HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լուկաշենկոն ներում է շնորհել ավելի քան 120 քաղբանտարկյալի. փոխարենը ԱՄՆ-ն հանել է կալիումի նկատմամբ պատժամիջոցները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ԱՄՆ-ի կողմից սահմանված որոշ պատժամիջոցների չեղարկման դիմաց, ներում է շնորհել 123 մարդու, այդ թվում՝ 2020 թվականի բողոքի ցույցերի առաջնորդներից մեկին՝ Մարիա Կոլեսնիկովային։ Ազատ արձակվածների թվում են նաև իրավապաշտպան և 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին ու նախագահի նախկին թեկնածու Վիկտոր Բաբարիկոն։ Նրանց բոլորին 2020-ականների սկզբին դատապարտել էին երկարաժամկետ ազատազրկման։

BBC-ն գրում է, որ այս և 2025 թվականին տեղի ունեցած նախորդ ներումների արդյունքում բանտերից ազատ են արձակվել բելառուսական ընդդիմության, իրավապաշտպան համայնքի և մամուլի գրեթե բոլոր առանցքային ներկայացուցիչները։ Ազատ արձակվածների մեծ մասը ազատության մեջ հայտնվելուց անմիջապես հետո արտաքսվել են Բելառուսից։

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի ռազմագերիների հետ վարվելու համակարգող շտաբը, ազատ արձակվածներից 114-ը ժամանել է Ուկրաինա։ Բելառուսական իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնը հայտնել է, որ Ուկրաինային փոխանցված անձանց թվում են նաև Կոլեսնիկովան և Բաբարիկոն։ Նրանք արդեն իսկ հանդիպել են իրար հետ։

Շաբաթ ուշ երեկոյան ուկրաինական «Ուզում եմ ապրել» («Хочу жить») նախագիծը հրապարակել է Ուկրաինային փոխանցված Բելառուսի բոլոր 109 քաղաքացիների անունները։ Մնացած հինգը Ուկրաինայի քաղաքացիներ են։

Ինչպես փոխանցում է BBC-ն, իրավապաշտպան «Վեսնա» կենտրոնի ղեկավարին և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկուն, ինչպես նաև երրորդ երկրների ևս ութ քաղաքացիների, Բելառուսը փոխանցել է Լիտվային։

Սովորաբար ներում ստացած քաղբանտարկյալներին տեղափոխում են Բելառուսի և Լիտվայի սահման, ինչպես դա եղել է 2025 թվականի ամռանն ու աշնանը, երբ ազատ արձակվեցին Բելառուսի նախագահի նախկին թեկնածուներ Սերգեյ Տիխանովսկին և Նիկոլայ Ստատկևիչը։

Բելառուսն ու ԱՄՆ-ն հայտարարել են, որ քաղբանտարկյալներին Լուկաշենկոն ներում է շնորհել՝ ի պատասխան Բելառուսի կալիումական պարարտանյութերի գլխավոր արտադրողի՝ «Беларуськалій» ընկերության նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերացման։

«Նախագահ Թրամփի հանձնարարությամբ մենք՝ Միացյալ Նահանգները, կհանենք պատժամիջոցները պոտաշի՝ կալիումի կարբոնատի նկատմամբ»,- Մինսկում լրագրողներին հայտարարել է Թրամփի հատուկ ներկայացուցիչ Ջոն Քոուլը, ով բանակցություններ էր վարում Լուկաշենկոյի հետ։

Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ բանտարկյալներն ազատ են արձակվել «Թրամփի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում և նրա խնդրանքով՝ Բելառուսի Հանրապետության կալիումի ոլորտի նկատմամբ կիրառված ապօրինի պատժամիջոցների չեղարկման արդյունքում»։

Առաջինն ազատության մեջ է հայտնվել Մարիա Կոլեսնիկովան։ 2020 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ նա ղեկավարում էր Բաբարիկոյի նախընտրական շտաբը, իսկ քվեարկությունից հետո դարձավ բողոքի ցույցերի առաջնորդներից մեկը։ Ինչպես նշել է Բաբարիկոյի թիմի ներկայացուցիչներից մեկը՝ Իգոր Կրավցովը, Կոլեսնիկովան գրեթե անմիջապես հայտնվել է Բելառուսի սահմաններից դուրս։

«Կոլեսնիկովան, իհարկե, բոլորին փոխանցում է իր մեծ ողջույնը։ Եվ նա շնորհակալություն է հայտնում ամերիկյան վարչակազմին և անձամբ նախագահին այս ազատ արձակման համար»,- BBC-ին հայտարարել է Բաբարիկոյի թիմի մամուլի խոսնակ Գլեբ Գերմանչուկը։ Վերջինս ևս հաստատել է պատժամիջոցների հանման փաստը` հավելելով, որ դա խիստ կարևոր էր Բելառուսի վարչակարգի համար։

Մարիա Կոլեսնիկովան դատապարտվել էր 11 տարվա ազատազրկման՝ «ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների, կոչերի, ծայրահեղական խմբավորում ստեղծելու և իշխանությունը զավթելու նպատակով դավադրության» մեղադրանքներով։

Ազատության մեջ է հայտնվել նաև 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալես Բելյացկին։ Իրավապաշտպանը ճաղերի հետևում անցկացրեց 4,5 տարի։ 2023 թվականին նրան դատապարտել էին 10 տարվա ազատազրկման՝ հարկեր չվճարելու, հասարակական կարգը «կոպտորեն խախտող» ակցիաների կազմակերպման ու ֆինանսավորման հոդվածներով։

Ազատ է արձակվել նաև Վիկտոր Բաբարիկոն՝ բանկիր, որը 2020 թվականին առաջադրել էր իր թեկնածությունը նախագահական ընտրությունների ժամանակ։ Կաշառք ստանալու մեղադրանքով նրան 2021 թվականին դատապարտել էին 14 տարվա ազատազրկման։ Բանկիրի որդին՝ Էդուարդ Բաբարիկոն, շարունակում է մնալ ճաղերի հետևում։ Ազատ արձակվածների ցանկում ընդգրկված են նաև գրականագետ և քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, TUT.BY-ի գլխավոր խմբագիր Մարինա Զոլոտովան և փաստաբան Մաքսիմ Զնակը։

Ընդհանուր առմամբ, շաբաթ Լուկաշենկոն ներում է շնորհել 123 քաղբանտարկյալի։ Նրա մամուլի ծառայությունը հայտնել է, որ այդ մարդիկ դատապարտվել էին լրտեսության, ահաբեկչական և ծայրահեղական գործունեության համար։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտնել է, որ ներում ստացածների թվում կան հինգ ուկրաինացիներ։ Բելառուսական «Наша Нива»-ի փոխանցմամբ՝ ազատության մեջ են նաև Լեհաստանի քաղաքացի Ռոման Գալուզան, Ավստրալիայի քաղաքացի Ալեքսանդր Սիրիցան, Լատվիայի քաղաքացի Աննա Սակալենկոն, Ճապոնիայի քաղաքացի Նականասի Մասատոսին և ԱՄՆ քաղաքացի Նատալի Բելսկայան։ Լեհաստանի ԱԳՆ-ից փոխանցել են, որ ցանկում չկա բելառուսական ծագմամբ լեհ լրագրող Անդրեյ Պոչոբուտը։ 

Նոյեմբերի վերջից ի վեր Լուկաշենկոն ներում է շնորհել 156 մարդու։ Ավելի վաղ, այս տարվա հունիսին և սեպտեմբերին կայացած նմանատիպ բանակցություններից հետո, Լուկաշենկոն ազատ էր արձակել մի քանի տասնյակ քաղբանտարկյալի, այդ թվում՝ ընդդիմադիր Նիկոլայ Ստատկևիչին և Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Սերգեյ Տիխանովսկուն:

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter