
«Կալանավոր ա, բայց Բագրատ Սրբազան ա». վիճաբանություն դատարանում «պարոն Գալստանյան» դիմելաձևի պատճառով
«Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստին Արմեն Ալեքսանյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց դատարանին։
Հիշեցնենք՝ այս գործով մեղադրյալները 18-ն են։
Ըստ մեղադրանքի՝ նախնական համաձայնությամբ խմբի կազմում նրանք ձեռք են բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն։
Ըստ պաշտպանի՝ Արմեն Ալեքսանյանի մեղադրանքի հիմքում երկու փաստական տվյալներ են, որոնցից որևէ մեկը հետազոտման կարիք չունի։ Առաջինը գաղտնալսման վերծանումն է, որտեղ Ալեքսանյանը խոսում է գզգզված մազերով չուչելի մասնակցությամբ լայվ իրականացնելու մասին, երկրորդն իր տիկտոկյան էջում ձվածեղի պատրաստման տեսանյութն է։
«Մինչդեռ Արմեն Ալեքսանյանին մեղսագրված է այն ամբողջը, ինչ մեղսագրված է 18 արդարներին, այսինքն՝ և՛ ահաբեկչություն, և՛ իշխանության զավթման փորձ։
Հիմա, համադրելով էս մեկնաբանությունը ձվածեղի տեսանյութի հետ, ակնհայտ է դառնում, որ այն որևէ ձևով չէր կարող ահաբեկչությանը կամ իշխանության զավթմանը նախապատրաստեր։ Եթե հնարավորություն ունենք միանգամից վերջ տալ մեղադրանք կոչվող խեղկատակությանը, կարծում եմ՝ սա պատեհ պահ է։ Ակնհայտ է, որ քաղաքական հաշվեհադար է իրականացվում, որովհետև բոլորս էլ հասկանում ենք՝ գզգզված մազերով չուչելը ում կնոջ նմանակը պետք է լիներ»,- նշեց պաշտպանը։
Հանրային մեղադրողներն առարկեցին միջնորդության դեմ: Դատարանը մերժեց միջնորդությունը՝ նշելով, որ դիրքորոշում կարող է հայտնել միայն գործում առկա ապացույցների հետազոտման արդյունքում։
Բագրատ Սրբազանն էլ խնդրեց հայերենով բացատրել, թե ինչ ասաց հանրային մեղադրողը. «Թող խոսեն՝ էս գործում կեղծիք կա՞, թե՞ չէ»։
Հանրային մեղադրողն էլ Սրբազանին դիմեց «պարոն Գալստանյան»-ով և ասաց, որ «պաշտպանների ֆունկցիա վերցնելու կարիք չկա»։
«Պարոն Գալստանյան չկա էս դահլիճում, էդ վիրավորանքի համար էլ պիտի պատասխան տաք»,- պատասխանեց Բագրատ Սրբազանը։
Մեղադրյալ Արթուր Սարգսյանն էլ պահանջեց, որ հանրային մեղադրողները «Բագրատ Սրբազան»-ով դիմեն։ «Կալանավոր ա, բայց Բագրատ Սրբազան ա»,- ասաց Արթուր Սարգսյանը:
Դատարանում մթնոլորտը լարվեց, վիճաբանություն սկսվեց Արթուր Սարգսյանի և հանրային մեղադրողների միջև, որից հետո նիստն ընդմիջվեց:
Դատարանը ընդմիջումից հետո նախազգուշացրեց, որ սանկցիաներ կկիրառի։
«Բագրատ Սրբազանը մեղադրյալի կարգավիճակ ունի, Գալստանյան ազգանունն է կրում։ Ոչ ոք չի հերքում, որ Դուք Բագրատ Սրբազանն եք, բայց գործով մեղադրյալի կարգավիճակում եք՝ որպես Վազգեն Գալստանյան»,- նշեց դատավոր Կարեն Ֆարխոյանը՝ պահանջելով վարույթի մասնակիցներից միմյանց դիմելիս լինել հարգալից։
Բագրատ Սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանն այս դատական նիստին բոլոր մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն ներկայացրեց։
Միջնորդությունը քննարկելու համար դատարանը խնդրեց պաշտպաններին հակիրճ կարծիք հայտնել, սակայն պաշտպանները խնդրեցին հաջորդ նիստին շարունակել քննարկումը, որպեսզի ժամանակ ունենան բովանդակալից դիրքորոշում հայտնել։
Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16.00-ին։
Մեկնաբանել