Բաքվի դատարանում 30-ից ավելի «տուժողներ» ցուցմունք են տվել, Ռուբեն Վարդանյանը հարցեր է ուղղել նրանց
Հոկտեմբերի 7-ին շարունակվել է Բաքվում ապօրինի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գործի քննությունը՝ նախագահությամբ Բաքվի ռազմական դատարանի դատավոր Զեյնալ Աղաևի։
Դատավարությանը ներկա են լինում միայն ադրբեջանական պետական և իշխանությունների կողմից վերահսկվող լրատվամիջոցները։ Հնարավոր չէ այլ աղբյուրներից ճշտել դատվող հայերին վերագրվող հայտարարություններն ու դատավարության այլ մանրամասները։
Դատական նիստին գործով 30-ից ավելի «տուժողներ» ցուցմունքներ են տվել։ Նրանք իրենց ցուցմունքներում հայտնել են, թե որտեղ և ինչպես են վիրավորում ստացել կամ թե իրենց որդիները որտեղ և ինչ պայմաններում են զոհվել։ Մենք չենք ներկայացնում այդ ցուցմունքները, քանի որ այդ մտացածին պատմություններում Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր և նրանք իբրև թե վիրավորումները ստացել են «սադրանքները» կանխելու ժամանակ։
«Տուժողներից» մի քանիսին Ռուբեն Վարդանյանը հարցրել է, թե ճանաչու՞մ են իրեն, ինչին ի պատասխան՝ հայտնել են, որ անձամբ չեն ճանաչում նրան, սակայն ծանոթ են սոցիալական ցանցերից և լրատվամիջոցներից։
Այնուհետև հրապարակվել են «տուժողների» վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները։
Հաջորդ դատական նիստը նշանակվել է հոկտեմբերի 14-ին։
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի գործն անջատվել է Արցախի՝ Բաքվում ապօրինի պահվող ռազմա-քաղաքական մյուս ղեկավարների գործից և քննվում է առանձին վարույթով։ Նրան առաջադրված է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսով նախատեսվում է մինչև ցմահ ազատազրկում: Ռուբեն Վարդանյանը իր գործով առաջին նիստից առաջ՝ հունվարի 16-ին, ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով ուղերձ էր փոխանցել, որում նշել էր, որ մինչև հիմա իրեն հնարավորություն չի տրվել ծանոթանալու պաշտոնական մեղադրական եզրակացությանը։ Ընդամենը թույլ են տվել թերթել 422 հատորանոց քրեական գործը ադրբեջաներենով, որին ինքը չի տիրապետում, և դրա համար հատկացվել է բավականին կարճ ժամանակահատված։ Նա նաև նշել էր, որ ճնշում է գործադրվել իր, իր փաստաբանի և թարգմանչի վրա, որպեսզի ստիպեն ստորագրել փաստաթղթեր հետին թվով, այդ թվում՝ չկայացած հարցաքննությունների կեղծ արձանագրություններ: Վարդանյանը պահանջում է բաց, հրապարակային դատաքննություն։
Գլխավոր լուսանկարը՝ Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել