Բաքվում շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները
Դեկտեմբեր 4-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների գործով դատավարությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական եւ իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարությունները:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալությունը գրում է, որ դատական նիստին շարունակվել են հայ գերիների պաշտպանների ելույթները։
Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանի պաշտպան Ագշին Մամեդլին իր ելույթում նշել է, որ դատարանի պարտականությունն է ոչ միայն ստուգել մեղադրական եզրակացության մեջ նշվածը, այլև ապահովել արդարության, իրավունքի գերակայության և անմեղության կանխավարկածի սկզբունքները։ Նա նշել է, որ դատավճիռը պետք է կայացվի միայն վերջնական և անհերքելի ապացույցների հիման վրա և դատարանին խնդրել է արդարացնել Դ. Իշխանյանին։
Հայ գերիներից Լևոն Բալայանի պաշտպան Վաֆա Մեհդիևան, հղում անելով իր պաշտպանյալի ցուցմունքին, նշել է, որ 1995-ից 1998 թվականներին նա ծառայել է Շուշիի, Ստեփանակերտի և Խոջալուի զորամասերում, որոնց համարները նա չի հիշում։ Փաստաբանը նշել է, որ իր պաշտպանյալի գործողությունները հանցագործություն չեն և դատարանից խնդրել է արդարացնել նրան։
Դավիթ Ալավերդյանի պաշտպան Նիզամի Ալիևը նշել է, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի ճանաչում առաջադրված մեղադրանքներում։ Նա նշել է, որ Դ. Ալավերդյանի դեմ ներկայացված ապացույցները անհիմն և անհավաստի են։ Պաշտպանը դատարանից խնդրել է արդարացնել Դ. Ալավերդյանին։
Էրիկ Ղազարյանի պաշտպան Նաթիգ Մուստաֆաևն ասել է, որ իր պաշտպանյալը իրեն մեղավոր չի համարում և իբր «զենքը հանձնելով՝ նա կամավոր հանձնվել է Ադրբեջանի զինված ուժերին»։ Նա դատարանից խնդրել է արդարացնել Է. Ղազարյանին։
Մելիքսեթ Փաշայանի պաշտպան Էլնազ Սամեդովան նշել է, որ իր պաշտպանյալը չի մասնակցել ակտիվ մարտական գործողությունների։ Նա ասել է, որ Մ. Փաշայանի դեմ մեղադրանքներն անհիմն են, ուստի նա պետք է արդարացվի:
Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտպաններ Օգտայ Մադաթովը և Խայամ Ասկերովը հայտարարել են, որ իրենց պաշտպանյալը իրեն մեղավոր չի համարում և խնդրել են դատարանին կայացնել արդարացի վճիռ:
Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանի փաստաբան Նիգար Միրբաբաևան նշել է, որ իր պաշտպանյալը ծառայել է թիկունքում, աշխատել է որպես քաղաքացիական անձ և պատասխանատու է եղել սննդի և հագուստի բաշխման, ինչպես նաև բժշկական պարագաների կազմակերպման համար։ Նա նշել է՝ քանի որ Բ. Սահակյանի անմեղությունն ապացուցված է, արդարացումը միակ արդար և օրինական վճիռը կլինի։
Գարիկ Մարտիրոսյանի պաշտպան Ռաշադատ Ախունդովը հայտարարել է, որ իր պաշտպանյալն իրեն մեղավոր չի ճանաչում։ Փաստաբանը նշել է, որ Մարտիրոսյանին «հանցավոր կազմակերպության» հետ կապող որևէ ապացույց չի հայտնաբերվել։ Նա ծառայել է որպես շարքային զինծառայող, ապա անցել է պայմանագրային ծառայության՝ ստանալով աշխատավարձ։ Պաշտպանը դատարանին խնդրել է Մարտիրոսյանին արդարացի պատիժ շնորհել։
Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտպան Ջավիդ Ռզազադեն համաձայն չի եղել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքների հետ։ Նա նշել է, թե իբր Արցախի պաշտպանության բանակը ենթարկվել է Հայաստանի զինված ուժերին, և իբր «հեռահար հրթիռները գտնվել են ոչ թե Արցախում, այլ Հայաստանում»։ Նա դատարանից խնդրել է արդարացնել Ա.Հարությունյանին՝ հայտարարելով, որ նրա գործողությունները հանցագործություն չեն։
«Դատավարությունը» կշարունակվի դեկտեմբերի 11-ին։
15 հայ գերիներին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածներով՝ 100 (ծրագրում, նախապատրաստում, ագրեսիվ պատերազմի սանձազերծում կամ վարում), 102 (հարձակում միջազգային պաշտպանություն վայելող անձանց և կազմակերպությունների վրա), 103 (ցեղասպանություն), 105 (բնակչության ոչնչացում), 106 (ստրկատիրություն), 107 (բնակչության տեղահանում կամ բռնի տեղահանում), 109 (հետապնդում), 110 (անձանց հարկադիր անհետացում), 112 (ազատազրկում, որը հակասում է միջազգային իրավունքին), 113 ( խոշտանգումներ), 114 (վարձկանություն), 115 (պատերազմի օրենքների և սովորույթների խախտում), 116 (միջազգային մարդասիրական իրավունքի խախտում զինված հակամարտությունների ժամանակ), 118 (պատերազմական կողոպուտ), 120 (դիտավորյալ սպանություն), 192 (ապօրինի բիզնես), 214 (ահաբեկչություն), 214-1 (ահաբեկչության ֆինանսավորում), 218 (հանցավոր համայնքի կազմակերպում (հանցավոր կազմակերպություն)), 228 (ապօրինի կերպով զենք, դրանց համար բաղադրամասեր, զինամթերք, պայթուցիկ նյութեր և պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, տեղափոխելը, վաճառելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 270-1 (վտանգավոր գործողություններ՝ ավիացիոն անվտանգությանը), 277 (պետական կամ հասարակական գործչի դեմ մահափորձ), 278 (իշխանության բռնությամբ զավթում կամ իշխանության բռնի պահպանում, պետության սահմանադրական կարգի բռնի փոփոխություն), 279 (զինված կազմավորումների կամ խմբերի ստեղծում) և այլ հոդվածներով:
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործն էլ քննվում է առանձին վարույթով:
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ապօրինի ազատազրկված են Բաքվում 2023 թվականի սեպտեմբերից։ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո Ադրբեջանի ուժայինները ձերբակալեցին և Բաքու տեղափոխեցին Արցախի նախկին և ներկա ռազմաքաղաքական ղեկավարության 8 ներկայացուցիչների։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Կարդացեք նաև՝
- Բաքվում ապօրինի պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներից 5-ին սպառնում է ցմահ ազատազրկում
- Բաքվում պահվող հայ գերիների պաշտպանները միջնորդել են դատարանին արդարացնել նրանց
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել