
Դատարանն Աբովյանի ԲԿ-ին պարտավորեցրել է աշխատանքից ազատված ռենտգեն լաբորանտին վերականգնել իր պաշտոնում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հերիքնազ Դավթյանի հայցը՝ ընդդեմ «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի։ Դատարանը որոշել է անվավեր ճանաչել նրա աշխատանքից ազատման հրամանը, վերականգնել Հերիքնազ Դավթյանին նախկին աշխատանքում և բժշկական կենտրոնից բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը։
2025 թվականի հուլիսի 1-ին «Հետքը» հոդված էր գրել Աբովյանի բժշկական կենտրոնի վերաբերյալ։ Բժշկական կենտրոնի ռենտգեն լաբորանտ Հերիքնազ Դավթյանը երկու տարի փորձում էր վերականգնել իր աշխատանքային իրավունքը։
Հերիքնազ Դավթյանը կենտրոնում աշխատել է որպես ախտորոշման բաժնի ռենտգեն լաբորանտ։ Նա աշխատանքից ազատվել էր 2023 թվականի օգոստոսի 22-ին՝ տնօրենի պաշտոնակատարի հրամանով։ Հրամանում նշվել էր, որ որոշումը կայացվել է «աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման» հիմքով՝ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն։
Դավթյանը պնդել է, որ ազատման հրամանը կազմվել է օրենքի խախտմամբ։ Նրա խոսքով՝ հրամանում բացակայում է ազատման փաստական հիմքը, իսկ որոշումը կայացվել է այն ժամանակ, երբ ինքը գտնվել է անաշխատունակ վիճակում և արձակուրդում է եղել։ Դավթյանի փաստաբանը՝ Լուսնթագ Բեժանյանը, դատարանում նշել է, որ գործատուն չի ներկայացրել ոչ մի փաստ, որը կվկայեր աշխատանքի պայմանների իրական փոփոխության մասին։
«Հրամանում ընդամենը հղում է արվել օրենսգրքի հոդվածներին, բայց բացակայում է որևէ հիմնավորում, թե ինչու է անհրաժեշտ եղել փոփոխել պայմանները կամ ազատել աշխատողին։ Օրենքը հստակ պահանջում է նշել փաստական հիմքերը, ինչը այս դեպքում բացակայում է»,- նշել է Բեժանյանը։
Աբովյանի բժշկական կենտրոնի ներկայացուցիչը հակադարձել է, որ աշխատանքային պայմանագիրը լուծվել է օրինական հիմքով։ Նրա խոսքով՝ Դավթյանին նախապես ծանուցվել է աշխատանքի ժամերի փոփոխության մասին, սակայն վերջինս չիհամաձայնել նոր պայմաններին։
Դատարանը, ուսումնասիրելով կողմերի փաստարկները և գործի նյութերը, արձանագրել է, որ գործատուն չի ներկայացրել ապացույցներ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխության մասին, իսկ հրամանում նշված չեն ազատման փաստական հիմքերը։
«Գործատուն չի ապացուցել, որ աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմքում ընկած իրավական և փաստական հանգամանքները գոյություն են ունեցել։ Այս պայմաններում հրամանը ենթակա է անվավեր ճանաչման»,- նշված է դատական վճռում։
Դատարանը նաև արձանագրել է, որ գործատուն խախտել է Աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգը՝ աշխատողին ազատելու ընթացակարգը պատշաճ չպահպանելով։
Արդյունքում դատարանը որոշել է անվավեր ճանաչել Հերիքնազ Դավթյանի աշխատանքից ազատման հրամանը, նրան վերականգնել Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշման բաժնի ռենտգեն լաբորանտի պաշտոնում, բժշկական կենտրոնից նրա օգտին բռնագանձել միջին աշխատավարձը՝ հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար՝ սկսած 2023թ․ օգոստոսի 22-ից մինչև վերականգնման օրը, ինչպես նաև վճարել 60 հազար դրամ պետական տուրք և 95 հազար դրամ՝ փաստաբանի խելամիտ վարձատրության փոխհատուցում։
Մեկնաբանել