Ադրբեջանական նավթամթերքի առաջին խմբաքանակը այսօր կարտահանվի Հայաստան
Այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Ադրբեջանը սկսում է դեպի Հայաստան նավթամթերքի առաջին խմբաքանակի արտահանումը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA գործակալությունը, պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի 28-ին Գաբալա քաղաքում Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի գլխավորած պատվիրակությունների միջև կայացած հանդիպման ժամանակ։
Ինչպես փոխանցում է APA-ն, այսօր կարտահանվի Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ SOCAR-ի արտադրած «ԱԻ-95» տեսակի 22 վագոն բենզին։ Նշվում է, որ Հայաստան ադրբեջանական նավթամթերքի արտահանումն ունի բացառապես առևտրային բնույթ, ու բենզինը կիրացվի այն գներով, որոնք համապատասխանում են միջազգային շուկայական գներին։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարություն էր տարածել այն մասին, որ Վրաստանն անվճար կապահովի Ադրբեջանից իր տարածքով վառելիքի մեկանգամյա տարանցումը դեպի Հայաստան։
«Այս տարվա դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է խնդրանք՝ Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի մեկանգամյա տարանցիկ փոխադրումն իրականացնելու վերաբերյալ։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի որոշմամբ՝ Վրացական երկաթուղուն տրվել է հրաման՝ նշված բեռը մեկանգամյա հիմունքներով և ամբողջությամբ անվճար տեղափոխել երկաթուղով»,- ասված էր վրացական կողմի հաղորդագրության մեջ։
Այդուհանդերձ, ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ վրացական կողմը 111 կիլոմետր երկարություն ունեցող այս հատվածով բեռի տարանցման համար պահանջել էր մեկ տոննայի դիմաց 92 ԱՄՆ դոլար տուրք, ինչը մի քանի անգամ գերազանցում է Ադրբեջանի և Վրաստանի միջև գործող երկաթուղային մյուս սակագներին։ Minval Politika-ն, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ վրացական կողմի այդ առաջարկին բացասաբար են արձագանքել Բաքվում, ինչը լարվածություն է առաջացրել երկու երկրների հարաբերություններում։ Ադրբեջանական լրատվամիջոցների պնդմամբ՝ այդ հրապարակումից հետո է միայն վրացական կողմը հայտարարություն տարածել թեստային անվճար տարանցման մասին։
Լուսանկարը՝ Report.az-ից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել