
«Ես հաստատ քայլելու եմ». Անահիտ Փթուկյան
Անահիտը դուրս է գալիս տնից, դժվարությամբ իջնում է անվասայլակից, նստում շենքի բետոնե աստիճաններին, շունչ քաշում, անվասայլակն աստիճաններից ներքև գլորում, հետո զգուշությամբ ինքն էլ է իջնում։
Առաջին անգամ երկու հարկ իջնելու համար նրանից 2 ժամ է պահանջվել, հիմա նա աստիճաններն իջնում է 10 րոպեում։ Չնայած աստիճաններն Անահիտի համար ամենօրյա փորձություն են դարձել՝ ընկերների հետ բակում սուրճ խմելն իր համար թերապիա է։
«Դու պետք ա էդքան ուժ ունենաս քո մեջ, որ իմանալով՝ դա ինչքան բարդ ա, միևնույն է, իջնես ներքև, բայց երբ որ չեմ իջնում, հոգեպես ավելի վատ եմ լինում, դրա համար ասում եմ՝ ես կարող եմ ու ես պիտի իջնեմ»,- պատմում է Անահիտը։
Երեք տարի առաջ 35-ամյա Անահիտ Փթուկյանն ընտանիքի հետ ամուսնու` Հաբեթի հայրական տանն էր։ Արթիկում Անահիտի ընտանիքն այդ օրն ընկույզ պետք է հավաքեր։ Անահիտն ինքն էր որոշել ծառը բարձրանալ։
Այդ օրը Անահիտն ընկում է ծառից՝ ստանալով ողնուղեղի վնասվածք, որի հետևանքով այժմ չի կարողանում քայլել։ Նրան տեղափոխում են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ նա անցկացնում է 44 օր։
«Դա էլ իմ 44-օրյա պատերազմն էր։ Ով մտնում էր հիվանդասենյակ, ասում էր՝ արևի սենյակն ա, որովհետև իմ սենյակում կային արև, ծաղիկներ, նկարներ, ընկերներս պաստառ էին բերել, որի վրա ամեն ներս մտնողն իր ցանկությունն էր գրում»,- պատմում է նա։
Ես միշտ ասում էի, որ հնարավոր չի, ես երկու ամսից հաստատ քայլելու եմ։ Չեմ պատկերացրել ու մինչև հիմա ես ինձ սայլակին չեմ պատկերացնում։ Անընդհատ պայքարելով՝ փորձում եմ հասնել քայլելուն»,- ասում է Անահիտը։
«Էրեբունի» բժշկական կենտրոնում բուժում ստանալուց հետո Անահիտին միայն հաջողվել է բարձերն իրեն հարմարացնելով՝ մի քանի վայրկյան նստած դիրքում մնալ։ Հետո նրան տեղափոխել են «Կարմիր խաչի» վերականգնողական կենտրոն, 4 ամիս էլ այնտեղ է բուժում ստացել։ Հիմա Անահիտը բուժումը տանն է շարունակում։
«Այս տարի նոր մասնագետ եմ հայտնաբերել, որը շատ բան փոխեց իմ կյանքում՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես, թե՛ որպես անհատ։ Երևի իր հենց երկրորդ այցելության օրը հասկացա, որ գտել եմ էն մարդուն, ով իսկապես հասկանում է յուրաքանչյուր մկանից ու նյարդից։ Վստահում եմ իրեն ու միայն իր հետ եմ պատկերացնում քայլելուս ընթացքը»,- պատմում է նա։
Անահիտի ֆիզիոթերապևտը՝ Գոռը, բավական խստապահանջ է։ Եղել է դեպք, որ Անահիտին իջեցրել է սայլակից, թողել հատակին մենակ, ու ասել՝ ոնց ուզում ես, բարձրացիր։
«Ասում եմ՝ բայց ո՞նց կարելի ա տենց, ես չեմ կարողանում, ասեց՝ մինչև չբարձրանաս, ես հետ չեմ գալու, էդ պայմանով գնաց։ Ես դե ստիպված պետք ա բարձրանայի, երևի 47 անգամ փորձել եմ էդ վարժությունը, մինչև ստացվել ա։
Ու ամեն անգամ, էն հանձնարարությունը, որն ինքը տալիս ա, ինձ թվում ա՝ դա ահավոր բարդ ու իմ ուժերից վեր մի բան։ Օրինակ, մի անգամ ասաց, որ դու պետք ա դուրս գաս փողոց, գնաս այգի, համ քեզ իջեցնես, համ սայլակը, ու այգում փորձես կանգնել, քայլել ու ինձ վիդեո ուղարկել։ Ուղեղս շոկի ենթարկեց այդ միտքը, ու երբ դուռը փակեցի ու դուրս եկա, մտածում էի՝ դա անհնար բան ա, ես ինչքան էլ որ շատ ուզում եմ դա անել, գոնե մեկին պետք ա կանչեմ ինձ օգնելու, բայց պայմանն էդ էր, որ չէ, ես պիտի միայնակ անեմ։ Ու էդպես, քայլ առ քայլ, երևի մի 20 րոպե միայն դռան դիմաց կանգնելով՝ մտածել եմ, թե ոնց կարելի ա իջնելուց հետո ճիշտ դնել սայլակը, ոտքերը, երկու ժամում հասա այգի։ Հետո էդ պրոցեսը էնքան «հեշտացավ», որ այսօր տասը րոպեում իջնում եմ աստիճանները»,- ասում է նա։
Անահիտ Փթուկյանն ապրում է ամուսնու՝ Հաբեթի և երկու երեխաների՝ 10-ամյա Արտաշեսի և 6-ամյա Դավիթի հետ։
Հաբեթը փորձում է տունը հարմարեցնել կնոջը, նրա համար հատուկ բռնող սարք է գնել, որպեսզի գետնին ընկած իրերը կարողանա վերցնել, նաև ավելի բարձր գտնվող դարակները կարողանա բացել։
«Առաջ, երբ փորձում էի գետնից ինչ-որ բան վերցնել, մի երկու անգամ եղել է՝ ես էլ հետն ընկել եմ վերցնելու ընթացքում։ Հիմա սա իմ երրորդ ձեռքն է»,- ասում է նա։
Բացի ամուսնուց, երեխաները նույնպես օգնում են Անահիտին։ Օրինակ, 10-ամյա Արտաշեսը մորն օգնում է լվանալ հատակը, իսկ Դավիթը՝ փոշիներն է մաքրում։
Անահիտն ասում է՝ բարդ է և մայր լինել, և կին, ու առօրյա գործերից հոգնած անընդհատ պարապել։
Անահիտը սոցիալական ցանցերում տարբեր մոտիվացիոն տեսանյութեր է տեղադրում՝ ինչպես է ինքնուրույն իջնում աստիճանները, իջնում շենքի բակ՝ ընկերուհիների հետ սուրճ խմելու, նրանց հետ պարում՝ անվասայլակին նստած։
Պատմում է, որ այդ տեսանյութերից հետո շատերը սկսել են իրեն գրել, ծանոթանալ և իրենց հետ պատահած դեպքերի մասին պատմել։ Վերջերս Անահիտին մի աղջիկ է գրել, պատմել է, որ ինքն էլ է 3 տարի առաջ ծառից ընկել ու իր համար շատ տխուր պահի է դիտել նրա տեսանյութը։ Անահիտի կանգնելու, քայլել փորձելու ջանքերը նրան ոգեշնչել են։
Անահիտը նշում է, որ իր իրավիճակում հայտնված մարդկանց պարագայում ամեն ինչ միլիմետրերով է առաջ գնում, բայց պետք է անընդհատ պայքարել, փորձել ու հասնել արդյունքի։
«Ես մտածում եմ, որ ամեն մարդ իր ներսում լույս ունի ու իր ցանկացած մութ իրավիճակում, վատ օրվա հետ, ներսից կարա գտնի իր լույսը, ու ինքը իրան, իր ուղին առաջ տանի։ Որովհետև ինչքան էլ կողքից նպաստող մարդիկ կան, միևնույն ա, եթե դու չուզենաս էդ ճանապարհով գնալ, եթե դու չուզենաս ինչ-որ մի բան փոխել, հաստատ քեզ ոչ մեկ չի կարող ստիպել։
Ինձ երբեք ոչ մեկը չի ասել, որ ես չեմ քայլելու։ Բայց ինչքան էլ որ պատկերացնում ես, որ քայլելու ես, դա շատ բարդ պրոցես է, որովհետև էս պահին ես տեսնում եմ էն, ինչ ունեմ, բայց պատկերացնում եմ իմ քայլելը ու երբեք չեմ մտածում, որ ես չեմ քայլելու։ Հաստատ քայլելու եմ»,- ժպիտը դեմքին՝ ասում է Անահիտը։
Մեկնաբանել