HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

ԱՄՆ-ը 10% մաքսավճար է սահմանել Հայաստանից առաքանու համար

Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է լրացուցիչ 10 տոկոս գանձել, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք։

Տիգրան Հակոբյանն օրեր առաջ «Հայփոստի» միջոցով ծանրոց ուղարկելիս տեղեկացել է, որ 10 % ավել գումար պետք է վճարի։ «Հարցրեցի աշխատակցին՝ ի՞նչ է դա, ասաց՝ 10 % ապրանքի արժեքից պետք է ավել վճարեք, մեկ ամիս է, ինչ էդպես է։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար, կամ ու՞մ եմ վճարում՝ ԱՄՆ-ին, ՀՀ-ին, թե «Հայփոստին», չկարողացավ պատասխանել»,- ասում է Տիգրանը։ Ըստ նրա՝ անդորրագրի վրա գրված է՝ ԱՄՆ մաքսատուրք, բայց ուղեկցող փաստաթղթում, որն առաքանու հետ ուղարկվում է ԱՄՆ, ոչ մի նշում չկա։

«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պատկերացրեք՝ որքան մարդ է ԱՄՆ առաքանի, մանր կապոց կամ ծանրոց ուղարկում, ու ինչ գումարներ են գանձում»,- նշում է Տիգրանը։ Այս հավելյալ մաքսատուրքը չի վերաբերում Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող ծանրոցներին։  

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ ուղղելով քաղաքացուն հուզող հարցերը։ 

«Հայփոստ» ՓԲ ընկերությունը հայտնել է,  որ 10 տոկոսանոց հավելավճարը պայմանավորված է ԱՄՆ կառավարության սահմանած նոր սակագնային կարգավորումներով։ «Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշ փոփոխությունների արդյունքում Հայաստանից ԱՄՆ առաքանիների համար սահմանվել է մաքսազերծման նոր կարգ, ըստ որի՝ բոլոր առաքանիների մասով պետք է հաշվարկված լինի մաքսաճարի չափը և փոխանցվի ԱՄՆ-ի մաքսային մարմիններ ուղարկող ընկերություն, կամ ԱՄՆ հավաստագրված ընկերություններից որևէ մեկի միջոցով։ ՀՀ-ի համար մաքսային շեմը սահմանված է 10 %»,- ասվում է «Հայփոստի» պատասխանում:

«Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիներից գանձված մաքսավճարը փոխանցում է ԱՄՆ մաքսային մարմիններում հավատարմագրված «Zonos» ընկերությանը, որն իր հերթին գումարը փոխանցում է ԱՄՆ բյուջե։ Վճարման կտրոնի վրա նշվում է ԱՄՆ մաքսային վճարի չափը։ Հաճախորդի հայտարարագրած առաքանու ներդրանքի արժեքի 10% գումարը համարվում է ԱՄՆ մաքսային վճար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի համաձայն։ 

Ըստ «Հայփոստի» պարզաբանման՝ սահմանված վճարը գանձվում է միայն ԱՄՆ ուղղությամբ, քանի որ նման պահանջ ներկայացրել է միայն ԱՄՆ-ն։ Այլ՝ երրորդ երկիր ծանրոց, առաքանի ուղարկելիս լրացուցիչ վճար նախատեսված չէ։

««Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակիցները նախապես, մինչև գործարք կատարելը հաճախորդին տեղեկացնում են մաքսային վճարի վերաբերյալ, որն էլ արտացոլվում է կտրոնի վրա և հաստատվում հաճախորդի ստորագրությամբ։ ՀՀ-ից դեպի ԱՄՆ առաքանիներ ուղարկող բոլոր կազմակերպությունները վերոգրյալ հիմքով այժմ գանձում են մաքսավճար»,- նշված է ընկերության պատասխանում։

Հիշեցնենք, որ ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը: 

Ըստ «Հայփոստի» հայտարարության՝ ծառայությունը պետք է վերականգնվեր կարգավորումների հստակեցումից հետո։ Փաստացի, ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը վերականգնված է՝ նոր սակագներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter