HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու է Դատախազությունը թաքցնում վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի վերաբերյալ տեղեկությունները

Վերջին ամիսներին տեղեկություններ էինք ստանում, որ քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը գործում է խափանումներով։ Համակարգի վատ աշխատանքի հետևանքով նախաքննական նյութերը երբեմն կազմվում են թղթային տարբերակով։ Հերթական խափանման պատճառով արդեն 10 օրից ավելի Քննչական կոմիտեի քննիչները չեն կարողանում օգտվել համակարգից:

էլեկտրոնային համակարգը էլեկտրոնային փաստաթղթերի նախապատրաստման, առաքման, ստացման, պահպանման կամ այլ տիպի ապարատածրագրային մշակման միասնական տեղեկատվական համակարգ է: Այն պետք է հնարավորություն տար հանցանքի մասին պատշաճ հաղորդում ստանալու պահից ավտոմատացնել վարույթի հանրային մասնակիցների կողմից իրենց իրավասության սահմաններում իրականացվող ընթացակարգերը և էլեկտրոնային եղանակով ամրագրել քրեական վարույթը նախաձեռնելուց ի վեր պատշաճ հավաքված ու ստացված փաստաթղթերն ու այլ նյութերը: Այսինքն՝ քրեական գործերով մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման e-criminal case համակարգը հնարավորություն պետք է տար անհրաժեշտ փաստաթղթաշրջանառությունն իրականացնել էլեկտրոնային եղանակով: 

Համակարգի ներդրմամբ քրեական գործերի քննության ընթացքում պետք է նվազեցվեին սխալները, քրեական գործերը քննվեին առավել արագ և արդյունավետ, ինչպես նաև՝ նվազ ծախսատար եղանակով։ Այս համակարգի ներդրումով կհեշտանար նաև  քրեական վարույթների քննության ընթացքում ապացույցների ձեռքբերումը։ Համակարգը պլանավորված էր գործարկել 2023թ․ 4-րդ եռամսյակում։  

Դեռևս 2022թ. հունիսին Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման էր ներկայացրել «Մինչդատական վարույթում էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ: Հիմնավորումն այն էր, որ որոշման ընդունումը պայմանավորված է Քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունմամբ, ըստ որի՝ էլեկտրոնային համակարգի շահագործման և անվտանգության կանոնները սահմանում է Կառավարությունը:

Նախագծով էլեկտրոնային համակարգի օգտատերերի փոխհամագործակցությունը համակարգող մարմին էր նշվել Դատախազությունը, որը պետք է իրականացներ նաև էլեկտրոնային համակարգի ներդրումը, շահագործումը, սպասարկումն ու հետագա զարգացումը: Բացի այդ, էլեկտրոնային համակարգ օգտատերերի մուտքի իրավունքների տրամադրումը, նրանց ուսուցումը, ինչպես նաև այդ աշխատանքների վերլուծության իրականացումը նույնպես լիազորվել էր Դատախազությանը:  Այստեղ մասնակցություն պետք է ունենար նաև Քննչական կոմիտեն:

Քննչական կոմիտեից հետաքրքրվեցինք, թե ինչպես է աշխատում մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը: Կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը փոխանցեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով արդեն 10 օրից ավելի համակարգը չի աշխատում: 

Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն էլ ասաց, որ իրենց մոտ էլեկտրոնային համակարգն այս պահին չի գործում։

Նշենք, որ 2021թ. հունիսի 30-ին ընդունված Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված են էլեկտրոնային քրեական վարույթի կամ էլեկտրոնային քրեական գործի կարգավորումներ: Օրինակ՝ էլեկտրոնային եղանակով ամրագրված քրեական վարույթի նյութերը պահվում են էլեկտրոնային համակարգում, իսկ համակարգչային եղանակով կամ ձեռագիր պատրաստված փաստաթղթերը՝ նաև թղթային տարբերակով: 2021թ. ընդունված Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է էլեկտրոնային քրեական գործերի վարույթ։ Նյութերը պահվում են էլեկտրոնային համակարգում, փաստաթղթերը՝ նաև թղթային տարբերակով։ Առարկաների ու այլ նյութերի  լուսանկարները նույնպես ներբեռնվում են համակարգ։

Որպեսզի հասկանանք՝ ինչ խնդիրներ ունի համակարգը, որ ընկերությունն է այն ստեղծել, ունի արդյոք այդ ընկերությունը համակարգը ընթացիկ սպասարկելու պարտավորություն, մենք գրավոր հարցում ուղարկեցինք Գլխավոր դատախազություն։

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին ուղղված մեր հարցմամբ խնդրել էինք տրամադրել համակարգի ձեռք բերման նպատակով կազմակերպված մրցույթում հաղթած մասնակցի հետ կնքված պայմանագիրը և դրան կից հավելվածները։

Հարցումը ուղարկել էինք 2025թ. հուլիսի 14-ին։ Դատախազությունը մեր հարցմանը պատասխանեց սեպտեմբերի 22-ին, հարցումը ստանալուց 2 ամիս և 8 օր անց։

Երկու ամիս ուշացնելուց հետո Դատախազությունը չտրամադրեց մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման նպատակով կնքված պայմանագրի պատճենը։

«Ի պատասխան Ձեր՝ 2025 թվականի հուլիսի 14-ի հարցման՝ հայտնում ենք, որ Քրեական դատավարության օրենսգրքի փոփոխություններով պայմանավորված՝ ներկայում մեկնարկել է «Մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգ»-ը  նոր մոդուլներով համալրելու նպատակով համապատասխան ծառայություններ ձեռք բերելու գործընթացը, որի արդյունքներն ամփոփելուց հետո կտրամադրվի Ձեզ»,- նշված է  պատասխանում։

Կարող ենք ենթադրել, թե ինչու Դատախազությունը տեղեկատվություն չի տրամադրում: Վերջին տարիներին իրավապահ մարմիններում և դատարաններում լայն թափով ներդրվող էլեկտրոնային համակարգերի ներդրումը կա՛մ տապալվել է, կա՛մ լուրջ դժվարություններով, հավելյալ ֆինանսական միջոցների ներգրավմամբ է կյանքի կոչվել: Գրել էինք, որ Արդարադատության նախարարությունը 2021թ. հունիսի 15-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի հետ։ Պայմանագրով նախատեսվում էր մշակել սնանկության էլեկտրոնային համակարգ։ 172 մլն 800 հազար դրամ գումարը վճարվել է, սակայն համակարգը չի գործում: «Հետք»-ի հրապարակումից հետո նախաձեռնվել է քրեական վարույթ:

Անդրադարձել ենք նաև Վարչական դատարանի էլեկտրոնային մոդուլի ստեղծմանը: Այդ նպատակով Արդարադատության նախարարությունը 2023թ. հունիսի 22-ին պայմանագիր է կնքել «Հարմոնիա տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության զարգացման հիմնադրամի» հետ՝ 240 մլն դրամ պայմանագրային գնով։ Որպեսզի Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը, ի վերջո, աշխատի, Արդարադատության նախարարությունը փոփոխություններ է արել տեխնիկական առաջադրանքում, և աշխատանքի ծավալն ավելացրել է 15%-ով։ Պատճառն այն էր, որ Վարչական դատարանի էլեկտրոնային համակարգը չէր կարողանում սահուն աշխատել «CAST» համակարգի հետ։ Նախարարությունից պարզաբանել էին, որ «CAST»-ը հնացած է, իսկ այն ստեղծած «Մեյսիս ինֆորմեյշն սիսթեմս» ընկերությունը հրաժարվում է տրամադրել անհրաժեշտ API-ները, որոնք թույլ կտային ապահովել երկու համակարգերի սահուն փոխգործելիությունը։

Ստեղծվեց «CAST-ից անկախ համակարգ և 2025թ. օգոստոսի 25-ից սկսած՝ Վարչական դատարան ներկայացվող նոր դատական գործերով բոլոր դատավարական փաստաթղթերը՝ հայցադիմում, հակընդդեմ հայց, դիմում, բողոք, պատասխան, առարկություն, դիրքորոշում, միջնորդություն և այլն, կազմվում և ներկայացվում են Էլեկտրոնային համակարգի միջոցով:

Հավանաբար, մինչդատական վարույթի էլեկտրոնային կառավարման համակարգը ևս նման ճակատագրի է արժանանում, ինչի պատճառով էլ Դատախազությունը խուսափում է տեղեկություններ տրամադրելուց:

Գլխավոր նկարը՝ Սյուզաննա Օհանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter