HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հաշմանդամություն ունեցող ընտանիքի տունը 21-րդ աճուրդից հետո վաճառվել է շուկայականից 4 անգամ ցածր արժեքով․ ով է գնորդը

Խուդայանների հաշմանդամություն ունեցող ընտանիքին 2025-ի օգոստոսի 4-ին ոստիկանները վտարել են սեփական տնից, որը աճուրդով վաճառվել է շուկայականից չորս անգամ ցածր գնով՝ մոտ 9 միլիոն դրամով։ Գնորդը՝ Վազգեն Հովհաննիսյանը, վերջին տարիներին մի քանի անշարժ գույք է ձեռք բերել հարկադիր աճուրդներով, որոնց մի մասը հետագայում վերավաճառել է։ Դատախազությունն արդեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ պարզելու աճուրդի օրինականությունը և հնարավոր չարաշահումները։

69-ամյա Սերգեյ Խուդայանը կնոջ, երկու դստեր և թոռան հետ բնակվում էր Մասիսի տարածաշրջանի Խաչփար գյուղում։ Սերգեյ Խուդայանը, կինը և աղջիկը 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեն․ բոլորն էլ՝ տեսողական խնդիրներով։ Սերգեյ Խուդայանի մյուս դուստրն էլ օնկոլոգիական հիվանդություն ունի: Վերջինս 7-ամյա որդու հետ բնակվում էր հոր տանը։ 

Սերգեյ Խուդայանը տարիներ առաջ վերցրած վարկերը չի կարողացել մարել: Նրան խորհուրդ են տվել իր  նախաձեռնությամբ սնանկ ճանաչվել: Դատարանի վճռով Խուդայանը սնանկ է ճանաչվել, տունը աճուրդով վաճառվել է։ Աճուրդում տան մեկնարկային գինը սահմանվել է 39 մլն 200 հազ. դրամ: Սակայն, այդ գնով չի վաճառվել, և սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանի  խոսքերով՝ 21-22 անգամ աճուրդ է հայտարարվել, և 0,157 հա բնակելի կառուցապատման նշանակության հողամասը, շինությունները՝ 224,9 քմ բնակելի տունը, 31,6 քմ ավտոտնակը, 8,6 քմ մակերեսով լողարանը, 21.9 քմ ծածկն ու 3,82 քմ կաթսայատունը վաճառվել են մոտ 9 մլն դրամով։ 

Սնանկության գործով կառավարիչ Վահրամ Ապրեսյանն ասաց, որ տունը երկու տարի՝ ամեն ամիս աճուրդի է դրվել, իսկ 15-րդ աճուրդը եղել է 2025թ. հունվարի 17-ին:

«Ինչու եմ շեշտում 15-րդ աճուրդը, որովհետև տվյալ պահին գործող կարգով 15-րդ աճուրդից արդեն գինը չէր նվազեցվում: Հետագայում ամեն ամիս աճուրդի է դրվել, 21 կամ 22-րդ աճուրդին վաճառվել է»,- ասում է Վահրամ Ապրեսյանը:

Սնանկության կառավարչի փոխանցմամբ՝ Խուդայանների դեպքում չի գործել միակ բնակարանը աճուրդով չվաճառելու կամ նվազագույն արժեքը վերադարձնելու օրենքով նախատեսված կարգը, քանի որ տունը եղել է գրավի առարկա, հետևաբար ենթակա էր վաճառքի

Խուդայանների տան առաջին աճուրդը կայացել է 2023թ. դեկտեմբերի 15-ին: Քանի որ գնորդ չի եղել, արդեն կրկնաճուրդի ժամանակ՝ 2024թ. հունվարին, տան գինը 39 մլն 200 հազ. դրամից իջել է 35 մլն 280 հազ. դրամ և այդպես շարունակ ամեն անգամ նվազել է 10 տոկոսով: Ի վերջո, 2025թ. հունիսի 5-ին կայացած աճուրդում միակ հայտ ներկայացրած անձը՝ Վազգեն Հովհաննիսյանը, 8 մլն 967 հազ. 730 դրամով գնել է Խուդայանների տունը: 

Հարկ է նշել, որ աճուրդի հայտարարությունների մեջ նշված է եղել, որ տունը ծանրաբեռնված է բնակիչներով, որոնց հնարավոր վտարման հարցը պետք է լուծի գնորդը: Այսինքն՝ Վ. Հովհաննիսյանը, հստակ իմանալով, որ տանը բնակիչներ կան, գնել է տունը և նրանց վտարել: Խուդայաններն այժմ ապրում են վարձով: Երկու ամսվա տան վարձը վճարում է ընտանիքին անծանոթ մարդ, իսկ թե ինչ է լինելու դրանից հետո, հայտնի չէ:

Հարկադիր աճուրդը՝ բիզնե՞ս

Խուդայանների տան գնորդը 31-ամյա Վազգեն Հովհաննիսյանն է։ Նա հաշվառված է Արմավիր քաղաքի՝ նկարում պատկերված շենքի  ձեղնահարկում։ Փաստացի այդ հասցեն գոյություն չունի, քանի որ 2017թ. հոկտեմբերի 22-ին, անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել  շենքում, և այն ամբողջությամբ այրվել է՝ դառնալով բնակության համար ոչ պիտանի: Սակայն, աճուրդային բոլոր փաստաթղթերում հենց այդ շենքի հասցեն է նշված: 

Վազգեն Հովհաննիսյանը, բացի Խուդայանների տնից, հարկադիր աճուրդներով 2024 և 2025 թվականներին ձեռք է բերել մի քանի հողամաս՝ Արարատ համայնքի Արմաշ գյուղում, Մեծամոր համայնքի Ակնալիճ, երկու հողամաս՝ Մյասնիկյան գյուղում։ Հարկադիր աճուրդով հողամասեր է ձեռք բերել նաև Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Վերնաշեն գյուղում: Օրինակ՝ Արմաշ գյուղում գտնվող 5971 քմ մակերեսով հողամասը 2024թ. ամռանը գնել է 404 հազ. դրամով: Վերնաշեն գյուղի 1200 քմ հողամասը 2024թ. դեկտեմբերին գնել է 224 հազ. դրամով, սակայն 2025թ. հունվարին այն վաճառել է 300 հազ. դրամով: Նույն գյուղում 2024թ. դեկտեմբերի սկզբին մոտ 28 հազ. դրամով գնել է 670 քմ հողատարածք և 14 օր անց այն վաճառել 100 հազ. դրամով և այլն: Ստացվում է՝ Վազգեն Հովհաննիսյանը «բիզնես» է անում, հարկադիր աճուրդով էժան անշարժ գույք է գնում և թանկ գներով՝ վաճառում: Խուդայանների տունն աճուրդով գնած միակ տունն է եղել, մյուսները եղել են հողատարածքներ:

Արմավիր համայնքում գտնվող մեկ բնակարան Վազգեն Հովհաննիսյանը նվիրատվություն է ստացել բեյրութահայ ռեժիսոր Ռոբերտ Առաքելյանից։ 8 տարի առաջ նկարահանված «Քաղցած չէին սպասում» հաղորդման շրջանակներում այցելել են Ռոբերտ Առաքելյանի բնակարան։ Այնտեղ ռեժիսորին հյուր էր նաև Վազգեն Հովհաննիսյանը։ Ռոբերտ Առաքելյանը Վազգեն Հովհաննիսյանին ներկայացնում է որպես իրենց ընտանիքի բարեկամ, նշում, որ իմացել են Վազգենի մասին «Հեռատեսիլ» հաղորդումից, որտեղ պատմել են, որ Վազգեն Հովհաննիսյանը զինհաշմանդամ է։ 

«Զինվորի մասին հաղորդում էր, որ վիրավորվել է սահմանի վրա, վիրահատություններ է տարել, և նրա նկարագիրը մենք շատ սիրեցինք, և ընտանյոք ծանոթացանք նրա հետ, և այսօր նա մեզ շատ հարազատ մարդ է»,- նշել է Ռոբերտ Առաքելյանը։

Պարզաբանումներ ստանալու նպատակով զանգեցինք Վազգեն Հովհաննիսյանին։ Հարցին, թե ինչու է միշտ աճուրդներով հողամասեր գնում ու կարճ ժամանակ անց վաճառում, նա ասաց, որ չի պատասխանի։ Իսկ թե որտեղի՞ց է տեղեկանում աճուրդների մասին, Վազգեն Հովհաննիսյանն ասաց՝ Azdarar.am կայքից։ 

«Ուզու՞մ եք սովորացնեմ Ձեզ ձևը։ Մտնում եք Azdarar.am, եթե իհարկե էդքան ժամանակ ունեք, էլի, ինքը բարդ, բավականին բարդ գործ է։ Պետք է տենց թերթեք, որովհետև ինքը շատ երկար է, տենց կարող է ամբողջ գիշեր թերթեք էլի։ Պատկերացրեք՝ Հայաստանի Հանրապետությունում, օրինակ, ինչքան հայտարարություններ կարա լինի էլի․․․ Չգիտեմ՝ կայքը կառավարական կայք է, թե չէ։ Դուք, օրինակ, ինչ֊որ բան եթե ուզում եք վաճառեք, չգիտեմ՝ վճարովի է, թե չէ, կարաք, օրինակ, ձեր բնակարանը վաճառեք»,- ասաց նա։

Վազգեն Հովհաննիսյանի խոսքով՝ Խուդայանների տան վաճառքի մասին էլ է նույն եղանակով տեղեկացել։ Հարցին, թե տունը գնելուց առաջ գնացե՞լ, տեսե՞լ է, թե ինչ գույք է գնում, բացասական պատասխան տվեց։ Իսկ տեղյակ եղե՞լ է, որ այնտեղ հաշմանդամություն ունեցող ընտանիք է ապրում, Վ. Հովհաննիսյանը նշեց․ «Դե, շատ բաներ չէ, կոնկրետ ըտենց տեղյակ չեմ եղել։ Բայց իմացել եմ, դե բնական է, որ մարդիկ կապրեին մեջը»,- ասաց նա։ Հարցին, թե ինչ նպատակով է գնել Խուդայանների տունը․ բնակվելու՞, թե վաճառելու, Վազգեն Հովհաննիսյանն ասաց, որ դեռ չի որոշել։

Իսկ իր հաշվառման հասցեի հետ կապված Վազգեն Հովհաննիսյանն ասաց․ «էդ մեր շենքն է եղել, վառվել է էդ շենքը, հիմա տենց քննություն է գնում էդ գործով։ Ձեղնահարկը փաստացի գոյություն չունի, բայց շենքը կա, տեսե՞լ եք, չէ՞, որ պատերը կան»,- ասաց նա։ 

Վազգեն Հովհաննիսյանն ասաց, որ այլևս իրեն չանհանգստացնենք և չզանգահարենք:

Քրեական վարույթ՝ Խուդայանների տան աճուրդի վերաբերյալ

Գլխավոր դատախազությունից «Հետքին» հայտնեցին, որ Արարատի մարզի դատախազությունը, ստուգելով մեր՝ «Հաշմանդամություն ունեցող ընտանիքը փողոցում հայտնվելու վտանգի տակ է» խորագրով հրապարակման մեջ նշված հանգամանքները և դրա հիման վրա իրականացնելով ստուգողական  գործողություններ, ձեռք է բերել առերևույթ հանցանքի հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ. ներկայացվել է հաղորդում:

«Մասնավորապես՝ պարզվել է, որ սնանկության գործով կառավարիչ Վ.Ա.-ն, Արմավիր քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի համար ցանկալի արդյունքի հասնելու նպատակով, խախտել է «Հրապարակային սակարկությունների համար նախատեսված էլեկտրոնային կայքի միջոցով սնանկության վարույթում պարտապանին պատկանող գույքի վաճառքի իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ արդարադատության նախարարի և «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջները: Դրա արդյունքում օտարվող գույքի մեկնարկային գինը նվազեցնելու հիմքերի բացակայության պայմաններում՝ 39.200.000 ՀՀ դրամ արժեք ունեցող գույքն արհեստականորեն իջեցված արժեքով, մասնավորապես՝ շուկայականից էապես ցածր գնով՝  ընդամենը 8.967.730 ՀՀ դրամով օտարել է Վ.Հ-ին, ինչի հետևանքով գույքի նախկին սեփականատիրոջը  պատճառվել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս: Դատախազի հաղորդման հիման վրա իրավասու քննչական մարմնում նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն»,- հայտնում են Դատախազությունից:

Նշենք, որ Քննչական կոմիտեում վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, այն է՝ Հրապարակային սակարկությունների կամ գնումների անցկացման կարգը խախտելով կամ մեկ այլ անձի հետ անօրինական համաձայնության գալով հրապարակային սակարկության կամ գնումների հաղթող դառնալով, խաբեությամբ կամ ապօրինի այլ եղանակով գույքի սեփականատիրոջը, սակարկություններ, գնումներ կազմակերպողին, գնորդին, այլ տնտեսավարող սուբյեկտի, անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության, կամ պետության օրինական շահերին առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել:

Քննչական կոմիտեից հայտնեցին, որ այս պահի դրությամբ՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա: 

Մինչ իրավապահ մարմինները քննում են աճուրդի օրինականության հարցը, Խուդայանի ընտանիքի անդամները ստիպված են գումար հայթայթել տան վարձակալության գումարը վճարելու համար, որը ամսական 100 հազ. դրամ է: Սա սոցիալական ծանր բեռ է կարիքավոր ընտանիքի համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter