HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի կալանքը փոխարինվեց բացակայելու արգելքով և վարչական վերահսկողությամբ

«Սրբազան պայքար»-ի գործով մեղադրյալ Տիգրան Գալստյանի խափանման միջոց կալանքը փոխարինվեց։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը որոշեց մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված խափանման միջոց՝ բացակայելու արգելք և վարչական վերահսկողություն։

Գալստյանի պաշտպանը խափանման միջոցը հարցը քննարկելիս նշեց, որ նա առողջական խնդիրներ է ունեցել, որոնք քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակ ավելի են սրվել, և պատշաճ խնամքի բացակայության պատճառով առաջ են եկել հենաշարժողական խնդիրներ։ Ուստի, Տիգրան Գալստյանին անհրաժեշտ է մշտական խնամք և խնամակալ։ Ըստ պաշտպանի՝ նման եզրահանգում «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն է տվել։

Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։

Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը նշեց՝ գտնում է, որ Տիգրան Գալստյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերն առկա են, նրան մեղսագրվում է հասարակական անվտանգության դեմ ուղղված առանձնապես ծանր հանցագործության կատարում, որի համար պատիժ է նախատեսված բացառապես ազատազրկման ձևով, և մեծ է հավանականությունը, որ խափանման միջոց չկիրառվելու պայմաններում Տիգրան Գալստյանը կարող է դրսևորել ոչ իրավաչափ վարքագիծ։

Հանրային մեղադրողը միջնորդեց փոխել կիրառված խափանման միջոցը և կիրառել տնային կալանք և բացակայելու արգելք։

Դատավոր Կարեն Ֆարխոյանը նշեց, որ նախորդիվ նշված կալանքի հիմքերը նվազել են, դատարանը որոշեց տնային կալանքի ժամկետը լրանալուց՝ նոյեմբերի 25-ից հետո մեղադրյալի նկատմամբ կիրառել համակցված խափանման միջոցներ՝ բացակայելու արգելքը և վարչական վերահսկողություն։

Հաջորդիվ դատարանը պետք է քննարկեր Հայկ Շահնազարյանի և Տիգրան Թոփալյանի խափանման միջոցի հարցը։ Պաշտպանը հայտնեց՝ նրանք ևս առողջական խնդիրներ ունեն, և խնդրեց նրանց խափանման միջոցի հարցը քննարկել դռնփակ ռեժիմով։

Դռնփակ ռեժիմից հետո դատարանը քննեց Բագրատ Սրբազանի խափանման միջոցի հարցը։ Դատարանը որոշեց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։

Լուսանկարում՝ Տիգրան Գալստյանը, «Հետք»-ի արխիվից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter