Եղել են իրավիճակներ, երբ արցախցի երեխաները հրաժարվել են դպրոց գնալ
Մանկավարժի կարծիքով՝ պատճառն այն է, որ դպրոցը նրանց ջերմացնելու, մտերմացնելու գործընթաց չի իրականացրել
Մանկավարժ Նաիրա Երկանյանը 2023թ․-ից ուսումնասիրում է Արցախից բռնի տեղահանված, այժմ Երևանի և մարզային դպրոցներում սովորող աշակերտների հոգեվիճակը։ Մանկավարժը նկատել է, որ արցախցի տղաներն անընդհատ խոսում են, իսկ աղջիկների մեծ մասը շարունակ լուռ է։ Աղջիկներից մեկն ուրիշ դպրոցից է տեղափոխվել կոնֆլիկտի պատճառով, որովհետև մանկավարժները նրան չեն ընկալել։
Հետազոտության արդյունքները նա ներկայացրեց մեկ ամիս առաջ Երևանում տեղի ունեցած «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի շարունակվող ճգնաժամը բանավոր պատմություններում» միջազգային գիտաժողովի ժամանակ։ Ուսումնասիրությունը նպատակ ուներ ցույց տալու, թե ինչպես կարող է կրթական միջավայրը նպաստել տեղահանված 14-18 տարեկան դեռահասների հոգեբանական կայունացմանը, վստահության վերականգնմանը և սոցիալական ներառմանը։
«Ես նաև շատ ուսուցիչների հետ եմ խոսել։ Դպրոցը նրանց ջերմացնելու, մտերմացնելու գործընթաց չի իրականացրել, որը ճիշտ չէ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Նաիրա Երկանյանը։
Վերջինս եկել է այն համոզման, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դեռահասների հոգեբանական վիճակը կարելի է հասկանալ միայն այն դեպքում, երբ նկատի ունենանք նրանց կորստի բազմաշերտ բնույթը։
«Երբ դեռահասը զրկվում է իր ընկերներից, ընտանիքից, սովորական միջավայրից, նա կորցնում է նաև այն հիմքերը, որոնց վրա հենվում էր իր ինքնաճանաչումը և հոգեկան հավասարակշռությունը»,- նշում է մանկավարժը։
Աշակերտների հետ ունեցած զրույցներից մանկավարժը եզրահանգել է, որ շատերի համար ամենադժվար փուլը հենց դպրոց հաճախելն էր։ «Հետազոտության ընթացքում նրանք անկեղծորեն նշում էին, որ ավելի հեշտ էր հաղթահարել տեղահանման ֆիզիկական դժվարությունները, քան ինտեգրվել մի միջավայրի, որտեղ, ինչպես իրենք էին ասում, «մեզ չէին հասկանում, և ոչ ոք չէր կարող պատկերացնել, թե ինչերի միջով ենք անցել»»,- պատմում է Ն․ Երկանյանը։ Մանկավարժի կարծիքով՝ այս խոսքերը բացահայտում են հոգեբանական օտարման զգացումը, որը կարող է վերածվել լռության, ինքնամեկուսացման, անգամ՝ ուսման նկատմամբ անտարբերության։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը փորձել է լրացնել դեռահաս արցախցիների հետ աշխատելու նախկինում եղած բացթողումը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) երիտասարդական ծրագրերի ղեկավար Հասմիկ Ալեքսանյանն ասում է, որ 2023թ.-ին Արցախից բռնի տեղահանված երիտասարդների ու դեռահասների համար միաժամանակ մի քանի ծրագիր են իրականացնում։ Դեռևս 2020թ․-ին նկատել էին, որ սոցիալ-հոգեբանական աջակցությունը, հիմնականում, ուղղվում է արցախա-ադրբեջանական պատերազմի հետևանքով տեղահանված երեխաներին ու մեծահասակներին, իսկ դեռահասներն ու երիտասարդներն ուշադրությունից դուրս են մնում։
«Նրանց համար դժվար շրջան էր, բայց ավելի շատ էին «փակվում», երբ խոսք էր գնում սեանսների կամ թերապիաների մասին։ Որպեսզի չասեինք` եկել ենք ձեզ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու, մտածեցինք իրենց հետաքրքրող միջոցներով աշխատել՝ ավելի շատ արվեստի, երաժշտության ու սթորիթելինգի (պատմություններով կիսվելու սոցիալական և մշակութային գործունեություն-խմբ․) միջոցով»,- ասում է Հասմիկը։
Համագործակցել են «Սիստեմա Արմենիա» մշակութային հիմնադրամի հետ, շրջել են մարզերով ու երաժշտական թերապիա իրականացրել։ Ծրագրում ընդգրկել են և՛ համայնքի երիտասարդ բնակիչներին, և՛ այդ համայնքներում վերաբնակվող արցախցի երիտասարդներին` փորձելով նրանց նաև երաժշտության միջոցով մտերմացնել։ Ծրագրում ընդգրկված արցախցի երիտասարդները երաժշտական խումբ են ստեղծել և 10-ից ավելի երգ գրել, որտեղ իրենց հույզերն են արտահայտել։
«Հանդիպումների ժամանակ երբեմն նկատում ենք, որ փախստական երիտասարդներն այդքան էլ ակտիվ չեն, չեն ուզում խոսել, շփվել, պարփակված են, որովհետև դեռ ունեն այդ ցավը։ Սակայն, երբ ապահով տարածք ես տրամադրում ու չես ասում, որ անպայման պիտի պատմեք ձեր հույզերի մասին, այլ հմտություններ ես փոխանցում, վերջում իրենք են որոշում խոսել»,– պատմում է Հասմիկը։
Արցախցի դեռահասների համար ևս մեկ ծրագիր իրականացնում են «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի» հետ։ Գրավոր պատմասացության, ֆոտո, վիդեո և ժամանակակից տեղեկատվական այլ մեթոդներ օգտագործելով՝ երիտասարդներին ազատ արտահայտվելու հնարավորություն են տալիս։ Հասմիկի ասելով՝ արդեն որոշ հմտություններ են ձեռք բերել, միգուցե որոշեն նաև մասնագիտանալ այդ ոլորտում։
Եռօրյա հանդիպումները քաղաքից դուրս են տեղի ունենում, որպեսզի երիտասարդները նույն միջավայրում լինեն, ովքեր պատմելու բան ունեն՝ ներկայացնեն։ Հասմիկն ամենից շատ կարևորում է նրանց համար ազատ արտահայտվելու հնարավորություն ստեղծելը, որպեսզի խոսեն իրենց էմոցիաների, հույզերի, փորձառության մասին։ Կարևոր է, որ այդ համայնքի երիտասարդները լսեն ու տեսնեն, թե ինչ է տեղի ունեցել նրանց հետ։
Պատանիներից մեկը որոշել է ֆոտոպատմությամբ ցույց տալ, թե ինչպես է ինքը Արցախից հասել Հայաստան ու հիմա որտեղ է բնակվում։ Մեկ ուրիշը որոշել է այսուհետ պատմություններ գրել ու ներկայացնել իր ապրումները։ Սա նույնպես հոգեբանական աջակցության ու տրավման հաղթահարելու մեթոդ է։
Եվս մեկ ծրագրով անհատական թերապիաներ են իրականացնում հոգեկան տրավմաներ ունեցող երիտասարդների համար։ Նրանց նաև տեղեկացնում են հարակից ծրագրերի մասին, հորդորում ընդգրկվել այդ խմբերում։ Հասմիկի ասելով՝ շատ դժվար է գտնել այն երիտասարդներին, ովքեր պարփակված են ու միգուցե չեն զգում, որ խնդիրներ ունեն։ Բայց փորձում են տեղական ՀԿ-ների, նաև արցախցի գործընկերների հետ գտնել նրանց։ Վերջիններս իրենց համայնքներում բնակվող երիտասարդներին համոզում են թերապիաներ անցնել։
«Եղել են երիտասարդներ, որոնք առանձնապես չեն ցանկացել դիմել, բայց մտածել են` գուցե օգնի։ Կային երիտասարդ աղջիկներ, ովքեր ընդհանրապես չէին խոսում։ Ծրագրում ընդգրկվելու երրորդ օրվանից սկսել են բացվել ու պատմել իրենց հույզերի ու ապրումներ մասին, նաև շնորհակալություն են հայտնել, որ այդ հարթակը ստեղծվել է իրենց համար։ Այստեղ նրանք ազատ են, ոչ ոք նրանց չի դատապարտում ու կարող են ազատ խոսել»,- ներկայացնում է երիտասարդական ծրագրերի ղեկավարը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը մարզերում ստեղծել է նաև ոչ ֆորմալ կրթության երիտասարդական կենտրոններ։ Կենտրոնների աշխատակիցները համայնքներում և դպրոցներում ներկայացնում են կենտրոնի գործունեությունը, ծրագրերը և փորձում են երիտասարդներին ներգրավել իրենց կենտրոններում։ Այստեղ երիտասարդները տարբեր հմտություններ են ձեռք բերում։ «Ինձ համար ամենակարևորն այն է, որ դրսում ժամանակ անցկացնելու փոխարեն գնան այնտեղ, նոր ընկերներ ձեռք բերեն, շփվեն միմյանց հետ, սոցիալիզացվեն»,– ասում է Հասմիկը։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը 6 այդպիսի կենտրոն է ստեղծել մարզերում։ Իրենց տվյալներով՝ ամեն կենտրոնում տարեկան մինչև 400-500 երիտասարդ է հաճախում ու ծառայություններ ստանում։ Կենտրոնների ցանցը շարունակում են ընդլայնել, դրանց թիվը շուտով կավելանա երեքով՝ Աշտարակում, Չարենցավանում և Վայքում, որտեղ մեծ թվով արցախցի երիտասարդներ են բնակվում։
ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ համահեղինակել է «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքը, որն ընդունվել է այս տարվա մարտին։ Օրենքը բոլոր համայնքներին պարտավորեցնում է երիտասարդական կենտրոններ ստեղծել ու աշխատողներ ունենալ։ Հասմիկ Ալեքսանյանի տեղեկացմամբ, այդպիսի կենտրոններ նաև ԿԳՄՍ նախարարությունն է ստեղծում։
Ճապոնիայի կառավարության դրամաշնորհով դասընթացներ են իրականացնում երիտասարդական ու համայնքային աշխատողների համար։ Նրանց փոխանցում են հոգեկան առողջությունը կարևորելու հիմնական հմտությունները, նաև՝ երիտասարդների շրջանում առկա խնդիրները վեր հանելու կարողություններ։ Օրենքի համաձայն՝ համայնքի ղեկավարի աշխատակազմն այսուհետ երիտասարդության հարցերով պատասխանատու պիտի ունենա, որը նաև համակարգելու է երիտասարդական կենտրոնի աշխատանքը։
«Եթե համայնքներում համակարգային լուծումների մասին ենք խոսում, երիտասարդական կենտրոնները դրա լավագույն օրինակն են։ Երիտասարդական կենտրոնի աշխատողների հետ մեր դասընթացները միջոց են, որ իրենք հետագայում կարողանան աշխատանքներում ներգրավել փախստական երիտասարդներին, պատրաստ լինեն աշխատել նրանց հետ»,– հայտնեց Հասմիկը։
Կրթությունից դուրս մնացած արցախցի երեխաները վերադարձա՞ն հանրակրթություն
ԿԳՄՍ նախարարության տվյալներով՝ 2023թ․-ին Արցախից բռնի տեղահանվելուց հետո դպրոցական տարիքի 25 215 երեխա է հաշվառվել Հայաստանում, սակայն նրանց 29%–ը կա՛մ ընդհատել է կրթությունը, կա՛մ չի ընդգրկվել կրթական համակարգում։ Նրանց 10%-ը կրթությունն ընդհատել է դպրոցում ընդգրկվելուց հետո, իսկ 19%-ը կրթական համակարգում չի ընդգրկվել։ ՅՈւՆԻՍԵՖ-ի գրասենյակից հետաքրքրվեցինք, թե դեռահասների հետ աշխատանքներ տանելուց հետո փոխվե՞լ են այս թվերը, քանի՞սն է վերադարձել հանրակրթություն։
«Արդարադատության մատչելիություն» ծրագրի ղեկավար Վիկտորյա Օհանյանն ասում է, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և գործընկեր սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող կազմակերպությունների մասնագետները հանդիպել են արցախցի երեխաների կրթությունից դուրս մնալու դեպքերի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը սոցիալ-հոգեբանական աջակցության և կրթական ծրագրերի շրջանակներում աշխատանքներ է տարել՝ պատճառները վերացնելու համար։ Սակայն, թե քանի երեխա է վերադարձել կրթություն, իրենց հայտնի չէ։ Տեղեկություններ ունեն այն դեպքերի մասին, երբ սոցիալ-հոգեբանական աշխատանքի արդյունքում հաջողվել է երեխաներին վերադարձնել դպրոց։
Ըստ նրա՝ դեռահասները կրթությունից դուրս են մնացել երկու հիմնական պատճառով։ Առաջինն այն էր, որ դեռահասության տարիքում շատ ավելի դժվար են հարմարվում, տարիքի բերումով շատ ավելի սուր է ընկալվում ցանկացած բան։
Երկրորդ պատճառն այն է, որ Արցախում ավագ դպրոց ունեցել են, բայց պարտադիր հանրակրթությունը 9 տարի էր, 12-ամյա կրթությունը պարտադիր չի եղել։ «Այսինքն, երեխաների մեծամասնությունը ոչ թե Հայաստանում չէր ուզում դպրոց գնալ, այլ՝ դպրոց չէր ուզում գնալ, որովհետև, իր կարծիքով, արդեն ավարտել է կրթությունը»,- մեկնաբանում է Վ․ Օհանյանը։ Նշված 29%-ի մեջ նաև այդ երեխաներն են, որ 9-ամյա կրթությամբ ավարտված են համարում իրենց կրթությունը։ Սակայն, պետությունն այդպես չի համարում։ Օրենքով երեխան մինչև 18 տարեկանը պիտի լինի հանրակրթության մեջ։
Վ․ Օհանյանի ասելով՝ երկրորդ պատճառով կրթությունից դուրս մնացածների հետ աշխատելն ավելի դժվար էր, որովհետև այն իրավական համակարգերի տարբերության և դրանով պայմանավորված՝ մարդկանց վարքագծի հարց է։ Այդ հարցի հիմնական լուծումներից մեկը դեռահասներին քոլեջներ ուղղորդելն է եղել։ Այնտեղ երեխան մասնագիտություն է ստանում և չի զգում, որ ինքը դպրոց է գնում։
Մնացած բոլոր դեպքերում, երբ խոսքն ավելի փոքր տարիքի երեխաների մասին է, արցախցի երեխաները երբեմն ունեցել են բարբառի հետ կապված խնդիրներ, երբեմն՝ բուլինգի դեպքեր դասարանում։ Սակայն, դա չի ունեցել այնքան սուր դրսևորումներ, որ երեխաները հատուկ այդ պատճառով դուրս մնան կրթությունից։
Եղել են երեխաներ, որ հրաժարվել են դպրոց գնալ։ Նրանց հետ հատուկ աշխատանք է տարվել համագործակցող ծնողների հետ միասին, և երեխաները վերադարձել են դպրոց։ «Հետևաբար, պատճառները, թե ինչու են փոքր տարիքի երեխաները դուրս մնում կրթությունից, նույնն են, ինչ Հայաստանի բնակիչների համար։ Դրդապատճառը կարող է սոցիալական լինել, օրինակ՝ երեխան չունի անհրաժեշտ պիտույքներ, կոշիկ և այլն։ Այդ հարցը պետք է լուծվի նույն տրամաբանությամբ, ինչ Հայաստանի համայնքների երեխաների դեպքում»,- ասում է ՅՈւՆԻՍԵՖ-ի «Արդարադատության մատչելիություն» ծրագրի ղեկավարը։
Վիկտորյա Օհանյանը նման դեպքերում մեծ դեր է վերապահում դպրոցի հոգեբանին։ Միաժամանակ ընդգծում է, որ հայտնի չէ, թե նման դեպքերում ինչ է անում հոգեբանը։ Նրա պատկերացմամբ՝ «ով ինչ կարողանում, այն էլ անում է, կամ՝ չի անում»։ Ծրագրի ղեկավարի տեղեկացմամբ, ներկայումս ՅՈՒՆԻՍԵՖ-ն աջակցում է ԿԳՄՍ նախարարությանը դպրոցի հոգեբանների աշխատանքային նկարագրերի, դերի և մատուցվող ծառայությունների հստակեցման ու տիպականացման հարցում։ Հստակեցվում են նրանց ներկայացվող պահանջները, դպրոցում հոգեբանի ֆունկցիաները, այդ թվում՝ նկարագրվում են ինտեգրմանը, երեխաների հոգեկան բարելավմանը, ծնողների հետ աշխատանքին ուղղված բոլոր պահանջները։
Ըստ այդմ, բոլոր դպրոցներում պետք է աշխատանքի վերցնել հոգեբանների։ Օհանյանի խոսքով, այդ հաստիքները լրացնելու մեծ խնդիր կա, լավ մասնագետները դժվարությամբ են համաձայնում աշխատել համայնքներում։ Հիմնականում Երևանում են ուզում աշխատել, լավագույն դեպքում՝ մարզկենտրոնում։
Լուսանկարները տրամադրել է ՅՈՒՆԻՍԵՖԻ Հայաստանի գրասենյակը։
Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել