«Եթե ահաբեկչության մասին արձանագրություն չկա, պետք է պաշտոնազրկվի». Բագրատ սրբազանը՝ ՔԿ նախագահի հայտարարության մասին
«Երեկ Քննչական կոմիտեի ղեկավարը խորհրդարանում հայտնել է, որ, իբր, իմ ձեռքով գրված արձանագրություն կա՝ ահաբեկչության պլանավորում։ Համարում եմ դա պաշտոնապես ասված, որովհետև նման պաշտոն ղեկավարող մարդը չի կարող տեղյակ չլինել գործի մանրամասներից»,- այսօր՝ նոյեմբերի 6-ին, դատարանում հայտարարեց Բագրատ սրբազանը։
Հիշեցնենք՝ երեկ Ազգային ժողովում Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ «Սրբազան պայքար» շարժման գործով մեղադրյալների ձեռքով գրված ապացույցներ կան, որտեղ արարքի որակում է տրվել՝ ահաբեկչություն, պլանավորված ահաբեկչություն։
Նույն օրը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով այն հարցին, թե ինչու են այս գործով ձայնագրությունները մոնտաժվել, ՔԿ նախագահը պատասխանեց. «Ընտրել ենք էն հատվածները, որոնք քրեական վարույթի համար ունեն նշանակություն ապացուցողական տեսանկյունից, մեր մեղադրանքը հիմնավորելու տեսանկյունից, պարտավոր էինք մոնտաժել։ Դա չի նշանակում, որ ամբողջական ձայնագրությունն առկա չէ, այն դատարանում է, հույս ունեմ, որ կհետազոտվի։ Եղել է գյուլլելու խոսակցություն, մենք էդ մասը հրապարակել ենք, թող ասեն՝ ում պիտի գյուլլեին»։
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում նոյեմբերի 6-ին Բագրատ սրբազանը հայտարարեց՝ եթե նման արտահայտություն կա որևէ տեղ՝ արձանագրված իր կամ մեղադրյալներից որևէ մեկի ձեռքով, ինքը պատրաստ է առանց քննության, առանց որևէ ապացույցի ծանրագույն պատիժ կրել։
«Եթե չկա նման բան, կամ եթե կա, իմ իրավունքն է՝ պահանջել, որ ՔԿ ղեկավարը անձնապես կամ իր միջնորդներով, ինչպես որ ցանկանում է, մյուս շաբաթ իր այդ արտահայտության պատասխանը տա։ Եթե չկա նման բան, ինքը պետք է պաշտոնազրկվի և, միևնույն ժամանակ, զրպարտության համար դատապարտվի։ Հաջորդ նիստին, եթե այդ հարցը չքննվեց, ես պատրաստ չեմ այս դատարան գալու»,- ասաց նա։
Սրբազանը կոչ արեց բոլոր պաշտպաններին հրաժարվել իրենց պաշտպանելուց, որովհետև դա հանցանքի մասին լրջագույն հայտարարություն է։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնեց, որ մեղադրանքի կողմն ապացույցների ծավալը կներկայացնի, պաշտպանական կողմը՝ նույնպես։ Ապացույցների ծավալը լրացնելուց հետո յուրաքանչյուրն իրավունք ունի ապացույցների ծավալի լրացում կատարել։
«Որևէ ապացույցի բացակայության պայմաններում անձը չի կարող դատապարտվել, և որևէ կասկած հանկարծ ձեզ մոտ չառաջանա, որ ապացույցի բացակայության պայմաններում դատարանն իրեն իրավունք կվերապահի որևէ անձի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացնել»,- նշեց նա։
Հաջորդ դատական նիկստը նշանակվեց նոյեմբերի 13-ին՝ ժամը 14.00-ին։
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել