HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Ընտանեկան կոնֆլիկտ. երեխաներն ամոթից դպրոց չեն հաճախում

Կոտայքի մարզի բնակիչներ Հ․Ս․-ն և Վ․Մ-ն համատեղ ամուսնության ընթացքում ունեցել են երեք երեխա՝ երկու աղջիկ և մեկ տղա։ Հ․Ս․-ն մինչև 2025 թվականի հունվար ամիսը եղել է կալանավորված։ Կալանքից դուրս գալուց հետո կինը բաժանվել է նրանից՝ ամուսնանալով այլ անձի հետ։ Վ․Մ-ն երկու դստեր հետ հեռացել է տնից, իսկ որդին մնացել է հոր մոտ։ Հետագայում հայրը փոքր դստերը վերցրել է մորից։ Այժմ հոր խնամքին են 14-ամյա դուստրը և 15-ամյա որդին։ Իսկ մայրը 16-ամյա դստեր հետ ապրում է նույն մարզի մեկ այլ համայնքում։ Ընտանեկան վեճերի հետևանքով թիրախում են հայտնվել անչափահաս երեխաները, նրանք զրկվել են կրթություն ստանալու իրավունքից, հայտնվել տիկտոկյան հայհոյախառն տեսանյութերի կիզակետում։

Հ․Ս․-ն անցնում է քրեական գործով և իր նկատմամբ դատարանն այժմ կիրառել է «վարչական հսկողություն» խափանման միջոցը։ Նա մեղադրվում է այն բանի համար, որ ավելի քան 10 տարի Ս.Դ.-ի նկատմամբ բռնության գործադրելով շահագործել է նրան՝ դրդելով մուրացկանության։

Հ․Ս․-ն չի ընդունում մեղադրանքը։ Նա այս գործով որոշ ժամանակ կալանավորված է եղել։ Այդ ընթացքում անչափահաս երեխաները գտնվել են նախկին կնոջ խնամքի տակ։ Կալանքից ազատվելուց հետո սկսվել են անհաշտությունները Հ․Ս․-ի, նրա նախկին կնոջ՝ Վ․Մ-ի և հարևանուհու՝ Մ․Մ․-ի միջև, որը պնդում է՝ Հ․Ս․-ի կալանքի տակ եղած ժամանակ օգնել է վերջինիս ընտանիքին։

Հ․Ս․-ն նախկին կնոջը և հարևանուհուն մեղադրում է մեծ դստերը «վաճառելու» և վատ վարքի դրդելու մեջ։ Իսկ նրանք չեն ընդունում մեղադրանքները։ Մոր խոսքով՝ 16-ամյա աղջիկը դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել՝ ապացուցելու համար, որ մեղադրանքներն անհիմն են, սակայն Հ․Ս․-ն պնդել է, թե կեղծել են այդ փորձաքննության արդյունքները։

Երեխաների ծնողները, հարևանուհին պարբերաբար Ոստիկանության բաժին հաղորդումներ են ներկայացնում միմյանց դեմ։ Բացի այդ՝ Հ․Ս․-ն «Տիկտոկ» սոցիալական ցանցով պարբերաբար տեսանյութեր է նկարում և տարածում՝ նախկին կնոջ, հարևանուհու, ինչպես նաև իր անչափահաս դստեր և Մ․Մ․-ի անչափահաս որդու լուսանկարներով՝ օգտագործելով սեռական բնույթի հայհոյախառն բառեր։

16-ամյա աղջիկը 2023թ․-ին է ավարտել 9-րդ դասարանը։ Նա արդեն երկրորդ տարին է՝ չի շարունակում կրթությունը, ավագ դպրոց կամ որևէ միջին մասնագիտական հաստատություն չի հաճախում։ Մայրը մեզ հետ զրույցում նշեց՝ տեղյակ է, որ Հայաստանում 12-ամյա կրթությունը պարտադիր է, այդ մասին ոստիկաններն էլ են ասել իրեն, սակայն դուստրն ամաչում է դպրոց գնալ հոր վարքագծի պատճառով։ «Իմ աղջկա նկարները ինքը (հայրը) ամբողջ համացանցով մեկ քցել է, տակը գրել է մարմնավաճառ։ Իմ էրեխեն մի քանի օր առաջ իրա հոր արարքի համար փորձել է ինքնասպանություն գործի։ Տնից դուրս էր եկել, մինչև գիշերը ժամը 3-ը ոստիկանների հետ իրեն էինք ման գալիս։ Պատկերացնու՞մ եք, ինքը գնա, ինչ-որ մի տեղ սովորի։ Ամբողջ քաղաքում իրեն արդեն մատնացույց են անում, ո՞նց կգնա էդ երեխեն սովորելու»,- ասում է մայրը։

16-ամյա աղջիկը դպրոց չի հաճախում, բայց աշխատում է։ Մայրն ասում է՝ մեքենայով տանում են, մեքենայով՝ բերում։ Մեր հարցին, թե գուցե նույն կերպ դպրոց գնա՞, մայրն արձագանքեց՝ 33 հոգու մեջ գնա՞։

Հ․Ս․-ի խնամքի տակ մնացած երկու երեխաներից 15-ամյա որդին ևս նախորդ ուսումնական տարվա հունվար ամսից  դպրոց չի հաճախում, իսկ 14-ամյա դուստրը հաճախակի է բացակայում։

Համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության մարմնի քարտուղար Աննա Սահրատյանը մեզ հայտնեց, որ երեխայի դպրոց չհաճախելու վերաբերյալ տեղեկություն ստացել են 2025թ. մարտ ամսին։ Ըստ Աննա Սարհատյանի՝ դպրոցից գրություն ստանալուց հետո համայնքապետարանի խնամակալության հանձնաժողովը տնայց է կատարել, սակայն դուռը չեն բացել, ինչից հետո Աննա Սահրատյանը զանգել է Հ․Ս․-ին։ «Ինքն ասեց` դուք ո՞վ եք, որ զբաղվեք, դուք իրավունք չունեք գալ մեր տուն։ Ես ասացի, որ որպես խնամակալության հանձնաժողով՝ պարտավոր ենք մենք գալ և հասկանալ»,- պատմում է Աննա Սահրատյանը։

Երեխաների հայրը հայտնել է, որ ինքն աշխատում է «Յանդեքս» ընկերությունում որպես վարորդ, նաև վարչական հսկողության տակ է, ուստի տուն է վերադառնում երեկոյան ժամը 20։00-ին։ 

Խնամակալության հանձնաժողովի անդամները ևս մեկ անգամ են գնացել տնայցի՝ 20։00-ից հետո, սակայն հայրը կրկին խոչընդոտել է նրանց աշխատանքը՝ չթողնելով տուն մտնել։ Համայնքապետարանի աշխատակիցներն այդ դեպքից հետո դիմել են Ոստիկանություն։ Եվս մեկ անգամ տնայց են իրականացրել համայնքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների ուղեկցությամբ։ «Ինքը բակում կանգնած էր և ընդհանրապես էլի թույլ չտվեց մտնել տուն։ Ասաց՝ ինձ համար կապ չունի` ովքեր եք եկել, ինչի եք եկել, էս ոստիկաններին քցել, հետևներիցդ բերել եք, ես թույլ չեմ տալու, ո՞վ եք դուք, որ եկել եք։ Մեզ սկսեց նկարել, ասաց՝ ձեզ գցելու եմ չգիտեմ որտեղ»,- պատմում է Աննա Սահրատյանը։

Բազմաթիվ փորձերից հետո Հ․Ս․-ն ի վերջո համաձայնել է տնայց կատարելուն, սակայն պայմանով, որ Աննա Սահրատյանը միայնակ գնա իր տուն։ «Գնացի նրանց տուն, հետո տղայի հետ էլ առանձին խոսեցի։ Տղան ասաց, որ ես իմ մամայի վարքի պատճառով դպրոց չեմ գնում։ Հետո, որ  Հ․Ս․-ին բացատրեցի, որ սա ճիշտ չէ, երեխան կրթությունից դուրս է մնում, Դուք իրավունք չունեք երեխային կրթությունից դուրս թողնել, ինքը խոստացավ, որ սեպտեմբեր ամսից երեխային դպրոց է ուղարկելու։ Դա հունիս ամիսն էր»,- պատմում է Աննա Սահրատյանը։

Սակայն, երեխաների հայրը խոստումը չի կատարել և սեպտեմբերին որդուն դպրոց չի ուղարկել, իսկ աղջկան երբեմն ուղարկել է, երբեմն՝ ոչ։  

Մենք զանգեցինք Հ․Ս․-ին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու երեխային դպրոց չի ուղարկում և թե ինչու է հայհոյախառն բառապաշարով տիկտոկյան տեսանյութեր նկարում՝ օգտագործելով անչափահաս երեխաների լուսանկարները։ Նա ասաց, որ շատ էր սպասել, որ լրագրողները կզանգեն իրեն։ Մեզ հետ զրույցում նա իր նախկին կնոջը մեղադրեց վատ վարքի մեջ, նախկին կնոջը և հարևանուհուն մեղադրեց իրեն թալանելու մեջ, մեծ աղջկան վատ վարքի դրդելու մեջ և մոր գործողությունների հետևանքով՝ անչափահաս երեխաների անունը պախարակելու մեջ։

«Դպրոցի տնօրենը լավնա, տիկին Սարգսյանը շատ լավ կնիկ ա, դասատուներն էլ նորմալ մարդիկ են, ես իրանց դեմ էլ բան չունեմ։ Էս երեխեն ուղղակի դուխաթափ եղած ա, խայտառակված»,- ասում է Հ․Ս․-ն։ Նա նշում է, որ հնարավորություն չունի այլ դպրոց տանելու երեխաներին։ «Երկու անչափահաս էրեխուն քցել եք վրես, փարոսից, նպաստից կտրել եք։ Էդ երկու էրեխուն, ես մի տղամարդ հալով լվացք եմ անում, ճաշ եմ եփում, հելնում աշխատում եմ։ Վրես տուգանքա, որ ղրգում եք, ակտա, որ ղրգում եք, ձե՞ռ եք առնում ընձի, չեմ հասկանում։ Ուզում եք վերջնական բենզինը լցնեմ վրես, վառվեմ, որ խայտառակվե՞ք դուք»,- ասաց Հ․Ս․-ն։ 

Նա նշեց, որ տիկտոկյան վիդեոներն էլ նկարում և տեղադրում է, որ «խայտառակի» նախկին կնոջն ու հարևանուհուն, և «բացահայտվեն» նրանց գործողությունները, և որ իրենից հեռու մնան։ Հ․Ս․-ն նշեց, որ նրանք էլ իր և իր տղայի նկարներով են տեսանյութեր նկարում և հրապարակում «Տիկտոկ» սոցիալական ցանցում։ Իսկ նախկին կինը և հարևանուհին հերքեցին մեղադրանքը՝ նշելով, որ եթե նման բան եղել է, ապա Հ․Ս․-ն է արել՝ մեղքը իրենց վրա գցելու համար։

Հարևանուհին մեզ  հետ զրույցում  իր զայրույթն արտահայտեց հարևանի՝ Հ․Ս․-ի նկատմամբ։ Հարևանուհու խոսքով՝ իր տղան վախենում էր գնալ դպրոց, տնից դուրս գալ, քանի որ Հ․Ս․-ն հանգիստ չի տալիս իրենց, նույնիսկ «սպառնում է»։ Մ․Մ-ի խոսքով՝ վերջերս էլ իր տան ապակիներն են կոտրել։ Նա պատմում է՝ մղձավանջի է վերածվել իրենց կյանքը, քանի որ «Տիկտոկ» սոցիալական ցանցով իր և իր անչափահաս որդու լուսանկարներով պարբերաբար տեսանյութեր է տարածում Հ․Ս․-ն՝ զրպարտելով և հոյհոյելով իրեն։ Հ․Ս․-ի վարքագծի պատճառով հարևանուհին որդուն հանել է դպրոցից՝ տանելով նույն մարզի մեկ այլ համայնքի դպրոցներից մեկը։

Երկու կողմերն էլ, չնայած պարբերաբար Ոստիկանություն հաղորդումներ են ներկայացնում, իրավապահներից դժգոհ են, նրանց կարծիքով՝ համապատասխան արձագանք չեն ստանում իրենց հաղորդումները։

Մենք հարցրել էինք ՆԳՆ ոստիկանությանը, թե արդյոք տեղյա՞կ են, որ անչափահաս երեխաները դպրոց չեն հաճախում և արդյոք տեսե՞լ են անչափահասների լուսանկարներով տիկտոկյան տեսանյութերը, որոնք հայհոյանքներ են պարունակում։ Ոստիկանության հարցմանը կից  ուղարկել էինք նաև համապատասխան տիկտոկյան էջերը, որտեղ անչափահասների լուսանկարների օգտագործմամբ  տեսանյութերն էին տեղադրվել։

Չնայած  հանգամանքին, որ ուղարկել էինք տիկտոկյան էջերը՝ Ոստիկանությունն այդ հարցի առնչությամբ նշել է․ «Հ. Ս.-ի՝ «ՏիկՏոկ» սոցիալական կայքի էջում հայհոյախառն արտահայտություններով տեսանյութեր տարածելու՝ նախկին կնոջ հետ բնակվող դստեր, հարևանի անչափահաս տղայի և այլ անձանց նկարներով և իր հետ համատեղ բնակվող երեխաներին օգտագործելու այդ տեսանյութերը ստեղծելու և տարածելու վերաբերյալ Ոստիկանությունում տեղեկություններ չեն ստացվել»։

Ոստիկանությունը հայտնեց, որ երկու ծնողներն էլ՝ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձինք, վերցվել են կանխարգելիչ հաշվառման։ 

Մասնավորապես, Հ․Ս․-ն 2025 թվականի մայիսի 16-ին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախկին կին Վ.Մ.-ն 2024 թվականի ամռանն ավելով ծեծի է ենթարկել որդուն՝ Տ. Ս.-ին։ Նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ այդ ժամանակ գտնվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում և միջադեպի վերաբերյալ հետո է տեղեկացել։

Վ. Մ.-ի նկատմամբ կայացվել է նախազգուշացում կիրառելու վերաբերյալ որոշում և 2025 թվականի մայիսի 23-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի կողմից վերջինս՝ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ, վերցվել է կանխարգելիչ հաշվառման։ Նախապատրաստված նյութերն ուղարկվել են  ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին՝ որտեղ Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը։  

Վ․Մ․-ն էլ 2025 թվականի հունիսին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նախկին ամուսինը «ՏիկՏոկ» սոցիալական կայքում իր անվամբ գրանցված էջում տեղադրել է իր զուգընկերոջ՝ Ա. Փ.-ի, վերջինիս մոր և հոր, ինչպես նաև հարևանուհու լուսանկարները՝ անբարո գրառումներով և հայտարարություններով, որի պատճառով էլ  Վ․Մ․-ն փորձել է ինքնասպան լինել՝  կամրջից իրեն ցած նետելու միջոցով, սակայն դստեր՝ Ա. Ս.-ի խնդրանքով չի դիմել նման քայլի։ Հ․Ս․-ի նկատմամբ կայացվել է անհետաձգելի միջամտություն կիրառելու վերաբերյալ որոշում և 2025 թվականի հունիսի 9-ին ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի կողմից վերջինս՝ որպես ընտանիքում բռնություն գործադրած անձ, վերցվել է կանխարգելիչ հաշվառման։ 

Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին՝ որտեղ ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթը։  

Քանի որ Հ․Ս․-ն շարունակում է որդուն չուղարկել դպրոց, հոկտեմբերի 1-ին համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինը նիստ է հրավիրել՝ այդ հարցը քննարկելու համար։ Աննա Սահրատյանը մեզ հայտեց, որ թեև ծանուցվել են երեխայի թե՛ հայրը, թե՛ մայրը, երկուսն էլ ներկա չեն եղել նիստին։ Նա նշեց՝ որոշել են, որ Ոստիկանությունը համապատասխան միջոցներ կիրառի։ Հարցին, թե ինչ միջոցների մասին է խոսքը, արդյոք  սահմանափակելու են երեխաների նկատմամբ հոր իրավունքները, նա չհստակեցրեց՝ նշելով, որ այդ գործողություններն ընթացքի մեջ են, չի կարող մանրամասներ նշել։

Իսկ ինչ վերաբերում է երեխաներին ընտանիքից հանելուն, Աննա Սահրատյանն ասաց, որ այդ գործողությունը չի կարող միանգամից տեղի ունենալ։ «Կրթությունից դուրս մնալու ընթացքը մի օրվա, երկու օրվա չէ։ Ոստիկանությանն էլ 1 տարի ժամանակ է տրվում, որ հետևողական աշխատանք կատարի ու դրա հիման վրա որոշակի գործողություններ անի։ Բայց քանի որ 1 տարի չի լրացել ու ընտանիքը խնդրահարույց է, գործողություններն ավելի վաղ կկիրառվեն»,- ասաց նա՝ նշելով, որ հետագայում կտեղեկացնի, թե ինչ զարգացումներ կան։ 

Խնամակալության և հոգաբարձության մարմնի քարտուղարն ասաց, որ երեխաների մայրը չի միջամտում այս խնդրին․ «Ինքն ասում է՝ եթե հայրը պահում է, թող ինքն էլ մտածի էդ մասին։ Երեխաները մոր հետ կապ չունեն»,- նշեց Աննա Սահրատյանը։

Երեխաների մայրը մեզ հետ զրույցում ասաց՝ մի քանի անգամ փորձել է երեխաների հետ խոսել, հայրը հեռախոսը չի փոխանցել նրանց։ Նա տեղյակ է, որ որդին դպրոց չի հաճախում, իսկ աղջիկը՝ բացակայություններով։ Նա մեղադրեց պատասխանատու մարմիններին, թե ինչու են թույլ տալիս՝ անչափահաս երեխաները Հ․Ս․-ի խնամքի տակ մնան։ Մայրը տեղյակ էր նաև Խնամակալության և հոգաբարձության մարմնի նիստի մասին, սակայն նշեց՝ Հ․Ս․-ի ներկայացրած հաղորդումների պատճառով Ոստիկանության բաժանմունքում է եղել, չի կարողացել ներկա գտնվել։ Նախորդ նիստերին ևս ներկա չի եղել, քանի որ մտածել է՝ նախկին ամուսինն էլ այնտեղ կլինի։

Նրա խոսքով՝ իր խնամքի տակ եղած ժամանակ երեխաները նորմալ հաճախել են դպրոց։ Իսկ ինչ վերաբերում է որդուն  ծեծի ենթարկելուն, մայրն ասաց, որ նման բան չի եղել․ «Անգամ եթե ես իմ քէրեխուն դասի չգնալու կամ չարություն անելու համար տուտուզին խփեմ, դա ծեծ չի համարվում»,- նշեց մայրը՝ հավելելով, որ հայրը երկու երեխաներին այնպես է տրամադրել, թե ինքը և երեխաների մեծ քույրը անբարոյական են։

Մեր հարցմանն ուղղված պատասխանում Ոստիկանությունը նշել է, որ Հ․Ս․-ն և իր անչափահաս երեխաները գտնվում են  ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի ուշադրության կենտրոնում, որի շրջանակներում համագործակցություն է իրականացվում  համայնքապետարանի և Խնամակալության և հոգաբարձության մարմնի հետ։ 

«Միաժամանակ հայտնում ենք, որ Հ․Ս․-ի որդի Տ. Ս.-ն ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի թիվ 893-Ն որոշման 19-րդ կետի 4-րդ ենթակետի (Հաշվառում և անհատական կանխարգելիչ աշխատանքներ են իրականացվում  մանկավարժական խորհրդի համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսուցումից 120 և ավելի ժամաքանակ դասեր անհարգելի բաց թողած անչափահասի նկատմամբ) համաձայն՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնի կողմից 2025 թվականի մայիսի 16-ին վերցվել է պրոֆիլակտիկ հաշվառման»,- ասված է ՆԳՆ ոստիկանության պատասխանում։

«Առաքելություն Հայաստան» ՀԿ-ի փոխնախագահ Ալլա Հարությունյանը «Հետքի» հետ զրույցում ասաց՝ իր կարծիքով այն հանգամանքը, որ հայրը պախարակում է դստեր անունը սոցիալական ցանցերով, որդուն զրկում է կրթության իրավունքից, բավարար հիմք է ծնողական իրավունքից զրկելու համար։ Սակայն, Ալլա Հարությունյանը նշում է, որ պետությունն այդ քայլին գնում է ծայրահեղ դեպքերում, և գործընթացը բավականին երկար է տևում։ «Կարող են նաև երեխային ժամանակավոր տանել Ճգնաժամային կենտրոն՝ առանց զրկելու ծնողական իրավունքից, շարունակեն ծնողի հետ աշխատել, և եթե դա արդյունք տա, որոշ ժամանակ անց վերադարձնեն երեխաներին»,- ասաց Ալլա Հարությունյանը։

Նա նշեց, որ իրենց կազմակերպությունը շատ է առնչվում նման պատմությունների, և այդ պատմությունները հիմնականում լինում են շատ բազմաշերտ։ Ալլա Հարությունյանի խոսքով՝ «Տիկտոկ» սոցիալական հարթակը դարձել է պարարտ միջավայր՝ նման պատմությունների զարգացման համար։ «Ես մտածում եմ, որ պետք է պրոպագանդա անել՝ «Տիկտոկը» փակելու համար, որովհետև և՛ թմրանյութերը, և՛ երեխաների շահագործման, բռնության դեպքերը հիմնականում «Տիկտոկում» են»,- ասաց նա։

Գլխավոր նկարը՝ Սյուզաննա Օհանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter