Կոռուպցիոն մեծ սկանդալ Ուկրաինայում. իրավապահ մարմիններն ընդեմ Վլադիմիր Զելենսկու շրջապատի
Վերջին օրերին Ուկրաինայում կոռուպցիոն մեծ սկանդալ է հասունանում։ Ուկրաինայի հակակոռուպցիոն մարմինները պնդում են, որ Ուկրաինայի կառավարության նախկին և գործող մի քանի անդամներ, այդ թվում՝ գործարար Թիմուր Մինդիչը, որին անվանում են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մտերիմ ընկերը, կապ ունեն ուկրաինական էներգետիկայում «ատկատների» մասշտաբային սխեմայի հետ։
Ինչպես պնդում է BBC-ն, որը ծավալուն հոդված է պատրաստել այդ մասին, սկանդալը, օրեցօր հավաքելով մեծ շրջադարձեր, կարող է ունենալ ամենաանկանխատեսելի հետևանքները ոչ միայն ուկրաինական քաղաքականության, այլև ողջ հանրության համար։
Այս շաբաթ ուկրաինական հակակոռուպցիոն մարմինները հայտարարեցին «բարձր մակարդակի հանցավոր խմբավորման» բացահայտման մասին, որը գործում էր երկրի էներգետիկայի համակարգում։ Իրավապահների խոսքով՝ հանցագործների կողմից ստացված անօրինական եկամուտների չափը հասնում է տասնյակ միլիոնավոր դոլարների։
Ուկրաինայի Ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (НАБУ) պնդում են, որ քննչական գործողությունների ընթացքում «տարբեր իրավիճակներում» «արձանագրվել են» սխեմային՝ Ուկրաինայի կառավարության չորս անդամների մասնակցություն։ Սակայն, ինչպես նշում է BBC-ն, ամենահետաքրքիրն այն է, որ բացահայտված հանցավոր խմբավորման ղեկավարի դերում НАБУ-ն նշում է գործարար Թիմուր Մինդիչին, որը հայտնի է նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ իր մոտ հարաբերություններով։
Ավելին, հանցավոր սխեմայի ստորին օղակներից մեկի ներկայացուցչի նկատմամբ խափանման միջոցի ընտրության ժամանակ դատախազը հայտարարել է, որ Մինդիչի ապօրինի գործունեության մյուս ուղղությունը եղել է Ուկրաինայի պաշտպանական ոլորտը։ Այդ կապակցությամբ նա նշել է այն ազդեցությունը, որը, ըստ նրա, Մինդիչը գործադրել է Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար, ներկայումս՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովի վրա։
🇺🇦 🪙 #Ukrainian investigators on Tuesday accused Timur Mindich, a close ally and longtime business associate of President Volodymyr #Zelensky, of orchestrating a $100 million corruption scheme in the energy sector. pic.twitter.com/TPTojjvPf3
— FRANCE 24 English (@France24_en) November 12, 2025
Ուկրաինական իշխանությունները խիստ չափավոր են արձագանքում НАБУ-ի կողմից արդեն երրորդ օրը տարածվող այս տեղեկություններին։
Սխեման, որի բացահայտման մասին НАБУ-ն հայտարարեց նոյեմբերի 10-ին, վերաբերում է «Էներգոատոմ» ընկերության գործունեությանը, որը հանդիսանում է Ուկրաինայի ատոմային բոլոր էլեկտրակայանների օպերատորը։ Ընկերության 100 տոկոս բաժնետոմսերը պատկանում են պետությանը։ Այս ձեռնարկության նշանակությունն Ուկրաինայի համար խիստ բարձր է։ Ատոմային էներգետիկան ներկայումս ապահովում է այդ երկրի էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելի քան կեսը (սառը եղանակային պայմանների ժամանակ՝ մինչև 70 տոկոսը)։ «Էներգոատոմ» ընկերության տարեկան եկամուտը գերազանցում է 200 միլիարդ գրիվնան՝ մոտ 4,76 միլիարդ դոլար։
Սխեմայի մանրամասները
Նոյեմբերի 11-ի երեկոյան Գերագույն հակակոռուպցիոն դատարանի նիստի ընթացքում դատախազը հայտարարել է, որ այս տարվա սկզբին Թիմուր Մինդիչը, «օգտվելով Ուկրաինայում ռազմական դրության պայմաններից, Ուկրաինայի նախագահի հետ բարեկամական հարաբերություններից, ինչպես նաև պետական ու իրավապահ գործող և նախկին պաշտոնյաների հետ կապերից, <...> սեփական շահերը բավարարելու նպատակով որոշել է ապօրինաբար հարստանալ»։
Ուկրաինայի դատախազության տվյալներով՝ հենց այդ նպատակով Մինդիչն ու իր մտերիմ Ալեքսանդր Ցուկերմանը ստեղծել են մի համակարգ, որը թույլ էր տալիս նրանց «ատկատ» ստանալ «Էներգոատոմ» ընկերության կողմից իրականացվող գնումների մեծ մասից։ Ըստ հակակոռուպցիոն մարմինների՝ այդ սխեման աշխատել է հետևյալ կերպ. «Էներգոատոմ»-ի պայմանագրային կողմը Ուկրաինայի ատոմային էլեկտրակայաններում կատարում էր որոշակի աշխատանքներ կամ մատակարարում անհրաժեշտ ապրանքներ։ Դրանից հետո նա պետք է «Էներգոատոմ»-ից ստանար այդ ապրանքների կամ ծառայությունների դիմաց վճարում։ Սակայն իրականում գումարները փոխանցվում էին միայն այն բանից հետո, երբ հանցագործները ստանում էին տվյալ կազմակերպությունից պայմանագրային գումարի 10-15 տոկոսի չափով «ատկատ»։ НАБУ-ի պարզաբանմամբ՝ երբեմն վճարումը պետք է իրականացվեր այն ընկերության հաշվեհամարներին, որոնք վերահսկվում էին հանցավոր խմբավորման անդամների կողմից, իսկ երբեմն՝ այլ ընկերությունների հաշվեհամարներին, որոնք սպասում էին «Էներգոատոմ»-ի համար կատարված աշխատանքների դիմաց գումար ստանալուն։
Ըստ НАБУ-ի՝ պայմանագրային կողմերից «ատկատ» չստանալու հնարավորություն գրեթե չկար։ Նման դեպքում այդ կազմակերպությունները պարզապես «Էներգոատոմ»-ից չէին ստանա կատարված աշխատանքների կամ մատուցված ծառայությունների դիմաց վճար։ Ավելին, մինչև վերջերս «Էներգոատոմ»-ը ներառված էր այն ձեռնարկությունների ցանկում, որոնցից ռազմական ժամանակաշրջանում պարտքերը գանձելն արգելված էր։ Այս ողջ սխեման ստացել է «Շլագբաում» անվանումը։
Իրավապահները պնդում են, որ այդ կերպ ստացված միջոցների օրինականացմամբ՝ օտարերկրյա ընկերությունների ցանցի միջոցով դրանց հաշվառմամբ և լվացմամբ, զբաղվում էր հանցավոր խմբավորման մեկ այլ գրասենյակ, որը գործում էր Կիևի կենտրոնում։ Ընդ որում, այդ տարածքը պատկանում է Ուկրաինայի անվտանգության ծառայության նախկին ղեկավար Լեոնիդ Դերկաչի որդուն՝ Անդրեյ Դերկաչին, որը նախկինում Ուկրաինայի խորհրդարանի անդամ էր, իսկ հիմա ՌԴ Դաշնային խորհրդի անդամ։ Վերջինս Ուկրաինայում իր գործունեության ժամանակ մշտապես հետաքրքրված է եղել ատոմային էներգետիկայի ոլորտով։ Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո նա փախել է Ռուսաստանի տարածք։ 2023 թվականին Դերկաչը մեղադրվել է պետական դավաճանության մեջ, իսկ Վլադիմիր Զելենսկին հրամանագրերից մեկով Դերկաչին զրկել է Ուկրաինայի քաղաքացիությունից։
НАБУ-ում պնդում են, որ այդ կերպ լվացված փողերը կանխիկացվել են Ուկրաինայի սահմաններից դուրս, այդ թվում՝ Ռուսաստանի տարածքում։ «Ընդհանուր առմամբ, այդ, այսպես կոչված, «լվացքատան» միջոցով լվացվել է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ։
⚡️#НАБУ та #САП проводять масштабну операцію з викриття корупції у сфері енергетики.
— NAB Ukraine (@nab_ukr) November 10, 2025
15 місяців роботи та 1000 годин аудіозаписів.
Задокументовано діяльність високорівневої злочинної організації.
Деталі згодом. pic.twitter.com/AarELB0KAf
НАБУ-ում նշում են, որ հանցավոր խմբավորման գործունեության հետաքննությունը տևել է շուրջ 15 ամիս, և դրա հետևանքով իրավապահ մարմինների մոտ կա այս գործով անցնող անձանց գաղտնալսումներ, որոնց տևողությունն անցնում է հազարավոր ժամերից։ Գերատեսչությունը դրանց մի մասը հրապարակել է նոյեմբերի 10-ին։
НАБУ-ի իրականացրած ձայնագրությունները
Նույն օրը հայտնի դարձավ մոտ 70 խուզարկության անցկացման մասին, այդ թվում՝ «Էներգոատոմ»-ի գրասենյակում և էներգետիկայի նախկին նախարար, ներկայումա՝ արդարադատության նախարար Գերման Գալուշենկոյի տանը։ Ձայնագրությունների հրապարակումը շարունակվել է նաև հաջորդ օրերին։ НАБУ-ի հրապարակած ձայնագրություններում մարդիկ, որոնք ակնհայտորեն գաղտնիության նպատակով միմյանց կոչում են կեղծանուններով, երբեմն օգտագործելով իրական անունները, քննարկում են հանցավոր գործունեության ամենատարբեր կողմերը։
Ձայնագրություններից մեկում «Ռոկետ» (НАБУ-ի վարկածով՝ էներգետիկայի նախկին նախարարի խորհրդական Իգոր Միրոնյուկը) և «Տենոր» (НАБУ-ի վարկածով՝ «Էներգոատոմ»-ի անվտանգության տնօրեն Դմիտրի Բասովը) կեղծանուններով անձնինք, որոնք պատասխանատու էին «Շլագբաում» սխեմայի շրջանակներում պայմանագրային կողմերից գումար հավաքելու համար, քննարկում են մատակարարների նկատմամբ ճնշումների գործադրման մեթոդները։ Ըստ նրանց՝ եթե ձեռնարկությունը չի վճարի «ատկատը», նրան պետք է զրկել «Էներգոատոմ»-ի հետ պայմանագրային կողմի կարգավիճակից, և այդ դեպքում դրա բոլոր աշխատակիցները «կզորակոչվեն բանակ»։
Մեկ այլ ձայնագրության մեջ նրանք քննարկում են «ատկատի» չափի բարձրացումը՝ էներգետիկայի նախարարի և «Էներգոատոմ»-ի ղեկավարության հնարավոր փոփոխության պատճառով։ Երրորդ ձայնագրությունում Ուկրաինայի նախկին փոխվարչապետ Ալեքսեյ Չեռնիշովը («Չե Գևարա») Ցուկերմանի («Շուգարմեն») հետ քննարկում է ստվերային գրասենյակից իրեն հասանելիք կանխիկ գումարների ստացման գործընթացը։
Չորրորդ ձայնագրության մեջ էլ «Ռեշիկ» կեղծանունով անձը, որը ստվերային գրասենյակի հաշվապահն է, բողոքում է, որ փողոցով 1,6 միլիոն դոլար կանխիկ տեղափոխելը «այդքան էլ հաճելի զբաղմունք չէ»։ НАБУ-ի քննիչ Ալեքսանդր Աբակումովը նշել է, որ «քրեական այս գործի քննության ընթացքում տարբեր իրավիճակներում մենք արձանագրել ենք չորս նախարարների մասնակցություն»։ Նոյեմբերի 11-ի երեկոյան НАБУ-ն հայտարարեց, որ կասկածում է, որ Չեռնիշովին ու նրա վստահված անձին (ըստ գաղտնալսման՝ կնոջը) փոխանցվել է 1,2 միլիոն ԱՄՆ դոլար ու գրեթե 100 հազար եվրո։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Չեռնիշովը ևս Վլադիմիր Զելենսկու մտերիմներից է։
Այդ ձայնագրություններում հանցավոր խմբի պարագլուխը` ենթադրաբար գործարար Մինդիչը, կրում է «Կառլսոն» կեղծանունը։ «Հենց նա էր վերահսկում, այսպես կոչված, «լվացքատան» գործունեությունը, որտեղ լվացվում էին հանցագործ ճանապարհով ստացված միջոցները։ Կիևի Գրուշևսկու փողոցի բազմահարկ շենքի վերին հարկերից մեկում գտնվող բնակարանից «Կառլսոն»-ը որոշում էր, թե ում և ինչքան կանխիկ գումար տրամադրել կամ փոխանցել, ինչպես նաև համակարգում էր, սեփական շահերը սպասարկելու համար, կենտրոնական իշխանության պաշտոնյաների վրա ազդելու գործողությունները, հատկապես էներգետիկայի և պաշտպանության ոլորտներում»,- ասված է НАБУ-ի՝ նոյեմբերի 11-ի հաղորդագրության մեջ։
Ընդ որում, Մինդիչը, որը ծնունդով Դնեպրից է, մինչև վերջերս այդքան էլ հայտնի գործարար չէր ու միայն վերջին մեկ-երկու տարիներին է դարձել Ուկրաինայի ամենաազդեցիկ դեմքերից մեկը։ Իր գործունեության ընթացքում նա բազմիցս համագործակցել է ուկրաինացի օլիգարխ Իգոր Կոլոմոյսկիի հետ։ Վերջինիս պնդմամբ՝ Մինդիչը եղել է հենց այն մարդը, որ ուկրաինացի օլիգարխին ծանոթացրել է Վլադիմիր Զելենսկու հետ։ Բացի այդ, Մինդիչը «Квартал 95» ստուդիայի համասեփականատերն էր։ Մինդիչը մտերիմ է նաև Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի հետ։
Ինչ վերաբերում է պաշտպանական ոլորտին, ապա, ըստ The Kyiv Independent-ի, խոսքը Fire Point ընկերության մասին է, որին НАБУ-ն կասկածում է սեփական արտադրության անօդաչուների գների անհիմն բարձրացման ու Պաշտպանության նախարարության պատվերների կատարման իրական կարողությունների կոծկման մեջ։ Անօդաչուների մի քանի մոդելներից զատ, Fire Point-ը արտադրում է նաև «Flamingo» թևավոր հրթիռները, որոնք Զելենսկին անվանել էր Ուկրաինայի կողմից արտադրված համանման ամենահաջող մշակումը։ The Kyiv Independent-ի լրագրողները պնդում են, որ այս կազմակերպության իրական սեփականատերը Թիմուր Մինդիչն է։
Ինչպես են այս ամենին արձագանքում ուկրաինական իշխանությունները
НАБУ-ի բացահայտման վերաբերյալ ուկրաինական իշխանությունների արձագանքը խիստ չափավոր է։ «Էներգոատոմ»-ում նոյեմբերի 10-ին հայտարարել են, որ իրականացվող հետաքննության ընթացքում ընկերությունը համագործակցում է իրավապահ մարմինների հետ։
Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն հայտարարել է, որ կառավարությունը սպասում է դատավարական գործողությունների արդյունքներին և պատրաստ է աջակցել հակակոռուպցիոն մարմիններին։ Նոյեմբերի 12-ի առավոտյան վարչապետը հայտնել էր Գալուշենկոյին արդարադատության նախարարի պաշտոնից ազատման մասին։ Ավելին, Յուլյա Սվիրիդենկոյի կառավարությունը որոշել է վաղաժամ ավարտել «Էներգոատոմ»-ի դիտորդական խորհրդի լիազորությունները և իրականացնել ընկերության շտապ աուդիտ, որի արդյունքները փոխանցվելու են իրավապահ և հակակոռուպցիոն մարմիններին։
Ուկրաինայի նախագահի գրասենյակից սկզբում հայտարարում էին, որ չեն տեսնում առանձին մեկնաբանություն տալու անհրաժեշտություն, սակայն երեկոյան ավանդական իր ուղերձում Վլադիմիր Զելենսկին այս թեմային հատկացրեց մոտ կես րոպե։
«Խիստ անհրաժեշտ է կոռուպցիայի դեմ ցանկացած արդյունավետ գործողություն։ Անխուսափելի պատիժ պետք է լինի։ «Էներգոատոմ»-ը ներկայումս ապահովում է Ուկրաինայի էներգետիկ արտադրության ամենամեծ մասնաբաժինը։ Ընկերությունում մաքրությունը առաջնահերթություն է։ <...> Յուրաքանչյուրը, ով կառուցել է սխեմաներ, պետք է ստանա հստակ դատավարական արձագանք։ Պետք է լինեն դատավճիռներ։ Իսկ պետական պաշտոնյաները պետք է աշխատեն НАБУ-ի և իրավապահ մարմինների հետ միասին՝ այնպես, ինչպես անհրաժեշտ է արդյունքի համար»,- հայտարարել էր նախագահ Զելենսկին՝ իր խոսքում չնշելով որևէ ազգանուն։
There must be maximum integrity in the energy sector, in absolutely all processes. I support – and the Prime Minister supports – every investigation carried out by law enforcement and anti-corruption officials. This is an absolutely clear and consistent position for everyone.… pic.twitter.com/6uYampIA6v
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) November 12, 2025
Նոյեմբերի 12-ին իր մեկ այլ ուղերձում Զելենսկին պահանջել էր արդարադատության և էներգետիկայի նախարարների հրաժարականը։ «Սա նաև վստահության հարց է։ Եթե մեղադրանքներ կան, պետք է պատասխանել դրանց»,- ասել էր Զելենսկին՝ նշելով, որ արդեն վարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին խնդրել է պատրաստել նախարարների հրաժարականի դիմումները։ «Ես Գերագույն Ռադայի պատգամավորներին խնդրում եմ աջակցել այս պահանջին։ Եվ հետո ամեն ինչ պետք է լուծվի իրավական հարթությունում»,- հավելել էր նա։ Ավելի ուշ, հայտնի էր դարձել, որ երկու նախարարներն էլ հրաժարական են տվել։
Այդուհանդերձ, НАБУ-ի այս խոշոր բացահայտումը ուկրաինական բազմաթիվ լրատվամիջոցներ կապում են հուլիսյան դեպքերի հետ, երբ ուկրաինական իշխանությունները փորձում էին սահմանափակել հակակոռուպցիոն մարմինների անկախությունը։ Եվ միայն տեղի ունեցած բողոքի ակցիաների պատճառով էր, որ Կիևը հրաժարվեց այդ մտքից։
Լուսանկարում ձախից աջ՝ Գերման Գալուշենկոն, Ալեքսեյ Չեռնիշովը և Թիմուր Մինդիչը/24 Канал
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել