
Ռուսական անօդաչուները ներխուժել են Լեհաստանի օդային տարածք. Վարշավան խոցել է մի քանիսը
Սեպտեմբերի 10-ի գիշերը, երբ Ռուսաստանը զանգվածային հարձակում էր իրականացնում Ուկրաինայի արևմտյան հատվածների ուղղությամբ, Լեհաստանը իր օդային տարածքում խոցել է ռուսական մի քանի անօդաչու։ Լեհական զինված ուժերը տեղի ունեցածն անվանել են «ագրեսիայի գործողություն», իսկ վարչապետ Դոնալդ Տուսկը կառավարության արտահերթ խորհրդակցություն է հրավիրել։
BBC-ն, հղում անելով Լեհաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությանը, գրում է, որ ռուսական հարձակման ժամանակ անօդաչուները բազմիցս խախտել են Լեհաստանի օդային սահմանը։
Ռադարները գրանցել են ավելի քան 10 օբյեկտ ու ինչպես նշում է լեհական պաշտպանական գերատեսչությունը, «բոլոր նրանք, որոնք սպառնալիք էին հանդիսանում, խոցվել են»։
«Որոշ անօդաչուներ, որոնք մտել էին մեր օդային տարածք, խոցվել են։ Շարունակվում են որոնումներն ու դրանց ընկնելու հնարավոր վայրերի բացահայտման աշխատանքները»,- ասված է Լեհաստանի զինված ուժերի տարածած հաղորդագրության մեջ։ Լեհաստանի ԶՈւ գլխավոր հրամանատարությունը հավելել է, որ «սա ագրեսիայի գործողություն է, որը ռեալ սպառնալիք էր ներկայացնում Լեհաստանի քաղաքացիների անվտանգությանը»։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ շարունակվում են գործողություններն ու ինքը մշտական շփման մեջ է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Վարշավայում արդեն իսկ մեկնարկել է կառավարության արտահերթ նիստը։
Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել տեղի ունեցածը։ Վարշավայի միջազգային օդանավակայանը վերսկսել է իր աշխատանքը։
CNN-ի տվյալներով՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն տեղեկացվել է իրավիճակի մասին։ Ամերիկացի կոնգրեսականները Թրամփին կոչ են անում գործուն քայլեր ձեռնարկել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեհաստանը հայտարարել էր, որ հինգշաբթի օրվանից ժամանակավորապես կփակի Բելառուսի հետ սահմանը՝ այնտեղ կայանալիք ռուս-բելառուսական համատեղ զորավարժությունների պատճառով։
Լուսանկարում՝ Լեհաստանի ԶՈւ F-16 կործանիչը/Jakub Kaczmarczyk/EPA
Մեկնաբանել