Բաքվի բանտում գտնվող 70-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է
Բաքվի բանտում գտնվող Վագիֆ Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի ինքնազգացողությունը վատացել է դեկտեմբերի 22-ին․ ի հայտ են եկել շնչահեղձություն և սրտի շրջանում ցավեր։
Բժիշկներն ասել են՝ այս պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիճակը մնում է ծանր։
Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը 2023թ. նոյեմբերին Բաքվում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման։
Նա 2023թ. հուլիսին ձերբակալվել էր Լաչինի միջանցքի սկզբնամասում տեղակայված ադրբեջանական անցակետում, երբ Կարմիր խաչի ուղեկցությամբ փորձում էր Արցախից անցնել ՀՀ տարածք։
Ադրբեջանական կողմի «մեղադրանքում» նշվում էր, թե, իբր, «Վագիֆ Խաչատրյանն ու հանցավոր խումբը, որին անդամակցել է վերջինս, 1991 թվականի դեկտեմբերին Խոջալուի շրջանի Մեշալի գյուղում սպանել են 25 ադրբեջանցու, վիրավորել 14-ին և իրենց մշտական բնակության վայրից տեղահանել 358 մարդու»։
Շինծու այս գործով դատաքննությունը մեկնարկել էր հոկտեմբերի 13-ին։ Ադրբեջանական կողմը պնդում էր, որ Խաչատրյանին հատկացվել է փաստաբան և թարգմանիչ։
Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը ավելի վաղ հերքել էր Խաչատրյանին առաջադրված մեղադրանքները։ «Ադրբեջանի մեղադրանքները կեղծ են, քանի որ նման հանցագործություն Մեշալի գյուղում տեղի չի ունեցել»,- X-ի իր միկրոբլոգում գրել էր Բեգլարյանը՝ հավելելով, որ բոլոր տղամարդկանց նման նա նույնպես պաշտպանել է իր հայրենիքը 1991-1994 թվականների պատերազմում։
Լուսանկարը՝ APA գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել