
8 քաղաքական ուժ պայքարում է Վաղարշապատ համայնքի ղեկավարումը ստանձնելու համար
2025թ․ նոյեմբերի 16-ին նշանակված Վաղարշապատ համայնքի համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություններին մասնակցելու է 8 քաղաքական ուժ: Նրանցից յուրաքանչյուրը ջանում է ստանձնել համայնքի ղեկավարումը՝ ամրապնդելով իրենց դիրքերը 2026թ. սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ:
Ընտրապայքարի մեջ են մտել «Հայրենիք», «Քաղաքացիական պայմանագիր», «Ազատ դեմոկրատներ», «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական, «ժառանգություն», «Հանրապետություն», «Համահայկական ճակատ» կուսակցություններն ու «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը։
- «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը կազմված է «Առաջ» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություններից և ցուցակում ընդգրկված է 99 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Սևակ Խաչատրյանը: Նա Վաղարշապատում գործող ավագանու անդամ է: 2021թ. դեկտեմբերին կայացած ընտրությունների ժամանակ ավագանու անդամ է ընտրվել «Էջմիածին» կուսակցությունների դաշինքի ցուցակով:
- «Համահայկական ճակատ» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արտյոմ Սիմոնյանը: Նա պահեստազորի գնդապետ է: Ընտրական ցուցակը կազմված է 35 անձից:
- «Հանրապետություն» կուսակցության ցուցակը կազմված է 22 հոգուց: Ցուցակը գլխավորում է քաղաքագետ Հարություն Մկրտչյանը:
- «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորում է Արմավիրի մարզի Դողս համայնքի նախկին ղեկավար Գրիշա Հարությունյանը: Այս քաղաքական ուժի նախընտրական ցուցակը կազմված է 33 մարդուց:
- «Ազատ դեմոկրատներ» կուցակցության ցուցակի առաջին համարը Վահրամ Ազատյանն է: Ցուցակը կազմված է 32 հոգուց:
- «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորում է նախկին զինվորական Արկադի Փայտյանը: «Ժառանգության» ցուցակը կազմված է 19 հոգուց
- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է Վաղարշապատ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, Արմավիրի նախկին մարզպետ Արգիշտի Մեխակյանը: Կուսակցության ցուցակը կազմված է 85 հոգուց:
- «Հայրենիք» կուսակցության ցուցակում ներառված է 31 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Խաչիկ Մանուկյանը:
Նշենք, որ այս ընտրությունները տարբերվում են Վաղարշապատ համայնքի նախորդ ընտրություններից: Վաղարշապատ և Խոյ համայնքները միավորվում են՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով:
Ավելի վաղ գրել էինք, որ Վաղարշապատ և Խոյ համայնքները խոշորացվել են 2021թ-ին, այսինքն՝ ոչ թե վաղ անցյալում, այլ 2018թ. իշխանափոխությունից հետո: Վաղարշապատ համայնքը բաղկացած է Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից, իսկ Խոյ համայնքի կազմի մեջ մտնում է 17 գյուղ: Այդ ժամանակ Խոյ համայնքի ղեկավար ընտրվեց Արգիշտի Մեխակյանը: Սակայն, նա հրաժարական տվեց և 2024թ. դեկտեմբերին նշանակվեց Արմավիրի մարզպետ: Մեխակյանը զբաղեցրել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:
Կառավարությունը թեև այս խոշորացումը ներկայացնում է որպես բարեփոխում, մինչդեռ իրական նպատակը քաղաքական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ցանկանում է Արգիշտի Մեխակյանին տեսնել այս անգամ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, և այս փոփոխությունները հենց այդ նպատակով են իրականացվում:
Մեկնաբանել