
Թրամփի վարչակազմը սկսել է աշխատանքից ազատել պետական պաշտոնյաներին. պատճառը կառավարության շաթդաունն է
Սպիտակ տունը սկսել է աշխատանքից ազատել դաշնային ծառայողներին, քանի որ շարունակվում է շաթդաունը՝ ամերիկյան կառավարության աշխատանքի դադարեցումը. Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ կառավարության ֆինանսավորման հարցում:
«Աշխատանքից ազատումները սկսվել են»,- Х-ի իր միկրոբլոգում գրառում է արել Սպիտակ տան կառավարման և բյուջեի հարցերով բյուրոյի տնօրեն Ռաս Վոութը։ Վարչության ներկայացուցիչը NBC News-ին հաստատել է, որ աշխատանքից ազատումներն սկսվել են ու հավելել, որ դրանք «էական կլինեն»։
Սպիտակ տան վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ աշխատանքից ազատման գործընթացը կտարածվի մի քանի գերատեսչությունների վրա, որոնց թվում են ներքին գործերի, ազգային անվտանգության, ֆինանսների, կրթության, էներգետիկայի, բնակարանաշինության և քաղաքային զարգացման, առողջապահության ու սոցիալական ապահովման նախարարությունները, ինչպես նաև Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը։
Ամերիկյան կառավարության ֆինանսավորումը դադարեցվել է հոկտեմբերի 1-ին, երբ Կոնգրեսը չկարողացավ ընդունել հաջորդ ֆինանսական տարվա բյուջեն։ Պատճառը առողջապահական ծախսերի վերաբերյալ հանրապետականների ու դեմոկրատների ունեցած տարաձայնություններն են։ Սովորաբար նման շաթդաունների ժամանակ դաշնային ծառայողներին տրամադրում են չվճարվող արձակուրդ, բայց այս անգամ Սպիտակ տան կառավարման և բյուջեի հարցերով բյուրոն սպառնացել է զանգվածային ազատումներ սկսել։ Դեմոկրատները դեմ են այդ կրճատումներին։
Լուսանկարը՝ ABC News-ի
Մեկնաբանել