Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայից իր զորքերի դուրսբերման մասին
Զինաթափման քաղաքականության և պայքարի ռազմական մեթոդներից հրաժարման շրջանակներում Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը հայտարարել է Թուրքիայի տարածքից իր զորքերի ամբողջական դուրսբերման մասին։ Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Իրաքի հյուսիսում գտնվող Քանդիլի լեռներում (հայերենում հանդիպում է նաև Զարասպ տարբերակը) տեղի ունեցած հավաքի ժամանակ արված հայտարարության մեջ PKK-ի ղեկավարությունը հայտնել է, որ որոշել է իր մարտիկներին դուրս բերել Թուրքիայի տարածքից, որպեսզի դրվի «ազատ, ժողովրդավարական և եղբայրական կյանքի» հիմքը։ Հայտարարության համաձայն՝ կուսակցությունը պատասխան գործողություններ է սպասում թուրքական կառավարությունից, որը նրան թույլ կտա ինտեգրվել քաղաքական համակարգում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Բուրհանեթին Դուրանը կուսակցության զորքերի դուրսբերման մասին որոշումը կապել է Թուրքիայի կառավարության քաղաքականության հետ։ «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության այսօրվա հայտարարությունը «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացի ուղղությամբ նոր քայլ է։ <...> «Թուրքիան առանց ահաբեկչության» գործընթացը կշարունակվի շնորհիվ մեր հանձնաժողովի նախագահ, պարոն Դևլեթ Բահչելիի վճռական ու արի ղեկավարման։ Մեր նպատակն է մեր երկրում ամրապնդել խաղաղությունն ու անվտանգությունը, ու մեր տարածաշրջանում մշտական դարձնել խաղաղությունն ու կայունությունը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Դուրանը։
Հիշեցնենք, որ Բահչելին թուրք ազգայնական գործիչ է, Ազգայնական շարժում կուսակցության առաջնորդը, որը կապված է «Գորշ գայլերի» հետ։ Այս կուսակցությունը 2018 թվականից Ռեջեփ Թայիփ Էրդողաի Արդարություն և զարգացում կուսակցության հետ ձևավորել է «Ազգային դաշինքը»։
Ինքնալուծարման մասին որոշումը Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունն ընդունել էր այս տարվա մայիսին կայացած 12-րդ արտահերթ համաժողովի ժամանակ։ Ավելի վաղ, նման որոշման կոչ էր արել կուսակցության՝ բանտարկության մեջ գտնվող առաջնորդ Աբդուլա Օջալանը։
Լուսանկարը՝ ANKA-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել