HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Հաշմանդամություն ունեցող քաղաքացին ֆունկցիոնալության գնահատում կանցնի

Դեկտեմբերի 19-ին «Հետքը» պատմել էր Դիլիջանի 47-ամյա բնակիչ Մհեր Բադալյանի մասին, որը հաշմանդություն ունի եւ 8 ամիս է՝ նպաստ չի ստանում։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հետքին» հայտնել է, որ Մհեր Բադալյանի նպաստի դադարեցումը պայմանավորված է հաշմանդամության ժամկետի լրանալով, և նա կրկին ֆունկցիոնալության գնահատում կանցնի։

Նախարարության պարզաբանմամբ՝ «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի համաձայն՝ հաշմանդամության նպաստը նշանակվում է կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող հաշմանդամին կամ հաշմանդամ երեխա ճանաչված անձին և սահմանվում է հաշմանդամության ամբողջ ժամանակահատվածի համար։ 

Պետական կենսաթոշակային համակարգի տվյալների համաձայն՝ Մհեր Բադալյանին հաշմանդամության նպաստ է նշանակվել 2017 թվականի ապրիլի 14-ին և վճարվել մինչև 2025 թվականի հուլիսը։

Նախարարության պատասխանում նշվում է, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից նրա հաշմանդամության նպաստ ստանալու իրավունքը դադարեցվել է՝ հաշմանդամության սահմանված ժամկետի լրանալու հիմքով։ Նախարարությունը հայտնում է, որ նպաստի հարցը հնարավոր կլինի վերանայել միայն այն դեպքում, եթե Բադալյանը կրկին ճանաչվի հաշմանդամություն ունեցող անձ։

Պաշտոնական պարզաբանման համաձայն՝ 2017-2023 թվականներին իրականացված փորձաքննությունների արդյունքում Մհեր Բերիկի Բադալյանին սահմանվել է հաշմանդամության երրորդ խումբ՝ «ընդհանուր հիվանդություն» պատճառական կապով, մեկական տարի ժամկետներով։ Որպես հիմնական ախտորոշում նշվել է ողնաշարի օստեոխոնդրոզը։

Ինչ վերաբերում է կրկնակի գնահատման ընթացակարգին, նախարարությունից հայտնում են, որ դրա համար քաղաքացին պետք է նախ դիմի պոլիկլինիկա, որտեղ բժշկական փաստաթղթերի հիման վրա կձևավորվի համապատասխան ուղեգիր։ Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել e-disability էլեկտրոնային համակարգ և ներկայացնել կրկնակի գնահատման դիմում։ Դիմումի հաստատումից հետո մեկ ամսվա ընթացքում իրականացվում է անձի ֆունկցիոնալության գնահատում։

«Մհեր Բադալյանի՝ 2025 թվականի դեկտեմբերի 5-ին e-disability համակարգ մուտքագրված դիմումը հաստատվել է ամփոփագիր մշակողի կողմից, և ֆունկցիոնալության գնահատման գործընթացը կիրականացվի սահմանված կարգով»,- ասվում է նախարարության պատասխանում։

Նախարարությունից նաև նշել են, որ բժշկական փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանված է Առողջապահության նախարարության 2022 թվականի 72-Ն հրամանով, իսկ փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու մասին քաղաքացին տեղեկանում է դիմումը լրացնելուց անմիջապես հետո։

Նախարարության պատասխանը ստանալու նույն օրը Մհեր Բադալյանը զանգահարել է մեզ և տեղեկացրել, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ուղղված իր 5-րդ դիմումին ի պատասխան հայտնել են, որ ֆունկցիոնալության գնահատում կանցնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter