HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հետաքննող լրագրող Ռոման Անինին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

Ռուսալեզու «Важные истории» լրատվամիջոցի հիմնադիր, լրագրող Ռոման Անինը զրկվել է Ռուսաստանի քաղաքացիությունից։ BBC-ն, հղում անելով ռուսական իրավապահ մարմիններին, գրում է, որ որոշումն ընդունվել է «բանակի վերաբերյալ ֆեյքերի տարածման մասին հոդվածով լրագրողի նկատմամբ հեռակա կարգով կայացված դատավճռի հիման վրա»։ Քրեական գործի հիմք էին դարձել «Важные истории»-ի երեք հոլովակներ, որոնցից մեկում ռուսաստանցի զինվորականը խոստովանում էր, որ սպանել է Կիևի մարզի խաղաղ բնակիչներից մեկին։

Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ լրագրողը ռուսական անձնագրից զրկվել է «ՌԴ քաղաքացիության մասին» օրենքի 22-րդ հոդվածի հիման վրա, որը ենթադրում է քաղաքացիությունից զրկում «հանցագործության իրագործման հիմքով»։

Ռուսական ТАСС գործակալությունն էլ գրում է, որ Անինը ռուսական քաղաքացիությունը ստացել է շատ ավելի ուշ։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ նա, լինելով Մոլդովայի քաղաքացի, ռուսական անձնագիր ստացել էր 2006 թվականին։ Թե երբ է լրագրողը զրկվել ռուսական քաղաքացիությունից, անհայտ է։

Այս տարվա մարտին հայտնի հետաքննող լրագրողը բանակի մասին «ֆեյքերի» տարածման գործով դատապարտվել էր 8,5 տարվա ազատազրկման։ 

«Ֆեյքերի տարածման մասին» քրեական գործի հարուցման համար հիմք հանդիսացած տեսանյութում զինծառայողը խոսում է այն մասին, որ հրամանատարության կողմից բազմիցս տրվել է խաղաղ բնակիչներին գնդակահարելու հրաման։ Նա նշել է նաև այն հրամանատարների անունները, որոնք տվել են այդ հրամանները։ Նրանցից մեկին ուկրաինական և արևմտյան լրատվամիջոցները մեղադրում են Բուչայի խաղաղ բնակիչներին սպանելու պատասխանատվության մեջ։

2020 թվականին հիմնադրված «Важные истории»-ն, մինչ Ուկրաինա ռուսական ներխուժումը, հրապարակում էր ռուսաստանցի քաղաքական գործիչների և պաշտոնյաների մասին հակակոռուպցիոն հետաքննություններ։ 2021 թվականի օգոստոսին ռուսական իշխանությունները Ռոման Անինին ու լրատվամիջոցին հայտարարեցին «օտարերկրյա գործակալ»։

Անինը այն լրագրողների թվում էր, որոնք 2017 թվականին արժանացան Պուլիցերյան մրցանակի՝ «պանամական արխիվների» հետաքննության համար։ Մինչև 2020 թվականը նա աշխատում էր «Новая газета»-ի հետաքննական թիմում։

Լուսանկարը՝ «Важные истории»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter