HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Աջափնյակի Գ1 թաղամասի բնակիչները դժգոհում են հաճախակի հոսանքազրկումներից

Աջափնյակի Գ 1 թաղամասը մի քանի ամիս է՝ ամեն օր հոսանքազրկվում է։

Շուշան Ափոյանն ասում է, որ իրենց թաղամասում հոսանքի հետ կապված խնդիրները նոր չեն։ «Մեր թաղամասը նորակառույց է։ Մենք Գ1-ի թաունհաուսներում ենք ապրում։ Մոտ չորս տարի է՝ այստեղ ենք, և այդ ամբողջ ընթացքում անընդհատ հոսանքի խնդիրներ ենք ունեցել։ Հատկապես մեր հատվածում՝ Աջափնյակի Գ 1 թաղամասում, լարման տատանումներն ու անջատումները մշտական են»,-նշում է նա։

Վերջին շաբաթներին իրավիճակը, ըստ Շուշան Ափոյանի, ավելի է սրվել․ «Մոտ երեք շաբաթ է՝ հոսանքն անընդհատ տանում-բերում են։ Անջատումներ լինում են թե՛ գիշերները, թե՛ ցերեկները, հատկապես շաբաթ և կիրակի օրերին։ Շատ դեպքերում որևէ նախնական ծանուցում չենք ստանում»։

Նրա խոսքով՝ բնակիչները պարբերաբար փորձում են պարզաբանում ստանալ էլեկտրացանցից, սակայն պատասխանը մշտապես նույնն է․ «Ասում են՝ երկու ժամից կլինի, հետո նորից անջատվում է։ Մի անգամ էլ գիշերը հայտնել էին, թե ենթակայանում վթար է եղել, ինչ-որ հատված է այրվել։ Ամբողջ գիշեր մնացինք առանց հոսանքի»։

Շուշան Ափոյանը մանկահասակ երեխա ունի, վերջին շրջանում ստիպված հայրական տանն է մնում, քանի որ հոսանքազրկումները հաճախակիացել են։

Էլեկտրաէներգիայի անջատումներն ազդում են նաև աշխատանքի վրա։ Թաղամասում կան մարդիկ, որոնք աշխատում են տնից, եւ հաճախակի հոսանքազրկումները խանգարում են  նրանց աշխատանքին։ Շուշանի ամուսինն էլ հաճախ երեկոյան ժամերին համակարգչով աշխատանք է ունենում անելու, որը խափանվում է անջատումների պատճառով։ 

Նրանց տունը վերանորոգող  վարպետները, որոնք Գյումրիից են գալիս Երևան, արդեն երեք անգամ ստիպված են եղել աշխատանքը կիսատ թողնել հոսանքի բացակայության պատճառով։

Բնակիչները գրավոր դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություն, սակայն, ինչպես նշում է Շուշան Ափոյանը, այդ դիմումները մնացել են անպատասխան։

«Բոլորս համախմբված զանգում ենք, բայց ասում են՝ չեն կարող հստակ պատասխան տալ։ Տպավորություն է, որ իրենք էլ արդեն հոգնել են մեր թաղամասից»,- ասում է նա՝ հավելելով, որ հարևաններից շատերը պատրաստ են հրապարակայնորեն խոսել խնդրի մասին, քանի որ այլ լուծում չեն տեսնում։

«Տեսուչին էլ որ զանգում ենք, ինքն ասում է՝ ես չգիտեմ ինչ անեմ, զանգեք գլխամաս։ Մենք պարտաճանաչ վճարում ենք հոսանքի համար, բայց միևնույն ժամանակ չենք կարողանում պատշաճ ծառայություններ ստանալ, գումար վաստակել, որովհետև անընդհատ հոսանքազրկումներ են։ Եթե մի օր ուշացնես վարձը, անմիջապես կանջատեն»,- ասում է Շուշան Ափոյանը։

Աջափնյակի Գ 1 թաղամասի մեկ այլ բնակիչ՝ Գայանե Էգիբյանն ասում է, որ էլեկտրաէներգիան օրական առնվազն երկու ժամով անջատվում է, իսկ որոշ օրերին թաղամասն ամբողջ օրն առանց լույս է մնում։ Նախորդ հանգստյան օրերին դեկտեմբերի 13-14-ին լույս չեն ունեցել։ Պատճառը վթարային  անջատումներն են։

«Առավոտյան երկու ժամ, երեկոյան երկու ժամ, կամ լինում է՝ ամբողջ օրը լույս չունենք։ Երբեմն տալիս են, երկու վայրկյան անց նորից անջատվում է»,-ասում է Գայանեն՝ հավելելով, որ լարման հաճախակի տատանումների հետևանքով իրենց ընտանիքը 1 մլն 400 հազար դրամի վնաս է կրել` տան տեխնիկան փչացել է։

Փոխհատուցման համար չեն դիմել, քանի որ, երբ նմանատիպ դեպք էր պատահել հարևանի հետ, ՀԷՑ-ից եկել հաշվարկել էին և կենցաղային մի քանի սարքի համար չնչին փոխհատուցում՝ 30 000 դրամ առաջարկել, որը չի ծածկել պատճառված վնասի անգամ կեսը։ Իրենք էլ որոշել են չդիմել։

Գայանեի եղբայրը երաժիշտ է, և հոսանքի կտրուկ անջատումների հետևանքով շարքից դուրս են եկել նրա երաժշտական գործիքները։ «Կտրոններն էլ կան, բայց մենք արդեն գիտենք հարևանի փորձից, որ փոխհատուցում գրեթե չի լինում։ Որոշեցինք, որ մեր առողջությունն ու նյարդերն ավելի թանկ են, քան էն փոխհատուցումը, որ պիտի տան մեզ»,- պատմում է նա։

Հոսանքի երկարատև անջատումները կենցաղային խնդիրներ են ստեղծում ընտանիքների համար, հատկապես՝ փոքր երեխաներ ունեցողների։ «Նորածին երեխա կա, տունը սառում է, կաթսան չի աշխատում, երեխային չենք կարող լողացնել։ Երեխաները դաս անել չեն կարող, հիմա շատ երիտասարդներ տնից են աշխատում, եթե չաշխատես՝ ինչպե՞ս պիտի վճարես կոմունալները»,- ասում է Գայանե Էգիբյանը։ 

Նա նշում է, որ բազմիցս զանգահարել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության  թեժ գիծ, բայց ոչ մի հուսադրող պատասխան չեն ստացել. «Օպերատորն ասում է՝ ես ի՞նչ անեմ, գնացեք Արմենակյան փողոց՝ ՀԷՑ-ի գրասենյակ, բողոքեք։ Հարցնում ենք՝ եթե նամակ գրենք, պատասխան կլինի՞, ասում են՝ չգիտենք»։ 

ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Լանա Մինասյանը «Հետքին» հայտնեց, որ վերջին 3 ամիսներին Աջափնյակ Գ1 թաղամասը հոսանքազրկվել է 4 անգամ, որոնցից 1-ը՝ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, իսկ մյուս 3 դեպքերում գրանցվել են վթարային և կանխարգելիչ անջատումներ։ Դրանք էլ պայմանավորված են եղել եղանակային անբարենպաստ պայմաններով՝ ուժեղ քամիներով: ՀԷՑ-ից ստացել ենք անջատումների ցանկը, որը ներկայացնում ենք ստորև`

  • 2025 թվականի հոկտեմբերի 6-ին, ժամը 14:40-15:37՝ վթարային և կանխարգելիչ անջատումներ։ 
  • 2025 թվականի նոյեմբերի 25-ին, ժամը 19:20-20:06՝վթարային և կանխարգելիչ անջատումներ։  
  • 2025 թվականի դեկտեբերի 14-ին, ժամը 09:07-16:00՝քամու պատճառով ՄԱՇՏՈՑ 1.2 110կՎ Օդային գծի ենթակայանի վնասման հետևանքով: 
  • 2025 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 11:53-16:20՝ պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով։

Բնակիչները հակադարձում են ՀԷՑ-ի այն պնդմանը, թե վերջին 3 ամսում Գ1 թաղամասում հոսանքազրկումներ եղել են 4 անգամ։

Շուշան Ափոյանը նշում է՝ հաճախ 4 անգամ հոսանքազրկումներ լինում են մեկ օրվա ընթացքում։ ՀԷՑ-ի հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպատամենտի պետ Լանա Մինասյանը նշում է՝ հասցեները տրամադրելու դեպքում կարող են հստակեցնել, թե ինչ խնդիր է ծագել, բայց ընդհանուր թաղամասի վերաբերյալ ՀԷՑ-ի բազայում արտացոլվում է 4 հոսանքազրկում։

ՀԷց-ին տրամադրել ենք քաղաքացիների հասցեները։ Հասարակայնության և կորպորատիվ կապերի դեպարտամենտի պետ Լանա Մինասյանը նշել է, որ թեմայի մասին տեղեկացրել են տեխնիկական տնօրինությանը, հստակ վերլուծություն անելուց հետո կապ կհաստատեն։

Ստեղծված իրավիճակի մասին «Հետքը» զրուցել է սպառողների իրավունքներով զբաղվող «Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Ըստ նրա, խնդիր է առաջանում, երբ ՀԷՑ-ը հայտարարում է, թե վերջին երեք ամիսներին տվյալ տարածքում արձանագրվել է ընդամենը չորս հոսանքազրկում, իսկ վերահսկող մարմինը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), հիմք է ընդունում հենց այդ տվյալները։

«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այն կառույցն է, որը վերահսկողություն է իրականացնում հանրային ծառայություն մատուցող բոլոր ընկերությունների նկատմամբ։ Բայց այս դեպքում այն իրավունք չունի առաջնորդվելու բացառապես մեկ կողմի՝ ծառայություն մատուցողի ներկայացրած տեղեկությամբ»,- ընդգծում է Պիպոյանը։

Նրա խոսքով՝ եթե քաղաքացիների ներկայացրած տեղեկությունները և ընկերության տվյալներն իրարամերժ են, Հանձնաժողովը պարտավոր է իրականացնել սեփական ուսումնասիրություն և մոնիթորինգ, քանի որ խոսքը դատական գործընթացի մասին չէ, այլ վարչարարական որոշման։ «Եթե նման ուսումնասիրություն չի իրականացվում, ապա փաստացի հնարավոր չէ ասել՝ իրավիճակն արդարացի՞ է գնահատվել, թե ոչ»,-նշում է նա։

Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ խնդիրն ավելի խորն է, քանի որ վերահսկող մարմնի դիրքորոշումը հետագայում կարող է վճռորոշ լինել նաև դատարանում։ «Եթե վերահսկող կառույցը եզրակացություն չի տվել կամ անուղղակիորեն ընդունում է, որ խնդիր չկա, ապա քաղաքացին դատարանում բախվում է լուրջ դժվարությունների։ Դատարանը հարց է տալու՝ ի՞նչ է արվել վերահսկողության փուլում»,-ասում է նա։

Պիպոյանը նշում է, որ տվյալ դեպքում բնակիչները փաստացի մնացել են առանց արդյունավետ պաշտպանության մեխանիզմի, քանի որ չեն իրականացվել պատշաճ ուսումնասիրություններ։ «Քաղաքացիները, բնականաբար, չեն ֆիքսել ամեն անջատում՝ ենթադրելով, որ ակնհայտ փաստը չի կարող հերքվել։ Բայց երբ տեղի է ունենում, այսպես ասած, չոր մերժում, արդեն խնդիր է առաջանում ապացույցների մասով»,- ասում է նա։

Որպես լուծում Պիպոյանը խորհուրդ է տալիս բնակիչներին համախմբվել և կարճ ժամանակահատվածում միասին ֆիքսել բոլոր հոսանքազրկումները՝ ժամերով, հնարավոր ապացույցներով և այդ տվյալներով դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին։ Հակառակ դեպքում խնդիրը լուծում չի ունենա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter