

Թե ցուցակի որ համարում կլինեն թեկնածուները, որոշվելու է կուսակցության համաժողովում։ Փակ գաղտնի քվեարկությամբ ամենաշատ ձայներ հավաքածները կզբաղեցնեն ցուցակի առաջին համարները։      

Ընտրական օրենսգրքի համաձայն՝ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասում ընդգրկվում է ոչ պակաս, քան 80, և ոչ ավելի, քան 300 թեկնածու: Ընդ որում՝ ցուցակում ընդգրկված ոչ կուսակցականների թիվը չի կարող գերազանցել ընդհանուր թվի 30%-ը։

«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակում ընդգրկվածները, կուսակցության որոշման համաձայն, պետք է մինչև փետրվար կատարեն վճարումները։ Կուսակցականները ցուցակում հայտնվելու համար պետք է վճարեն 500 հազար դրամ, ոչ կուսակցականները՝ 1,5 մլն դրամ։

Հերթական խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կկայանան հունիսի 7-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter