Դեմոկրատ սոցիալիստ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում. Թրամփը փորձում էր կանխել դա
Ամերիկյան հեռուստաընկերությունների կանխատեսմամբ, Զոհրան Մամդանին կդառնա Նյու Յորքի հաջորդ քաղաքապետը։ Նա իրեն դիրքավորում է որպես սոցիալիստ, նրա ընտրությանը փորձում էր խոչընդոտել նախագահ Դոնալդ Թրամփը՝ կոչ անելով քվեարկել մեկ այլ դեմոկրատի՝ Էնդրյու Քուոմոյի օգտին։
Դեմոկրատական կուսակցության թեկնածու Զոհրան Մամդանիի հաղթանակը կանխատեսում են CBS-ն և CNN-ը։ Պաշտոնավարման մեկնարկի պահին 34-ամյա քաղաքական գործիչը կդառնա Նյու Յորքի վերջին 100 տարվա ամենաերիտասարդ քաղաքապետը, ինչպես նաև առաջին մուսուլմանը և ծնունդով աֆրիկացին, որը կզբաղեցնի այդ պաշտոնը։
Տեղի ժամանակով 21:00-ին փակվել էին Նյու Յորքի ընտրատեղամասերը։ 1969 թվականից ի վեր առաջին անգամ քաղաքապետի ընտրություններին մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ։ Քաղաքապետի պաշտոնի համար ընտրություններին մասնակցում էին նաև Նյու Յորք նահանգի նախկին նահանգապետ Էնդրյու Քուոմոն և հանրապետական վետերան Քերթիս Սլիվան։
Նախօրեին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ էր արել քվեարկել ոչ թե Սլիվայի, այլ՝ Դեմոկրատական կուսակցության անդամ Քուոմոյի օգտին, որն ամառը կայացած ներկուսակցական փրայմերիզի ժամանակ պարտվել էր Մամդանիին։ Թրամփը Զոհրան Մամդանիին անվանում է կոմունիստ ու սպառնում նրա հաղթանակի պարագայում սահմանափակել Նյու Յորքի դաշնային ֆինանսավորումը։
Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններից զատ, Դեմոկրատական կուսակցությունը այլ հաղթանակներ էլ է գրանցել։ Այսպես, նույն կանխատեսումներով, Նյու Ջերսի նահանգի նահանգապետ է ընտրվել դեմոկրատ կոնգրեսական Միքի Շերիլը՝ հաղթելով Թրամփի դաշնակից Ջեք Չիաթարելին՝ դառնալով նահանգի առաջին կին դեմոկրատ նահանգապետը։
Վիրջինիայի նահանգապետի ընտրություններում էլ հաղթել է դեմոկրատ նախկին կոնգրեսական և ԿՀՎ աշխատակից Էբիգեյլ Սփանբերգերը։ Երեք դեմոկրատներն էլ հաղթել են մեծ տարբերությամբ։
Ամերիկյան քաղաքական մեկնաբանները միաբերում պնդում են, որ այս ընտրություններն իրենց բնույթով բարոմետր էին ու ցույց են տալիս Թրամփի նախագահության առաջին ինը ամիսների նկատմամբ ամերիկացիների արձագանքը։
Լուսանկարը՝ Angela Weiss/AFP/Getty Images
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել