HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Արցախցի Սյուզաննան կարուձևի բիզնեսը սկսելու առաջին քայլն արել է՝ կարի մեքենա է ձեռք բերել

Սյուզաննա Հարությունյանը 6 տարեկան էր, երբ ծնողները երկու երեխաների հետ Երևանից տեղափոխվեցին Արցախի Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղ՝ ավելի լավ կյանքի հույսով։ Ընտանիքին հաջողվեց Եղեգնուտում բարելավել իրենց սոցիալական վիճակը, այնտեղ ծնվեցին հինգ երեխաները։ 

Բազմանդամ ընտանիքին պետությունը 2018թ.-ին երկրորդ տունը նվիրեց։ Ընտանիքի ավագը՝ Սյուզաննան, 2017թ.-ին ամուսնացել էր և վարձով էին բնակվում Շուշիում։ Նրանք պատրաստվում էր գնել այդ բնակարանը, բայց սկսվեց պատերազմը, և նորաստեղծ ընտանիքը Շուշիից տեղահանվեց։ Ժամանակավորապես տեղափոխվել են Հայաստան, հրադադարից հետո կրկին վերադարձել Արցախ՝ Ստեփանակերտ։

Սյուզաննայի ծնողները Եղեգնուտում երկու տուն թողեցին։ Տեղահանվելուց հետո նրանք ամուսնալուծվել են։ Սյուզաննայի կարծիքով՝ պատճառը ընտանիքի սոցիալական և հոգեբանական անկայուն վիճակն էր՝ հայրը աշխատանք չէր գտնում այստեղ։

Այժմ 27-ամյա Սյուզաննան ամուսնու և երեք տարեկան որդու հետ վարձով է բնակվում Վեդիում։ Արցախում Սյուզաննան կայուն աշխատանք ուներ՝ հինգ տարի աշխատել է Ստեփանակերտի «Սարտեքս» կարի գործարանում, որն Իտալիայում ձևևված վերարկուները Արցախում կարելու պատվերներ էր ստանում։ Սյուզաննան արտադրամասի լավագույն կարողներից էր։ 

Ամուսինն Արցախում պայմանագրային զինծառայող էր, ազատ ժամանակ նաև տաքսի էր վարում։ Հիմա Վեդիում շշեր, գունավոր մետաղներ է հավաքում ու հանձնում։ 

Այս տարվա մայիսին Սյուզաննան Վեդիում կարուձևի դասընթացի է մասնակցել, որը համայնքապետարանը կազմակերպել էր Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրված դրամաշնորհով, «Մեր բոլորի համայնքը» ծրագրի շրջանակում։

Ծրագիրն ուղղված էր Վեդի համայնքում բնակվող արցախցի կանանց մասնագիտական հմտություններ փոխանցելուն, նրանց սոցիալական վիճակի բարելավմանը և աշխատաշուկայում ներգրավվելուն։ Սյուզաննան մասնակցել է կարուձևի դասընթացին, նոր հմտություններ է ձեռք բերել։

«Ես շատ էի ուզում կորսետ կարել սովորել, որպեսզի հարսանեկան, երեկոյան զգեստներ կարեմ ու վարձույթով տամ, դա ևս գումար աշխատելու մի տարբերակ է։ Դասընթացն այդքան խորացված չէր, բայց մեր վարպետը սովորեցրեց բոլոր «գաղտնիքները»»,- պատմում է Սյուզաննան։

Նա բիզնես գաղափար ունի, որոշել է մանկական սպիտակեղեն կարել, որի համար կարի մեքենա է գնել վարկով։ Վերցրած 400 000 դրամ վարկով ընտանիքը տան վարձն է վճարել, 120 000 դրամով կարի մեքենա է գնել։ Ասում է՝ ստիպված է վարկ վերցրել, որպեսզի կարողանան 100 000 դրամ տան վարձը վճարել։ Երբ կառավարությունը դադարեցրեց արցախցիներին 40+10 հազար դրամ աջակցությունը, իր ծանոթներից շատերն են վարկ են վերցնում տան վարձը վճարելու համար։ Սյուզանայի ընտանիքը մինչ այդ 150 000 դրամ աջակցություն էր ստանում, հիմա աջակցության գումարը 90 հազար դրամ է, որից 30 հազար դրամն անչափահաս երեխային է տրվում, 60 հազարը՝ որպես հրատապ աջակցություն են ստանում։

Հիմա նա կարի մեքենան ունի, բայց մնացած անհրաժեշտ պարագաները՝ կտորներ, թելեր, դեռևս չի կարողանում գնել աշխատանքն սկսելու համար։ «Հետաքրքիր մտքեր շատ կան, մանկական զարգացնող խաղեր եմ ուզում կարել։ Հիմա խաղողի դաշտերում աշխատում եմ, որ գումար ունենամ ու սկսեմ մի քանի բան կարել, հետո պատվերներ կվերցնեմ ու գործս առաջ կգնա»,- լավատեսորեն է տրամադրված Սյուզաննան։

Նա խաղողաքաղին մասնակցելու համար առավոտյան 06:30 տանից դուրս է գալիս, աշխատում է մինչև ժամը 14:00-ն, որի համար օրական 7000 դրամ աշխատավարձ է ստանում։ 

Չնայած Սյուզաննա Հարությունյանը կարուձևի դասընթացից հետո կարի մեքենա է գնել, և հիմա էլ աշխատում է խաղողի այգիներում, որպեսզի գումար հավաքի և մնացած անհրաժեշտ պարագաները գնի, սակայն առողջական խնդիրներով պայմանավորված դեռևս չի հաջողվում գումար խնայել և բիզնես գաղափարն իրագործել։

Ընտանիքն արցախցիներին տրամադրվող բնակարանի սերտիֆիկատով ցանկանում է նաև Վեդիում տուն գնել, հողամաս վարձակալել՝ մշակելու համար։ «Գարնանից դաշտերում ամեն տեսակ աշխատանք արել եմ, արդեն ամեն ինչ գիտեմ»,- ասում է Սյուզաննան։

Վեդի համայնքում բնակվող արցախցիներն ունեն կահույքի, կենցաղային տեխնիկայի և մասնագիտական հմտություններ ձեռք բերելու կարիք

2025թ. հունիսի տվյալներով՝ Վեդի համայնքում բնակվում է Արցախից տեղահանված 423 ընտանիք։ Համայնքապետարանի գնահատմամբ՝ արցախցիներն ունեն կահույքի, կենցաղային տեխնիկայի և մասնագիտական հմտություններ ձեռք բերելուն ուղղված ծրագրերի կարիք։

Եվրոպայի խորհրդի կողմից տրամադրված 10,5 մլն դրամ դրամաշնորհով, «Մեր բոլորի համայնքը» ծրագրի շրջանակում 30 արցախցի կանայք մասնակցել են վարսահարդարման, չրագործության ու կարուձևի դասընթացների։

«Դիտարկել ենք մեր համայնքում ավելի ակտիվ գործունեություն ունեցող ոլորտները։ Սա ուղղված է եղել կանանց տնտեսական հզորացմանը։ Ցանկացել ենք փոքր-ինչ ակտիվություն մտցնել իրենց կյանքում։ Իրականում մասնակիցների մեջ եղել են մարդիկ, ովքեր առաջնային աշխատանք ունեցել են, սա դարձել է իրենց երկրորդ աշխատանքը»,-  ասում է Վեդու համայնքապետարանի զարգացման ծրագրերի և ներդրումների գծով գլխավոր մասնագետ Ռուզաննա Գաբրիելյանը։

Համայնքապետարանի աշխատակցի խոսքով՝ իրենք տնայցեր են կատարել և դասընթացին մասնակցեու համար ընտրել են սոցիալապես խոցելի վիճակում գտնվող կանանց ու աղջիկներին։ Նրա ասելով՝ ծրագրի մասնակիցների 90%-ը գոհ է դասընթացներից։ 

Համայնքապետարանի աշխատակիցը նշում է, որ դասընթացի ավարտից հետո չեն կարողացել անհրաժեշտ տեխնիկայով աջակցել մասնակիցներին, օրինակ, կարի մեքենաներ կամ չրի ապարատներ գնել։ Սակայն ինքը բավականին արդյունավետ է գնահատում և՛ ծրագրի մասնակցությունը, և՛ այն, որ համայնքն ու տեղահանված անձինք միմյանց ավելի լավ ճանաչեցին, իրենք սկսեցին տեղահանվածների կարիքներն ու խնդիրներն ավելի լավ հասկանալ։ 

Ռուզաննա Գաբրիելյանը նշում է, որ չրագործության դասընթացավարը մասնակիցներին առաջարկել է աշխատել իրենց չրի արտադրամասում»,- ասում է նա, բայց պարզել են, որ ոչ ոք չի դիմել աշխատելու համար։ Այս պահին վարսահարդարման դասընթացի երկու մասնակիցներ աշխատելուն զուգահեռ նաև վերապատրաստվում են։

Այս հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ ընթացող «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» (www.juremonia.am) ծրագրի ենթադրամաշնորհի շրջանակներում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter