HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Հանրային քննարկման է դրվել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգի վերաբերյալ նախագիծը

Սեպտեմբերի 11-ին Կառավարության որոշման նախագծով սահմանվեց, որ նոյեմբերի 1-ից ուժի մեջ կմտնի նոր սահմանային նշանը, որտեղ արդեն չի լինի Արարատ լեռան պատկերը։

Ըստ հիմնավորման՝ այս որոշմամբ առաջարկվում էր շտկել մի շարք ներքին հակասություններ, խմբագրական թերություններ և կատարել տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ Հայաստանի պետական սահմանը հատող անձանց անձնագրերում կամ դրանց փոխարինող փաստաթղթերում սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց կողմից կատարվող նշումներում:

Այս փոփոխությունը մի շարք քննարկումների պատճառ դարձավ։ Իշխանության ներկայացուցիչները նշում էին, որ Արարատ լեռան նկարը հանելը կոնկրետություն է տալիս, Հայաստանի դրոշմակնիքը պետք է արտահայտի Հայաստան պետությանը վերաբերող սիմվոլիզմը, պետական սիմվոլները և զերծ լինի էմոցիոնալ, հուզական սիմվոլներից։ Ընդդիմության կարծիքով էլ՝ իշխանությանը պարտադրել են Արարատ լեռը հանել կնիքի վրայից, բայց այն հարևաններից ոչ մի տարածքային պահանջ չի ենթադրում։

Սրանից օրեր անց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել որոշման նախագիծ, որով առաջարկվում է հաստատել «Իրական Հայաստանի գեղագիտության տեղորոշման և աջակցության» հայեցակարգը։

Ըստ նախագծի հիմնավորման՝ դրա ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացումն ու պետականության ամրապնդումը պետք է հիմնվի նաև Հայաստանի Հանրապետության բովանդակության արտահայտման և դրսևորման գեղագիտական ձևերի վրա, որոնց հստակ ձևակերպումը և այդ ձևերի խրախուսման քաղաքականությունը բացակայում են։

Նախագծում նշված է, որ հայրենիքի և պետության նույնականացումն ու նույնացումը՝ երկրի ճանաչողության միջոցով խաղաղությանն ուղղված ուղիղ քայլ է։

Այնուհետև նախագծում անդրադարձ է կատարվում Արագած լեռանը.

«Հայրենիքի և պետության նույնացման քաղաքականությունը պետք է դառնա առաջին հերթին կրթական և հետազոտական բովանդակություն և շեշտադրում, այնուհետև իր դրսևորումն ունենա մեդիարտադրանքի, արվեստային տարբեր ձևերի միջոցով։ Սրա վառ օրինակը թերևս Արագածի թեմայի շուրջ ծավալված հանրային խոսույթում սեփական երկրի ներսում գտնվող բնապատկերներին ու լեռներին հայացքն ուղղելն էր։ Մեր սարերի պաստառային ցուցադրությունը, որ իրականացվեց 2023 թվականին, դարձավ այդ բովանդակությունը տեսանելի դարձնելու արվեստային ձևերից մեկը։ Սա պետք է դառնա ոչ թե առանձին միջոցառում, այլ քաղաքականություն՝ շարունակվելով տարաբնույթ հաղորդաշարերով, ցուցադրություններով, որոնց առանցքում Հայաստանի Հանրապետության բնապատկերներն են, լեռներն են, լճերն են, բնակավայրերն են, մարդիկ են»,- նշված է նախագծում։

Այնուհետև անդրադառնալով «Իրական Հայաստանի» գեղագիտության տեղորոշմանն ու հետագա աջակցությանը, նշվում է, որ այն կարող է տեղի ունենալ այն պարագայում, երբ հստակ և միանշանակ է Իրական Հայաստանը՝ որպես քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգևոր և հոգեբանական տարածություն։

Ըստ նախագծի՝ հիմնական խնդիրներն առաջ են գալիս Իրական Հայաստանի գեղագիտական տարածության մասով, որը կարող է ներկայացվել մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական շերտերով։ Իրական Հայաստանի գեղագիտությունն, ըստ էության, նկարագրված չէ, ավելին՝ այն, ինչ ներկայացվում կամ օգտագործվում է իբրև Հայաստանի մշակութային, սոցիալական, հոգևոր և հոգեբանական նկարագիր՝

  • հաճախ հակոտնյա է Իրական Հայաստանի գաղափարին,
  • կամ ենթադրում է Իրական Հայաստանի չգոյություն,
  • կամ դիտում է Իրական Հայաստանը իբրև ժամանակավոր ու պարտադրված հանգրվան,
  • կամ առնվազն օտար է Իրական Հայաստանի բովանդակությանը,
  • կամ իմաստավորված չէ Իրական Հայաստանի առկայությամբ,
  • չի արտահայտում իրական կյանքը Իրական Հայաստանում։

«Իրական Հայաստանի գեղագիտության հիմնական մոտեցումը կարելի է ձևակերպել հետևյալ կերպ՝ հայացք դեպի ներս, որ օգնում է արդյունավետ հարաբերվել դրսի հետ»,- ասված է նածագծում։

Նախագծում առանձնացվում է երկու խնդիր՝ որ գաղափարների շուրջ պետք է կառուցվի Իրական Հայաստանի գեղագիտությունը, ինչ պետք է արտահայտի, և ինչպես պետք է դրսևորվի, ներկայացվի և տարածվի Իրական Հայաստանի գեղագիտությունը։

Ըստ նախագծի՝ այն գաղափարները պետք է ընկած լինեն Իրական Հայաստանի գեղագիտության հիմքում, որոնք նպաստում են Հայաստանի զարգացմանը, պետական շահերի իրացմանն ու պետության ներսում անհատի արժանապատիվ, անվտանգ, բարեկեցիկ կյանքին։ Առավել մանրամասն պատասխանը ենթադրում է հետևյալ հիմնական գաղափարների շուրջ Իրական Հայաստանի գեղագիտության կառուցում․

  • խաղաղություն,
  • հայրենիքի և պետության նույնացում՝ հայրենաճանաչության կամ սեփական երկիրը ճանաչելու միջոցով,
  • արդարություն, ազատություն, բարեկեցություն, անվտանգություն, ինչպես անհատական, այնպես էլ հանրային եւ պետական մակարդակներում,
  • հանրային պատասխանատվություն, նախաձեռնողականություն և մասնակցություն,
  • հանրային խոսույթում, արվեստում և մշակույթում փակ կամ տաբուացված թեմաների բացակայություն․ բոլոր խնդիրների շուրջ խոսակցության միջավայրի և հնարավորությունների ստեղծում,
  • անընդհատ (ինքնա)կրթություն և ստեղծագործ աշխատանք,
  • գեղագիտության միջավայրայնացում, որը պետք է հնարավորություն տա նյութականացնել Իրական Հայաստանի գեղագիտությունը հանրային համակեցության մակարդակում, այն տրամաբանությամբ, որ այն պետք է արտահայտվի ոչ միայն բեմերում եւ արվեստի ստեղծագործություններում, այլեւ քաղաքաշինական միջավայրում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter