HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՄԱՍ-ը ազատ է արձակել իսրայելցի պատանդներին

Պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը Կարմիր խաչի ներկայացուցիչներին է փոխանցել ողջ մնացած վերջին պատանդներին, որոնք ավելի քան երկու տարի գերեվարության մեջ էին Գազայի հատվածում։ Ինչպես փոխանցում է BBC-ն, սա խաղաղության համաձայնագրի գլխավոր դրույթն է, որը ճանապարհ է բացում դեպի Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմի ավարտ։

Պատանդների ազատ արձակումը տեղի է ունեցել երկու փուլով՝ սկզբում 7 պատանդ, այնուհետ՝ ևս 13-ը։ Կարմիր խաչի ներկայացուցիչներին պատանդների առաջին խումբը փոխանցվել է Գազա քաղաքում։

«Վերադարձած յոթ պատանդները հենց նոր Գազայի հատվածում հանդիպեցին ՑԱԽԱԼ-ի և ՇԱԲԱԿ-ի զինծառայողների հետ ու հիմա ուղևորվում են Իսրայելի տարածք»,-առավոտյան հայտնեց Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը։

Ավելի ուշ, ՑԱԽԱԼ-ից հայտնեցին, որ պատանդները գտնվում են արդեն Իսրայելի տարածքում ու պետք է անցնեն առաջնային բուժզննություն։

Պատանդների առաջին խմբի ազատ արձակումից մոտ երեք ժամ անց իսրայելական լրատվամիջոցները հայտարարեցին, որ 13 պատանդներից բաղկացած երկրորդ խումբը արդեն Գազայի հարավում փոխանցվել է Կարմիր խաչին ու նրանք ևս ուղևորվում են Իսրայելի տարածք։ 

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ ողջ մնացած բոլոր պատանդները ազատ են արձակվել, իսկ զոհվածների մարմինները կփոխանցվեն ավելի ուշ։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Թել Ավիվ է ժամանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա արդեն իսկ ժամանել է Կնեսետ, որտեղ նախատեսված է ԱՄՆ նախագահի ելույթը։ Այնուհետ Թրամփը կմեկնի Շարմ էլ Շեյխ, որտեղ աշխարհի մոտ 20 երկրների առաջնորդների, այդ թվում՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կկայանա Գազայի հարցով խաղաղության գագաթնաժողովը։

Զուգահեռաբար Իսրայելի բանտերից ազատ կարձակվի մոտ 2000 պաղեստինցի բանտարկյալ, որոնք ևս ազատ են արձակվում այս համաձայնության շրջանակում։ Նրանց մի մասն արդեն իսկ գտնվում են դեպի պաղեստինյան տարածքներ ճանապարհին։ Նրանցից մոտ 1700-ը ձերբակալվել էր վերջին երկու տարիների ընթացքում։

Լուսանկարը՝ Dawoud Abu Alkas / Reuters / Scanpix / LETA

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter