HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հրաձգություն՝ Սիդնեյում Հանուկայի տոնակատարության ժամանակ. կա 12 զոհ

Դեկտեմբերի 14-ին Սիդնեյի Բոնդի լողափի շրջանում տեղի է ունեցել հրաձգություն։ Ինչպես հայտնում է ավստրալական ABC-ն, ականատեսները պատմել են, որ սև հագնված երկու տղամարդ հետիոտնային կամրջի մոտից հրաձգություն են իրականացրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր, որտեղ երևում են հարձակում գործած անձինք։

Հրաձգությունը տեղի է ունեցել հրեական կրոնական Հանուկա տոնի առաջին օրը, որն այս տարի նշվում է դեկտեմբերի 14-22-ը։ Կիրակի երեկոյան Սիդնեյում հրաձգության ժամանակ ընթանում էր առաջին մոմերի վառման արարողությունը։

Ականատեսներից մեկը պատմել է, որ լսել է մոտ 50 կրակոց։ Մեկ այլ մարդու տվյալներով էլ՝ հրաձգությունը շարունակվել է մոտ 10 րոպե։ Նա տեղի ունեցածը նկարագրել է որպես «դժոխք Երկրի վրա»։

ABC-ին երկու ականատեսներ պատմել են, որ ի սկզբանե կրակոցները ընկալել են որպես հրավառության ձայներ։ Նրանց մեկի խոսքով՝ հրաձիգը կրակ է բացել՝ գտնվելով սպիտակ մեքենայի մեջ։

Տեսանյութերից պարզ է դառնում, որ զինված հարձակմանը մասնակցել է երկու մարդ, չնայած այն հանգամանքին, որ ավելի ուշ Սիդնեյի ոստիկանությունը հայտարարել է, որ ստուգում է երրորդ հրաձիգի մասին վարկածը։ Հարձակում գործած անձանցից մեկը զոհերի թվում է, երկրորդը՝ ձերբակալվել է։ Ըստ առկա տվյալների՝ ձերբակալվածը գտնվում է կրիտիկական վիճակում։ Սոցիալական ցանցերում հայտնվել է մի տեսանյութ, որտեղ քաղաքացիներից մեկը վնասազերծում է, ենթադրաբար, հարձակում գործած անձանցից մեկը։ Անհայտ է, թե այս անձը սպանված, թե ձերբակալված հրաձիգն է։

News.com.au-ը գրում է, որ հրաձիգներից մեկին զինաթափած անձը 43-ամյա Ահմեդ ալ-Ահմեդն է, որը բնակվում է Սիդնեյում։ Վերջինս հիվանդանոցում է։

Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Քրիս Մինսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է 12 մարդ։ Նա հարձակումն անվանել է Սիդնեյի հրեական համայնքի վրա հարձակում։ Նահանգի ոստիկանության ղեկավար Մել Լեյոնն էլ հայտնել է 29 վիրավորների մասին, որոնց թվում կա 2 ոստիկան։ Վերջինս հարձակումն անվանել է ահաբեկչություն։ Զոհերի թվում է նաև րաբբի Էլի Շլանգերը, իսկ տուժածների թվում՝ Իսրայել-Ավստրալիա խորհրդի նախագահ Արսեն Օստրովսկին։ Նա գլխի շրջանում վիրավորում է ստացել։

Ոստիկանությունում ABC-ի բարձրաստիճան աղբյուրներից մեկը նշել է հարձակում գործած անձանցից մեկի անունը՝ Նարվիդ Աքրամ։ Սիդնեյի արվարձանում՝ Բոնիրիգեում գտնվող նրա տանը խուզարկություն է տեղի ունեցել։ Ոստիկանությունում News.com.au-ի աղբյուրները կարծում են, որ հարձակումը նախապատրաստվել է մի քանի ամիս։

Վերջին տվյալների համաձայն՝ հարձակման վայրում հայտնաբերվել է նաև ինքնաշեն պայթուցիկ սարք։ 

Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն Սիդնեյում հրաձգությունն անվանել է «շոկային ու անհանգստություն առաջացնող»։ Նա նախարարների մասնակցությամբ ազգային անվտանգության կոմիտեի նիստ է հրավիրել։

Հարձակումը արդեն իսկ դատապարտել է Իմամների ավստրալական խորհուրդը։

Լուսանկարը՝ Mark Baker / AP / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter