Հայկ Մարությանը կմասնակցի 2026-ի խորհրդարանական ընտրություններին
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը կմասնակցի 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին Մարությանը հայտարարեց այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութով։
Մարությանը նշեց, որ ընտրություններին մասնակցելու է իր ղեկավարած «Նոր ուժ» կուսակցության ցուցակով։
«Ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ այո, մենք մասնակցում ենք հաջորդ տարվա ընտրություններին։ Մասնակցում ենք մեր թիմով՝ այն է «Նոր ուժ» կուսակցությունով։ Սա մեր կուսակցությունն է, որը ունի սոցիալ-դեմոկրատական ուղղվածություն։ Ինչը նշանակում է, որ մեր ուշադրությունը սևեռելու ենք մարդկանց սոցիալական խնդիրներին»,- ասաց Մարությանը։
Հայկ Մարությանը ակտիվ քաղաքականությամբ սկսեց զբաղվել 2018-ից։ Սեպտեմբերին կայացած Երևանի ավագանու ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը, որի առաջին համարը Մարությանն էր, հաղթեց․ Մարությանը ընտրվեց Երևանի քաղաքապետ։
Բայց Մարությանին չհաջողվեց երկար պաշտոնավարել։ 2021-ի դեկտեմբերին Երևանի ավագանին նրան անվստահություն հայտնեց։ Մարությանը հեռացավ պաշտոնից՝ մեղադրելով արդեն նախկին թիմակիցներին հեղափոխության արժեքներից շեղելու մեջ։
Հայկ Մարությանը երկրորդ անգամ փորձեց քաղաքապետ դառնալ 2023-ին։ Նա ընտրություններին մասնակցում էր «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։ Թեև ընտրություններին ընդդիմադիր ուժերը ավելի շատ ձայն էին ստացել քան իշխանությունը, սակայն նրանց չհաջողվեց կոնսոլիդացվել, և քաղաքապետ դարձավ Տիգրան Ավինյանը։
2024-ի մայիսին Հայկ Մարությանը հիմնադրեց «Նոր ուժ» կուսակցությունը։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել