
«Իրական մեղավորները դրսում են». Իշխան Վահանյանը դատարանում իր վերջին խոսքը հայտնեց
Ուղիղ 5 տարի առաջ այս օրը՝ հոկտեմբերի 9-ին, Ջրականի նորակոչիկների 5-րդ գումարտակի զինծառայողները հրաման էին ստացել բարձրանալ Հադրութ քաղաքի մոտակայքում գտնվող Խուռհատ սարը և դիրքավորվել այնտեղ։ Հաջորդ օրն առավոտյան Ադրբեջանը հարձակվել էր, գումարտակը՝ ստիպված նահանջել։ Գումարտակի հրամանատար Իշխան Վահանյանը միայնակ էր թողել նորակոչիկներին՝ պատճառաբանելով, թե վիրավոր է։
Իշխան Վահանյանը մեղադրվում է Խուռհատ սարի վրա պատերազմի ժամանակ նորակոչիկներին միայնակ թողնելու և մարտական դիրքերը լքելու մեջ։ Առաջադրված մեղադրանքը նա չի ընդունում։
Գումարտակի մեծ մասը նահանջել է և, չիմանալով հակառակորդի տեղակայման մասին, գնացել դեպի Հադրութ, որի հետևանքով զինծառայողները զոհվել կամ գերեվարվել են։
Հիշեցնենք՝ հանրային մեղադրողը պահանջել է ամբաստանյալ Իշխան Վահանյանին մեղավոր ճանաչել և վերջնական պատիժ նշանակել՝ ազատազրկում 18 տարի ժամկետով:
3 տարուց ավելի տևած դատավարությունն այսօր ավարտվեց։ Դատավոր Ջոն Հայրապետյանը հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։
Այսօրվա դատական նիստին իր վերջին խոսքն ասաց Իշխան Վահանյանը՝ նշելով, որ այս քրեական գործը թերի է, և ինքը պատերազմի ընթացքում իր գործողությունները ճիշտ է կատարել։
Վահանյանը հայտնեց, որ պաշտպանության շրջանի հրամանատար Արթուր Քարամյանից առաջադրանք է ստացել բարձրանալ Խուռհատ սար և անցնել պահպանության։
Ըստ Վահանյանի՝ ինքը հայտնել է, որ անձնակազմը մարտի պատրաստ չի, համալրման կարիք ունի։
«Ինձ ասել է, որ խաղաղություն ա լինելու, հրադադար ա կնքվելու, բարձրանում ենք, ոչ մի բան չի լինելու։ Առավոտյան հակառակորդի գործողություններից հասկացել եմ, որ նստած եմ ոչ թե պահպանության, այլ պաշտպանության»,- ասաց նա։
Վահանյանի խոսքով՝ ինքը զեկուցել է վիրավորների մասին, և նրանք, ըստ կարգի, դուրս են բերվել Խուռհատ սարից։
Իրեն չեն հայտնել հակառակորդի հնարավոր հարձակման ուղղության մասին։
«Եթե իմանային հակառակորդ կա, չեմ մտածում, որ չէին ասի ինձ։ Եթե իմանային, պետք է ասեին հակառակորդի հավանական հարձակման ուղղությունը։ Եթե ստորաբաժանումը մարտի մեջ է մտնում, նշվում է նաև աջակցման ստորաբաժանում, դա էլ չի նշվել։ Հակառակորդի հրետակոծության ժամանակ զեկուցել եմ ավագ պետին, ասել են՝ «համբերի, վիրավորների համար մեքենա ենք ուղարկում»»,- ասաց նա։
Անդրադառանալով զինծառայողների ցուցմունքներին՝ Վահանյանը նշեց, որ այնպիսի տպավորություն է, ասես ուղղորդված լինեն. «Սաղ նույն սցենարով գնում ա»։ Նա ասաց նաև, որ զինծառայողները տարբեր մեքենաների մակնիշներ էին դատարանում հայտնում, որով ինքը վիրավոր ժամանակ հեռացել է, դրանից էլ է ենթադրում, որ զինծառայողներն իրեն չեն տեսել։
«Խնդրում եմ դատարանին ՊՆ հաշվեկշռից հանել պատերազմից հետո գումարտակի հանձնած կապի միջոցերը, բա որ չի եղել, ի՞նչ են հանձնել… Իրական մեղավորները դրսում են։ Եթե էս պատերազմը պիտի մի հոգով սահմանափակվի, ես պրոբլեմ չունեմ, չեմ նեղվում։ Ես իմ գործի մեջ ոչ դասալքություն եմ տեսնում, ոչ էլ՝ անգործություն»,- նշեց Վահանյանը։
Ելույթ ունեցան նաև զոհված զինծառայողների ծնողները։
Գեղամ Ղազարյանը, որի երկու որդիներն էլ զոհվել են պատերազմի ժամանակ, նշեց, որ ցանկացած զինվորական, երբ անցնում է ծառայության, երդվում է։ «Մեր տղերքը իրանց անձը նվիրեցին հայրենիքին, իսկ էս մարդը ոչ պահեց Սահմանադրությունը, ոչ օրենքը, ոչ էլ երեխեքին, փախավ։ Ինքն իր անձը հայրենիքից, երեխեքից, ամեն ինչից վեր դասեց»,- նշեց նա։
Հրանտիկ Հարությունանն էլ ասաց, որ անձամբ իր որդին ոչ մի փամփուշտ կրակած չի եղել, երբ պատերազմը սկսվել է։
«Իմ երեխեն 3 ամիս մնացել ա շրջափակման մեջ՝ հոկտեմբերի 10-ից, ինքը չի հետաքրքրվել»,- ասաց նա՝ Վահանյանի համար խստագույն պատիժ պահանջելով դատարանից։
Դատավոր Ջոն Հայրապետյանը, լսլեով բոլորին, հեռացավ խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու, որը կհրապարակվի վաղը՝ ժամը 17.00-ին։
Մեկնաբանել