ՊՎԾ-ն դատարանում պարտվեց «Հետքին»
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը դեկտեմբերի 19-ին մերժեց Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) հայցն ընդդեմ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և Սուսաննա Մուրադյանի՝ ՊՎԾ-ի վերաբերյալ հրապարակման մեջ տեղ գտած տվյալները հերքելու և փոխհատուցում բռնագանձելու պահանջով։
Հիշեցնենք՝ 2024թ. դեկտեմբերին «Հետքը» գրել էր, որ ՊՎԾ-ն «Արմենիա» ԲԿ-ում թերի ուսումնասիրություն է արել և կոծկել խախտումները։ ՊՎԾ նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանը «Հետքին» պատմել էր, թե ինչպես են ԲԿ-ում ուսումնասիրությունների ժամանակ օգտագործվել ընկերական և բարեկամական կապերը, որի հետևանքով փաստաթղթերն ամբողջ ծավալով չէին ուսումնասիրվել։
ՊՎԾ-ն «Հետքից» պահանջում էր հերքում, ինչպես նաև՝ 2-ական մլն դրամ փոխհատուցում՝ խմբագրությունից եւ իր նախկին աշխատակից Սուսաննա Մուրադյանից։
Դատարանը Պետական վերահսկողական ծառայությանը պարտավորեցրել է հօգուտ «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության բռնագանձել 200 000 դրամ՝ որպես մատուցված փաստաբանական ծառայությունների համար խելամիտ վարձատրության գումար:
Նշենք, որ ՊՎԾ-ն դատարանում պնդում էր, թե «Հետքը» և Սուսաննա Մուրադյանը ներկայացրել են փաստացի տվյալներ, դատողություններ, որոնք չեն համապատասխանել իրականությանը, իսկ ներկայացված փաստացի տվյալներն արատավորել են ՊՎԾ պատիվը:
Նախորդ դատական նիստին «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի ներկայացուցիչ Գրիշա Բալասանյանն անհիմն էր որակել հայցվորի այն պնդումը, թե «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն միտումնավոր փորձել է արատավորել ծառայության պատիվը։
«Պետական մարմինը չի կարող ունենալ պատիվ ու արժանապատվություն։ Դա վերաբերելի է բացառապես ֆիզիկական անձանց։ Ինչպես հայցվորը նշեց, «Հետաքննող լրագրողները»՝ որպես լրատվամիջոց, որոշակի դիրք, վստահություն և հեղինակություն ունի, հետևաբար իր աշխատանքի ընթացքում բացառապես փորձում է աշխատել այն սկզբունքով, որ որևէ մեկին որևէ ձևով վնաս չպատճառի։ Պետական մարմնինների ներկայացուցիչները մոռանում են, որ իրենք պետք է ծառայեն հանրությանը, իսկ լրատվամիջոցն ուսումնասիրում և հրապարակում է հենց հանրության համար»,- նշել էր նա։
Դատարանն իր վճռում նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունը չի կարող հանդիսանալ զրպարտության միջոցով վնաս պատճառելու հետևանքով առաջացող հարաբերության պատշաճ սուբյեկտ։ Պետական մարմինների նկատմամբ չեն կարող կիրառվել «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացությունները, քանի որ պետական մարմինը հանրային իշխանություն կրող է, ոչ թե «պատիվ», «արժանապատվություն» և «գործարար համբավ» հասկացություն կրող մասնավոր անձ: Այս հիմքով էլ դատարանն ամբողջությամբ մերժել է ՊՎԾ պահանջը։
Կարդացեք նաև՝
- ՊՎԾ-ն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» և Սուսաննա Մուրադյանի դատավարությունն ավարտվեց
- ՊՎԾ-ն փոխել է «Հետք»-ի դեմ հայցի հիմքն ու առարկան. դատարանը բաշխեց ապացուցման բեռը
- ՊՎԾ-ն դատարանից ժամանակ խնդրեց հայցի հիմքերը հստակեցնելու համար
- ՊՎԾ ներկայացուցիչը դատարանում մե'կ ժխտում, մե'կ ընդունում է «Արմենիա» ԲԿ-ում ուսումնասիրության թերի լինելու հանգամանքը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել