HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ի՞նչ նպատակով են վերախոշորացվում Վաղարշապատ և Խոյ համայնքները

Ազգային ժողովն այսօր՝ 2025թ. հուլիսի 1-ին, արտահերթ նստաշրջան էր գումարել, որի օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր Վաղարշապատ համայնքի վերախոշորացմանը: Նախատեսվում է ձևավորվել Վաղարշապատ համայնքային փունջը, որում ներառվելու են ներկայիս Վաղարշապատ և Խոյ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված 19 բնակավայրերով: Կառավարությունն այն ներկայացնում է որպես «Տեղական ինքնակառավարման մասին» և «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքներում առաջարկվող լրացումներ և փոփոխություններ: Դրա հիման վրա վերոնշյալ համայնքում 2025թ. նոյեմբերի 16-ին նախատեսվում է անցկացնել համայնքի ավագանու ընտրություն:

Օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու Կառավարության  հիմնավորումն այն է, որ 2016թ. փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման 77 ծրագիր, ինչի արդյունքում 908 համայնքների միավորման արդյունքում ձևավորվել է 64 համայնք:

Ըստ հիմնավորման՝ վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում համայնքների միավորումն իրականացվել է հիմնականում երկու մոդելով՝ «փնջային» և «շրջանային»:

2018-2019 և 2021 թվականներին համայնքների միավորման թեմայով անցկացված հանրային քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: 2021թ. իրականացված համայնքների միավորման ծրագրերի գերիշխող մասն իրականացվել է այդ տրամաբանությամբ:

Ուսումնասիրելով անցած տարիների փորձը` Կառավարությունը գտել է, որ «շրջանային» մոդելով համայնքների միավորումն ունեցել է առավելություններ «փնջային» մոդելի համեմատությամբ: Մասնավորապես, խոշոր համայնքներն ունեն ավելի մեծ ֆինանսական, մարդկային և նյութական ռեսուրսներ, ինչը թույլ է տալիս ավելի արդյունավետ կառավարել ենթակառուցվածքները, մատուցել ավելի որակյալ և իրականացնել ավելի լայնածավալ ծրագրեր: Իսկ մի շարք վարչական գործառույթներ կենտրոնացվել և իրականացվել են ավելի նվազ ծախսերով, քան փոքր համայնքներում:

Հիմնավորումներից մեկն էլ այն է, որ խոշոր համայնքները ավելի գրավիչ են բարձր որակավորում ունեցող մասնագետների համար, ինչը նպաստել է կառավարման որակի բարձրացմանը և նորարարությունների ներդրմանը: Շրջանային մակարդակում ավելի հեշտ է համակարգել համայնքների գործողությունները և արագացնել կարևոր որոշումների կայացման գործընթացը:

Նշվում է նաև, որ խոշոր համայնքներն ավելի մեծ ներքին շուկա են ներկայացնում և ավելի գրավիչ են ներդրողների համար: Շրջանային մակարդակում հնարավոր է դարձել մշակել և իրականացնել ավելի լայնածավալ զարգացման ծրագրեր: Բացի այդ, խոշոր համայնքները ավելի մեծ հնարավորություններ են ստացել մասնակցելու ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին, ինչը նպաստել է տնտեսական ակտիվության աճին:

Խոշոր համայնքները ավելի լայն հնարավորություններ կարող են ստեղծել բնակիչների համար կրթության, առողջապահության, մշակույթի և սոցիալական ծառայությունների հասանելիության առումով՝ անկախ բնակության վայրից: «Շրջանային» մոդելով համայնքների միավորումը կարող է օգնել հավասարեցնել զարգացման մակարդակները տարբեր համայնքներում և այլն:

«Այս հիմնավորումները ցույց են տալիս, որ համայնքների խոշորացումը շրջանային մոդելով կարող է էականորեն բարելավել կառավարման արդյունավետությունը, խթանել տնտեսական զարգացումը, ամրապնդել սոցիալական համախմբվածությունը և բարձրացնել տարածքային պլանավորման որակը»,- նշված է օրենքի նախագծերի հիմնավորման մեջ:

Նշենք, որ Վաղարշապատ և Խոյ համայնքները խոշորացվել են 2021թ-ին, այսինքն՝ ոչ թե վաղ անցյալում, այլ 2018թ. իշխանափոխությունից հետո: Վաղարշապատ համայնքը բաղկացած է Էջմիածին քաղաքից և Ոսկեհատ գյուղից, իսկ Խոյ համայնքի կազմի մեջ մտնում է 17 գյուղ: Այդ ժամանակ Խոյ համայնքի ղեկավար ընտրվեց Արգիշտի Մեխակյանը: Սակայն, նա հրաժարական տվեց և 2024թ. դեկտեմբերին նշանակվեց Արմավիրի մարզպետ: Մեխակյանը զբաղեցրել է նաև Էջմիածին համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը:

Կառավարությունը թեև այս խոշորացումը ներկայացնում է որպես բարեփոխում, մինչդեռ իրական նպատակը քաղաքական է: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ցանկանում է Արգիշտի Մեխակյանին տեսնել այս անգամ Վաղարշապատ խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնում, և այս փոփոխությունները հենց այդ նպատակով են իրականացվում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանն այսօր նախագծերի քննարկման ժամանակ հայտարարեց, որ նույն հիմնավորումները բերվել են նաև 2021թ.-ին, երբ խոշորացվել են համայնքները:

«Դուք քաղաքական նպատակներով խոշորացնում եք և ասում եք՝ ավագանու ընտրություններ նշանակենք: Բերեք հստակ հիմնավորում՝ ինչն է նպատակը, որ այդ երկու համայնքը, որոնք խոշորացվել են 2021թ.-ին, եթե չկա քաղաքական նպատակ, միավորել և ձեր ուզած մարդուն դնել այդտեղ: Արդեն խոսակցություններ կան, որ գործող մարզպետին պետք է ժամանակավոր պաշտոնակատար նշանակեք, ինքն է հայտարարել լրատվության միջոցներով»,- դիմելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին` ասաց պատգմավորը:

Նախարարը նշեց, որ Վաղարշապատը հանրապետությունում միակ խոշորացված համայնքն է, որը բաղկացած է մեկ գյուղական և մեկ քաղաքային բնակավայրից: Այդ մասին Դ. Խուդաթյանը հայտարարել էր ավելի վաղ՝ «Հետքի» հետ զրույցում:

Հիշեցնենք, որ 2025թ. մայիսին Վաղարշապատ համայնքի  ղեկավար Դիանա Գասպարյանը հրաժարվեց ավագանու մանդատից և որպես համայնքի ղեկավար նրա լիազորությունները դադարեցվեցին: Վաղարշապատ համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամները երկու անգամ ավագանու արտահերթ նիստ հրավիրեցին, որպեսզի համայնքի ղեկավար ընտրեն, սակայն  ՔՊ-ն բոյկոտելով նիստերը, տապալեց համայնքի ղեկավարի ընտրությունը: Նպատակն այն է, որ իշխող կուսակցության թեկնածուն նշանակվի համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ինչն էլ նշանակում է ընտրություններից առաջ վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։

Սա նշանակում է, որ առաջիկայում ըստ քաղաքական նպատակահարմարության` այլ համայնքներ ևս հնարավոր է խոշորացվեն՝ իշխող կուսակցության հաղթանակն ապահովելու նպատակով:

Այսօր Ազգային ժողովում նախագծերի քննարկման ժամանակ Տարաշքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը ևս մեկ անգամ հաստատեց, որ ՔՊ-ի թեկնածուն Արգիշտի Մեխակյանն է:

«Ընդդիմադիր շրջանակը՝ Խոյ և Վաղարշապատ համայնքների, հասկանում է, որ պարոն Մեխակյանի հետ մրցելն իրենց խելքի բանը չի, և դրա համար նրանք աղմկում են, այլ բացատրություն չկա: Ընդդիմությունը սարսափում է ընտրությունների մտքից, ամեն հաջորդ անգամ ավելի է սարսափում ընտրությունների մտքից»,- ասում է Դավիթ Խուդաթյանը:

Պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ համայնքներում տեղական հանրաքվե անցկացնելու օրենսդրական հնարավորություն կա, թեև այն խորհրդատվական բնույթ ունի, բայց դրանով համայնքները լսելի են դառնում: Իսկ հիմա համայնքների կարծիքը լսելի չէ: Այս մտքին նախարար Դ. Խուդաթյանը չարձագանքեց:

Լուսանկարը՝ Վաղարշապատի համայնքապետարանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter