HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում սպանվել է ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետը

Մոսկվայի հարավում, ավտոմեքենայի պայթյունի հետևանքով, զոհվել է ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը։ Այդ մասին հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեն։ Հարուցվել է քրեական գործ այդ երկրի ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ («սպանություն, որը կատարվել է հանրության համար վտանգավոր կերպով») և 221-րդ հոդվածի 1-ին մասերով («պայթուցիկ սարքերի ապօրինի շրջանառություն»)։

Պայթյունը տեղի է ունեցել դեկտեմբերի 22-ի առավոտյան։ ՌԴ Քննչական կոմիտեից հայտնել են, որ պայթուցիկ սարքը տեղադրված է եղել մեքենայի տակ։ «Коммерсант»-ի տվյալներով՝ պայթյունի համար օգտագործվել է մագնիսային ական։ Դիտարկվում են սպանության տարբեր վարկածներ։ «Դրանցից մեկը կապված է ուկրաինական հատուկ ծառայությունների կողմից հանցագործության կազմակերպման հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ռուսական ուժային կառույցներին մոտ տելեգրամյան «База» ալիքը գրել է, որ պայթյունից հետո Սարվարովը գտնվել է ծանր վիճակում։ Նրա մոտ արձանագրվել են բեկորային բազմաթիվ վնասվածքներ, ոտքերի լուրջ վնասվածքներ և դիմոսկրի կոտրվածք։ Տելեգրամյան «База» և «Shot» ալիքների տվյալներով՝ մինչև պայթյունը Սարվարովը կարողացել էր մի քանի մետր շարժվել իր Kia Sorento մեքենայով։ Լուսանկարներից ելնելով՝ պայթյունը եղել է մեքենայի սկզբնային հատվածում։

«Агентство»-ն էլ գրում է, որ պայթյունը տեղի է ունեցել այն շենքից մոտ 150 մետր հեռավորության վրա, որտեղ բնակվում են ՌԴ ԶՈւ Գլխավոր հետախուզական վարչության մի շարք աշխատակիցներ։

Ֆանիլ Սարվարովը 56 տարեկան էր։ Մասնակցել է Չեչենական պատերազմներին։ 2015-2016 թվականներին ծառայել է Սիրիայում։ ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի օպերատիվ պատրաստության վարչության պետի պաշտոնն զբաղեցնում էր 2016 թվականից։

Լուսանկարը՝ ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter