Դատախազը պահանջում է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման
Դեկտեմբերի 18-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը։ Իր ելույթում Բաքվի դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին դատապարտել ցմահ ազատազրկման։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Այսօր Վարդանյանի ընտանիքը հրապարակել է նրա և որդու միջև ունեցած խոսակցության մասին հաղորդագրություն։
Ռուբեն Վարդանյանը հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն, և իր ելույթում նա մտադիր է ընդգծել, որ տեղի ունեցողը չի ընդունում որպես դատական գործընթաց և մտադիր չէ մասնակցել արդարադատության իմիտացիային։
«Բաքվում տեղի ունեցող այս գործընթացը չի համապատասխանում արդար դատաքննության հիմնական չափանիշներին և, հետևաբար, չի կարող համարվել դատաքննություն՝ դրա իրական իմաստով։
Ես ոչնչի համար չեմ զղջում։ Բոլոր իմ գործողությունները կատարել եմ գիտակցաբար և կամավոր՝ լիովին հասկանալով հնարավոր հետևանքները։ Ես պատրաստ եմ պատասխան տալ իմ արարքների համար Աստծո առաջ։ Միակ բանը, որի համար ափսոսում եմ, այն է, որ չկարողացա անել ավելին։
Եվս մեկ անգամ հայտարարում եմ. Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու կամ իրադարձությունների այլ մեկնաբանություն պարտադրելու փորձերից»,- հայտնել է նա։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել