HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Ղազարյան

Արագածոտնի թեմի առաջնորդն ու ևս վեց քահանա ձերբակալվել են. նախաձեռնվել է քրեական վարույթ

Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, հայտնի դարձավ, որ ձերբակալվել են Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը և թեմի քահանաներից 6-ը։

Փաստաբան Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջի գրառման մեջ նշել է, որ ձերբակալված քահանաներն են՝ Տեր Փառենը, Տեր Մանուկը, Տեր Հայկը, Տեր Մկրտիչը, Տեր Ղևոնդը և Տեր Հայկ Քոչարյանը։

Հոգևորականների պաշտպանությունը ստանձնած փաստաբաններից Արմինե Ֆանյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ քահանաներից հինգը դուրս են եկել Քննչական կոմիտեից։ Նրանք հրաժարվել են առանց պաշտպանի ներկայության ցուցմունք տալուց։

Առավոտից քննչական մարինները խուզարկություններ են կատարել ձերբակալված հոգևորականների բնակարաններում։

Մինչ այս պահը հայտնի չէ թեմի առաջնորդի գտնվելու վայրը։ Փաստաբանական թիմին չի հաջողվել Քննչական կոմիտեից իմանալ, թե որտեղ է հիմա Մկրտիչ Սրբազանը։

«Բռնի անհետացում, այդպիսի հանցակազմ կա Քրեական օրենսգրքում, երբ պետության պատվերով, կարգադրությամբ կամ թողտվությամբ անձը բռնի անհետանում է, նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, և անձը հայտնվում է իրավական պաշտպանությունից դուրս։ Այս պահին մենք ունենք դասական այդ իրավիճակը։ Ստացվում է, որ Սրբազանը հիմա իրավական պաշտպանությունից դուրս է և անգամ իր պաշտպանների հետ հանդիպելու, խորհրդակցելու հնարավորությունից զրկված»,- ասաց Ֆանյանը։

Ֆանյանը նաև նշեց, որ այս պահին ունեցած տեղեկություններով ձերբակալությունների պատճառը Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանի «Հանրային հեռուստաըներությանը» տված հարցազրույցում արված հայտարարություններն են։

Հիշեցնենք, Տեր Արամը սեպտեմբերի 16-ին հարցազրույց էր տվել «Հանրային հեռուստաըներությանը», որի ժամանակ խոսել էր եկեղեցում առկա խնդիրների մասին։ Նա ասել էր, որ մասնակցել է 2021 թվականին ընդդիմության անցկացրած հանրահավաքներին, բայց ոչ իր կամքով։

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը տեղեկացրեց, որ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելու կամ հարկադրելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ։ Նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության շրջանակներում կատարվում են վարութային և ապացուցողական գործողություններ:

Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի քրոջ որդին է, դարձավ երրորդ բարձաստիճան հոգևորականը, ում նկատմամբ քրեական գործ է հարուցվում։

Օրեր առաջ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու հոդվածով։ Իսկ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով դատավարությանը դեռ շարունակվում է։ Նա մեղադրվում է ահաբեկչության կազմակերպման և իշխանության զավթման փորձի մեջ։

Լրացում

13։35

Րոպեներ առաջ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ իրենք են հանցագործության մասին հաղորդում ներկայացրել, Գլխավոր դատախազին խնդրել նախաձեռնել քրեական վարույթ Տեր Արամի կողմից հարցազրույցում հնչած տեղեկությունների մասով։

«Հայտնում ենք, որ ենթադրյալ հանցագործության կամ դրա հնարավոր կատարողների մասին որևէ այլ տեղեկություն կամ մանրամասներ չունենք: 

Հարկ ենք համարում նաև նկատել, որ որևէ հանրահավաքի մարդկանց մասնակցել պարտադրելը կամ դրա համար վճարելը հանցագործություն է, և պետությունը պետք է պայքարի դրա դեմ»,- նշված է հայտարարության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter